«Թաղման բյուրոյի» տնօրենը մեկնաբանում է Chevrolet Camaro ձեռք բերելու, կառույցում ԽԾԲ-ի և Հայկ Մարությանի հետ տարաձայնությունների մասին լուրերը

article-image

2019թ. հունվարին «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հաղթող էր ճանաչվել Արման Իսկանդարյանը(Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը, որը հայտնի է որպես «Թաղման բյուրո», համակարգում է համայնքային գերեզմանատներում տարածքների հատկացման և ոլորտին առնչվող մյուս գործառույթները):

Արման Իսկանդարյանը, նախքան «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելը, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ցուցակով առաջադրվել և ընտրվել էր որպես Երևանի ավագանու անդամ: Վերջինս նաև ակտիվ մասնակություն է ունեցել ապրիլ-մայիսյան հայտնի ակցիաներին:

AntiFake.am-ին հասած տեղեկատվության համաձայն՝ Արման Իսկանդարյանը «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը ստանձնելուց որոշ ժամանակ անց ԱՄՆ-ից Chevrolet Camaro մակնիշի ավտոմեքենա, 2 բնակարան և ևս 2 այլ մեքենաներ է ձեռք բերել:

Պարզելու համար, թե արդյոք մեզ հասած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը՝ AntiFake.am-ը կապ հաստատեց Արման Իսկանդարյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ թաքցնելու ոչինչ չունի:

Արման Իսկանդարյանի փոխանցմամբ՝ Chevrolet Camaro մակնիշի ավտոմեքենան պատկանում է իր քեռուն՝ Արթուր Սողոյանին: Մեքենան ընդամենը իր ուժերով է բերվել Երևան՝ վերանորոգման նպատակով:

«Ես մեքենաների ներկրմամբ և վերանորոգմամբ եմ զբաղվել նախքան այս պաշտոնը ստանձնելը: 2017թ. առ այսօր դա իմ ընտանեկան գործն է, եղբայրս է այդ գործով զբաղվում: Chevrolet Camaro ավտոմեքենան ձեռք ենք բերել 2018թ. նոյեմբերի 12-ին, և իմ պաշտոնը ստանձնելուց 10 օր հետո է հայտնվել Հայաստանում: Մեքենան այժմ գտնվում է Սոչիում և շուտով հետ է բերվելու Երևան»,- մանրամասնել է Արման Իսկանդարյանը:

Մեքենաների գործով այժմ զբաղվում է Արման Իսկանդարյանի եղբայրը, ում Իսկանդարյանը օգնում է իր խորհուրդներով: Վերջինիս խոսքերով՝ նա այնպիսի գործունեություն չի ծավալում, որը համատեղելի չէ ներկայումս իր զբաղեցրած պաշտոնի հետ:

Chevrolet Camaro ավտոմեքենայից բացի Արման Իսկանդարյանի եղբորը պատկանող ընկերությունը ներկրել է մոտավորապես 250-300 մեքենա: «Բացի Chevrolet Camaro-ից՝ կա նաև Mazda CX 5, կա Nissan Quest, որը կրկին գտնվում է Սոչիում, կա 2014թ. Volkswagen Passat SS, կա նաև 2010թ. Mazda 3: Դրանք բոլորը իմ կողմից ձեռք բերված ավտոմեքենաներ են, որոնց ամբողջ թղթաբանությունը առկա է: Ես պահպանել եմ ամբողջ թղթաբանությունը կարող եմ ներկայացնել»,- հայտնել է Արման Իսկանդարյանը և տրամադրել իր խոսքերը հավաստող որոշ փաստաթղթեր:
 


 

«Ինչ ձեռք եմ բերել, ձեռք եմ բերել նախքան պաշտոնը ստանձնելը: Այդ ամենը իմ անունով չէ, քանի որ ես հարկադիր ունեի: Դրանցից ոչ մեկը իմը չեն, սեփական գույք չեն: Chevrolet Camaro-ն քեռուս սեփականութունն է, իսկ Mazda-ն և Nissan-ը պատկանում են մեր ընտանիքին»,- շարունակել է ՀՈԱԿ-ի տնօրենը:

Անդրադառնալով բնակարաններ ձեռք բելերու հարցին՝ նա հերքեց այդ տեղեկատվությունն՝ ասելով. «Դա սուտ է: Շատ կցանկանայի, որ նշված տեղեկատվությունը ճիշտ լիներ: Ընդհանրապես բնակարան ձեռք չեմ բերել, ուզում եմ հիփոթեքով հիմա վերցնել, բայց, ցավոք սրտի, ինձ հիփոթեք չեն տալիս: Ունենք սեփական տուն Նորք Մարաշում, որտեղ գրանցված եմ, այնտեղ ենք բնակվել: Ներկայումս բնակվում ենք կնոջս ծնողներին պատկանող տանը: Կնոջս հայրը Հայաստանում չէ, գտվում է Ուկրաինայում, կնոջս մայրն էլ գյուղում է: 2016թ. երբ ամուսնացել ենք, առանց նվիրատվության մեր անունով էլ նույնիսկ չի, կնոջս հայրը ինձ տվել է Օրբելիում գտնվող բնակարան»,- մանրամասնել է Արման Իսկանդարյանը:

Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, որ ՀՈԱԿ-ում նշանակումները կատարվում են խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով և մասնավորապես անդրադառնալով ՀՈԱԿ-ում իր աներորդու և իր տեղակալի ընկերոջը աշխատանքի անցնելուն՝ Իսկանդարյանն ասել է. «Իմ աներձագը երկու տարի է գտնվում է՝ Ուկրաինայում: Կան շատ անծանոթներ և ինձ ծանոթ աշխատակիցներ, որոնց ընդունել եմ աշխատանքի: Մենք աշխատանքի ենք վերցնում այն մարդկանց, որոնք համապատասխանում են, դա կլինի տեղակալիս ընկերը, ծանոթը, ծանոթի ծանոթի ծանոթը: Ծանոթ մարդիկ պետք է լինեն, որոնց կվստահեմ: Շատ հնարավոր է տեղակալիս ընկերը աշխատում է, բայց արդյո՞ք դա խնդիր է: Մենք էլ ունենք կադրային խնդիրներ, որոնք լուծում ենք: Եթե մարդը չի համապատասխանում և խնդիրներ է ստեղծում, ապա հեռացվում է աշխատանքից»:

Մամուլում շրջանառվող այս և նմանատիպ այլ տեղեկատվությունները Արման Իսկանդարյանը կապել է այն օրենսդրական փոփոխությունների հետ, որոնք, համաձայն Իսկանդարյանի պնդումների, ամբողջովին կանոնակարգելու են ոլորտը՝ բոլոր պրոցեսները թվայնացվելու են: «Այս ամենը շատերին ձեռք չի տալիս ուղղակի: Ես շատ լավ գիտեմ, թե ովքեր են այդ մարդիկ»,- նշել է ՀՈԱԿ-ի տնօրենը:

Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, թե քաղաքապետի և իր «ջրերը» սկսել են նույն առվով չհոսել, և իրեն ցանկանում են հեռացնել տնօրենի պաշտոնից և «իրենց մարդուն» նշանակել՝ Իսկանդարյանն ասել է. «Դրա մասին լսել եմ մամուլից: Իմ անմիջական վերադասը քաղաքապետն է: Եթե քաղաքապետը ցանկանար իմ փոխարեն ինչ-որ մեկին նշանակեր, ինձ կասեր, սակայն քաղաքապետը ինձ նման բան չի ասել: Ես չեմ կարծում, որ նման բան կասի, քանի որ ես իմ աշխատանքը առկա խնդիրերով գնահատում եմ բավարար: Աշխատանքս լավ կգնահատեմ ծրագրի անցնելու դեպքում»:

Եվ չնայած Իսկանդարյանը հերքեց այս վերջին տեղեկությունները՝ կապված Հայկ Մարությանի հետ, այնուամենայնիվ, մեր հավաստի տեղեկություններով Իսկանդարյանի դեմ տեղեկատվական այս ամբողջ  արշավն ուղղորդվում է հենց Երևանի քաղաքապետի կողմից, քանի որ վերջինս կառույցում ցանկանում է նշանակել «իր մարդուն»։

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն