Հակասական հայտարարություններ մետրոյի նոր կայարանի կառուցման վերաբերյալ. արդյո՞ք Հայկ Մարությանի նախընտրական խոստումը իրականություն կդառնա

article-image

Օրերս Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է մետրոյի նոր կայարանի կառուցման աշխատանքներին և հայտարարել, որ այն կառուցվելու է պետական միջոցների հաշվին: Ինչպես մանրամասնել է Մարությանը, խոսքը մոտ 35 մլն դոլարի մասին է:

Մարությանի խոսքերով՝ պետության վրա նման մեծ ֆինանսական բեռ չդնելու համար քաղաքապետարանը նոր կայարանի կառուցման ֆինանսավորումը փորձել է կարգավորել մասնավոր ընկերությունների ներգրավմամբ, սակայն ստացված առաջարկությունը չի բավարարել ո՛չ իրեն, ո՛չ Կառավարությանը:   

 


 

Հիշեցնենք, որ մետրոյի առնվազն մեկ նոր կայարանի կառուցումը Հայկ Մարությանի նախընտրական ծրագրում ներառված խոստումներից մեկն է, որի վերաբերյալ վերջինիս և քաղաքապետարանի կողմից ներկայումս և նախկինում արված հայտարարությունները հակասում են իրար։

Մարությանը ներկայումս հայտարարում է, որ մետրոյի նոր կայարանի կառուցման աշխատանքների համար տրամադրվելու է 35 մլն դոլար, իսկ նախկինում, ըստ Մարությանի, մետրոյի նոր կայարանների ընդամենը 1 կմ կառուցման գինը պետք է կազմեր 50-100 մլն դոլար։ Իսկ թե ի՞նչն գումարային այսպիսի տարբերությունը. միգուցե  այն բացատրվի նրանով, որ ներկայումս Մարությանը հայտարարում է, թե մետրոյի նոր կայարանի կառուցման գումարները տրամադրվելու են Կառավարության կողմից, մինչդեռ 2019թ. փետրվարին քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակում  է եղել այն մասին, որ մետրոյի զարգացման ծրագիրը մտել է գործնական փուլ, և քաղաքապետարանի առաջարկը գրավել է ներդրողներին, ուստի մետրոյի նոր կայարանի ֆինանսական բեռը ընկնում էր մասնավոր ընկերության վրա։ Այս կապակցությամբ Երևանի արդեն նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը նշել էր, որ դա լինելու էր 100 տոկոսանոց բիզնես ծրագիր, որի միջոցով իրենք պետք է կարողանային իրագործել նոր կայարանի կառուցումը։ Նույն ժամանակահատվածում դեռևս փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն էլ ասել էր, որ իրենք հասել են այն փուլին, երբ կարող են ընտրություն անել արդեն իսկ մետրոյի շինարարության ներդրման ծավալների, դրանց որակի, արդյունավետության և ժամկետների մեջ։

Ի՞նչ է փոխվել շուրջ 1,5 տարիների ընթացքում, և ինչու՞ ներդրող ընկերությունների առաջարկությունները հանկարծակի սկսեցին չբավարարել Մարությանին ու Կառավարությանըմ, մնում է անհասկանալի: Այնուամենայնիվ, դավադրություններ չփնտրելով` կարող ենք փաստել, որ անկախ իրավիճակից Մարությանն այս պահին հանձն է առել պետական միջոցներով մետրոյի նոր կայարան կառուցել: Այլ հարց է, թե նման փոքր բյուջեով ինչպե՞ս է հնարավոր մետրոյի նոր կայարանի կառուցումը: Մեկ այլ հարց է, որ Մարությանի խոստումն այս անգամ ևս կարող է իրականություն չդառնալ:

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր` AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն