Երեկվանից հայ հասարակությունը դարձյալ ականատես է լինում առանց որևէ հիմքի Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ հերթական ոտնձգությանն ու հայկական իշխանությունների հանձնողական քաղաքականությանը:
Երեկ տեղեկություն տարածվեց, որ Հայաստանի արևելյան հատվածում ադրբեջանական զինված ուժերը նոր դիրքեր են գրավել: Տելեգրամյան ալիքներում տարածվում էին նաև տեսանյութեր, որոնք ցույց էին տալիս, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները քայլելով գրավում հայկական դիրքերn ու հայ զինծառայողներից պահանջում դուրս գալ դիրքերով:
Պաշտպանության նախարարությունը երկար ձգձգումից հետո հաղորդագրություն տարածեց, որով հայտնում էր, որ «ժամը 19։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, որտեղ այսօր ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել էին դիրքային առաջխաղացում ապահովել, հարաբերականորեն կայունացել է, կրակոցներ չկան։ Ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման նպատակով։ Հայկական կողմից տուժածներ չկան»:
Գերատեսչությունը պնդում էր, որ «սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈՒ զրահատեխնիկա է մտել՝ չեն համապատասխանում իրականությանը»:
Այնինչ, արդեն այսօր ՀՀ Անվտանգության խորհուրդը հայտարարություն տարածեց, որը ոչ միայն հակասություններ է պարունակում ՊՆ հաղորդագրության հետ համեմատած, այլ նաև հերքում է հենց ՊՆ-ին: Պետք է նշել, որ ՊՆ-ն խուսափել է միջադեպի կոնկրետ ժամանակահատված նշել, ինչպես ԱԽ հայտարարության մեջ է:
Օրինակ, պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ հատուկ շեշտվում է, որ հայկական տարածք ադրբեջանական ԶՈՒ զրահատեխնիկա չի մտել: Իսկ ԱԽ հայտարարության մեջ ադրբեջանական զինված ուժերի հետ համատեղ զրահատեխնիկայի աջակցությունը շեշտվում է ոչ մեկ անգամ: Ստացվում է` ՊՆ-ն ստել է:
Հաջորդ օրինակը վերաբերում է ադրբեջանական զինուժի «հաջողություններին»:
Պաշտպանության նախարարությունը գրում է, որ «ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել էին դիրքային առաջխաղացում ապահովել», այնինչ ԱԽ հայտարարության մեջ կոնկրետ նշվում է ադրբեջանցիների գործողությունների վերջնարդյունքը. նախ ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք, գրավել միանգամից 4 դիրք և հայ զինծառայողներին վերցրել շրջափակման մեջ: Ստացվում է` այս դեպքում ՊՆ-ն իր հաղորդագրությամբ մանիպուլացնում է:
Ի դեպ, հրապարակված տեսանյութերից կարելի է պնդել, որ հայկական կողմը չկրակելու հրաման ունի: Հակառակ դեպքում` ինչպես կարելի է բացատրել ադրբեջանցիների հանգիստ մուտքը հայկական դիրքեր: Այս փաստը, սակայն ԱԽ-ն` իր հայտարարությամբ, «իրականության չհամապատասխանող» է որակում:
Հակահայկական տրամադրություններով լի է նաև ԱԽ հայտարարությունը: Առանց որևէ իրավական հիմքի` ԱԽ-ն պնդում է, որ «Գորիս-Կապան եւ Կապան-Ճակատեն ավտոճանապարհները դեռեւս ԽՍՀՄ տարիների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններին վերաբերվող ուղղակի իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում չեն գտնվում»:
Այսօր արդեն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, որ ԱԽ հայտարարությունը խախտում է ՀՀ Սահմանադրության և մարդու իրավունքների միջազգային պահանջները:
Աղբյուր՝ AntiFake.am