Իրավունք ունե՞ր Նիկոլ Փաշինյանը պետական պարգևներ հանձնել տավուշյան ռազմական գործողություններին աչքի ընկած զինվորականներին

article-image

Երեկ՝ օգոստոսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցավ տավուշյան հաղթական մարտերին ակտիվ դերակատարում ունեցած զինծառայողների պարգևատրման արարողությունը: Պետական բարձր պարգևներով պարգևատրվեցին զինվորականները` ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի գլխավորությամբ:

Պարգևատրման արարողությանը մասնակցում էին պետական բարձրագույն ղեկավարությունը, ինչպես նաև Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Հատկանշական է, որ պետական բարձր պարգևները հանձնում էր անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս հանգամանքը հետաքրքիր է այնքանով, որ համաձայն «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի` «Հայաuտանի Հանրապետության պետական պարգևները եւ պատվավոր կոչումները հանձնում է Հայաuտանի Հանրապետության Նախագահը կամ նրա լիազորած անձը»:

Իսկ Սահմանադրության 136-րդ հոդվածով հաստատվում է, որ «հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով, շնորհում է պատվավոր կոչումներ»:

Հայաuտանի Հանրապետության պետական պարգևներն են Հայաuտանի Հանրապետության բարձրագույն կոչումը, Հայաuտանի Հանրապետության շքանշանները եւ Հայաuտանի Հանրապետության մեդալները:

«ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով էլ սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելու իրավասությունը:

Ուստի, պետք է եզրակացնել, որ աչքի ընկած զինծառայողներին, այդ թվում` Ազգային հերոս, կապիտան Ռուբեն Սանամյանին, պետական բարձր պարգևը պետք է հանձներ նախագահ Արմեն Սարգսյանը` անձամբ, կամ վերջինիս կողմից լիազորված անձը: Մինչդեռ հանդիսավոր արարողությանը նախագահը նույնիսկ ներկա չէր: Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանին լիազորող նման փաստաթղթի մասին որևէ հրապարակային տեղեկություն առկա չէ:

Հարցը պարզաբանելու համար երեկ դիմեցինք ՀՀ նախագահի աշխատակազմին: Մեր այն հարցին, թե ինչով է պայմանավորված, որ Նախագահը չի հանձնում պետական պարգևները, Նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը նշեց, որ նախագահը գտնվում է արձակուրդում: Մեր այն հարցին, թե արդյո՞ք նախագահը լիազորել է Նիկոլ Փաշինյանին ստանձնել պարգևների հանձնման պատասխանատվությունը, տիկին Պետրոսյանը նշեց, որ ծանոթ չէ իրավական ընթացակարգերին՝ խոստանալով զրույցի հաջորդ օրը՝ թեկուզև ոչ աշխատանքային օրով, ճշտել նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունից և հայտնել մեզ։ Սակայն այսօր էլ Հասմիկ Պետրոսյանը մեր զանգերին չի պատասխանում: Փորձեցինք կապ հաստատել նաև վարչապետի մամուլի խոսնակի հետ, սակայն Մանե Գևորգյանը այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Հասկանալի է, հանգստյան օրեր են, իսկ մեր բազմաչարչար պաշտոնյաները հանգստի կարիք ունեն:

Մինչ գրավոր հարցմամբ կդիմենք և կստանանք պետական պարգևները ոչ թե նախագահի, այլ վարչապետի կողմից հանձնելու պատճառների և իրավական հիմքի  առկայության մասին պատասխանները, փաստենք, որ սա յուրահատուկ «ինքնագովազդ» էր Նիկոլ Փաշինյանի կողմից. հնարավորություն ստանալ պետական բարձր պարգևներ հանձնել մարտական փայլուն գործողություններում աչքի ընկած զինծառայողներին` դարձյալ իրադարձությունները պտտելով սեփական անձի շուրջը: Նիկոլ Փաշինյանն իր ձեռքն է վերցրել պետական ապարատի բոլոր դերերը և «մեծ հրճվանքով» կատարում է նաև նախագահի դերը. «Եվ ուրեմն. պետությունը ես եմ, և վերջ»: Այս քայլով Նիկոլ Փաշինյանը իր հերթին և հերթական անգամ նսեմացնում է նախագահի ինստիտուտը` խլելով այն Արմեն Սարգսյանից: ՀՀ նախագահն էլ իր հերթին հարկ չի համարում ընդհատել իր արձակուրդը` Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչումը և պետական մյուս բարձր պարգևները արժանի զինծառայողներին շնորհելու և իր սահմանադրական պարտականությունները կատարելու համար: Արդյունքում ստանում ենք այն, ինչ այսօր ունենք. կասկածելի հանգամանքներով պարտադիր զինվորական ծառայություն չանցած վարչապետ, ով առիթը բաց չի թողնում «կամուֆլյաժ» հագնել և զինվորական սխրանքներն իրեն վերագրել և նախագահ, ով շարունակաբար հրաժարվում է իրեն վերապահված գործառույթների կատարումից։  

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Русская версия статьи.

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն