
Այսօր` սեպտեմբերի 24-ին, Կառավարության նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշատակել է ռուսական հետազոտական կենտրոններից մեկի կողմից հրապարակված աշխատությունը` «Ռուսաստանի դաշնակիցները», որը հրապարակվել է «2020 թվականի մայիսին»:
Նիկոլ Փաշինյանը այնուհետև խոսքը փոխանցել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, որը մանրամասնել է. «Ռուսական վերլուծական կենտրոններից մեկը` «ՑԱՍՏ»-ը, հրապարակել է «Ռուսաստանի դաշնակիցներ» թեմայով գնահատական, որտեղ համապարփակ գնահատում է ՀԱՊԿ-ի գործընկեր երկրների դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այդտեղ Հայաստանին տրված է շատ բարձր մակարդակ դաշնակցային հարաբերությունների կոնտեքստում»:
ՀՀ վարչապետի և ԱԽՔ-ի կողմից հիշատակված աշխատությունը` «Союзники» («Դաշնակիցները») հրապարակվել է 2020 թվականին ռուսական հայտնի «ՑԱՍՏ» ռազմավարական հետազոտությունների վերլուծական կենտրոնի (Центр Анализа Стратегий и Технологий- ЦАСТ) կողմից:
Գրքում ներկայացված է համապարփակ վերլուծություն ՀԱՊԿ շրջանակներում ՌԴ դաշնակիցների` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ռազմական, տնտեսական, ժողովրդագրական, բնական ռեսուրսների վերաբերյալ: Առաջ են քաշվում նաև վարկածներ Ռուսաստանի համար յուրաքանչյուր պետության կարևորությունը և գնահատված է նրանց դաշնակցային հավատարմության մակարդակը: Գրքի` Հայաստանը ներկայացնող հատվածում ներկայացված են Հայաստանի տնտեսական, ռազմական կարողությունները, գնահատված է ռազմական պատրաստվածությունը, շոշափվում են ժողովրդագրական խնդիրները:
Խոսելով Ռուսաստանի Դաշնության հետ ՀՀ դաշնակցային հարաբերությունների մասին` հեղինակները նշում են. «Հայաստանը հետխորհրդային տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների ամենաակտիվ մասնակիցներից մեկն է, որը ունի ռազմաքաղաքական և տնտեսական սերտ կապեր Ռուսաստանի հետ»:
Եզրափակելով` հեղինակները նշում են. «Ճիշտ չէ կարծել, որ հայ-ռուսական հարաբերությունները ընդհանրապես զերծ են խնդիրներից: Խնդիրներ կան տրանսպորտային հաղորդակցության ոլորտում, ժամանակ առ ժամանակ սրվում են մի շարք տնտեսական խնդիրներ, որպիսին, օրինակ, ռուսական բնական գազի մատակարարման գնագոյացումն է: Անկասկած, Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը ևս իր ազդեցությունն ունի: Մոսկվան ձգտում է զարգացնել հարաբերությունները ոչ միայն Երևանի, այլ նաև Բաքվի հետ, այդ իսկ պատճառով էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև փխրուն հավասարակշռությունը պահպանելու համար ոչ պակաս ջանքեր և զգուշություն է պահանջվում: Ադրբեջանը վերջին տասնամյակում դարձել է ռուսական սպառազինության խոշոր գնորդներից մեկը, և ՀԱՊԿ դաշնակիցների կողմից Ադրբեջանին մատակարարվող սպառազինությունը Հայաստանում, բնականաբար, դժգոհության և վրդովմունքի պատճառ է դառնում, որը ուժգնացել է 2016թ. հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև ռազմական բախումներից հետո:
Այնուամենայնիվ, Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում այս պահին շարունակում են հաջողությամբ զարգանալ: Դրանք հաղթահարել են նաև 2018թ. հուզումների արդյունքում Հայաստանում ընդդիմադիր ուժերի կողմից իշխանության գալու գործընթացը, ինչի վկայությունն են տարբեր նախագծերի շարունակական իրականացումը, ինչպես նաև Ռուսաստանի ներքին գնով սպառազինության մատակարարումը: Հարաբերությունների և դաշինքի հետագա շարունակական զարգացումը մեծ հաշվով այսուհետ կախված է Հայաստանի նոր ղեկավարության քայլերից և որդեգրած քաղաքականությունից»:
Ավելին, վերջերս` օգոստոսի 27-ին, հրապարակվել է «Союзники» գրքի վերաբերյալ մոսկովյան «Կարնեգի» հետազոտական կենտրոնի տնօրեն Դմիտրի Տրենինի ակնարկը (рецензия): Անդրադառնալով երկրների հետ Ռուսաստանի հարաբերություններին` Տրենինը ընդգծում է, որ Հայաստանը Անդրկովկասում Իրանի և Թուրքիայի հետ հարաբերություններում ռուսական շահերի առաջխաղացման համար պլացդարմ չի հանդիսանում: Տնտեսական նշանակությունը ևս մեծ չէ: Հայաստանի հիմնական «արժանիքը» Անդրկովկասում հարաբերական կայունության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռության պահպանման, Թուրքիայի նկրտումները զսպելու հնարավորության մեջ է:
Տրենինը նկատում է, որ Հայաստանի համար Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները կենսական նշանակություն ունեն: Այնուամենայնիվ, նա ընդգծում է. «Ճիշտ է, երևանյան էլիտան մեծամասամբ ուղղված է սփյուռքի այն հատվածը, որը ապրում է Ռուսաստանից դուրս (ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և մյուս երկրներում)` հաճախ Ռուսաստանի նկատմամբ ցուցաբերելով սպառողական և արհամարհական վերաբերմունք: 2018 թվականի իշխանափոխությունը Հայաստանում աշխարհաքաղաքական վերադասավորման չհանգեցրեց. Մոսկվայի աջակցության այլընտրանքի բացակայությունը ակնհայտ է նույնիսկ նրանց համար, ովքեր առանձնապես չեն համակրում Ռուսաստանին: Այնուամենայնիվ, Հայաստանը Ռուսաստանի համար լիովին հուսալի դաշնակից չի համարվում: Եթե այս իրավիճակը ապագայում սկզբունքորեն չփոխվի, Ռուսաստանի համար Հայաստանի կարևորությունը կնվազի, և այս պետությն հետ հարաբերությունների բնույթը կարող է վերանայվել և ճշգրտվել` չվնասելով Ռուսաստանի շահերը»:
Կարելի է նկատել, որ Տրենինը առավել բաց տեքստով ներկայացնում է այն պատկերը, որոնք տվել են աշխատության հեղինակները: Վերջիններս ընդգծում են, որ այսօր հայ-ռուսական հարաբերությունները մեծապես կախված են Հայաստանի իշխանությունների վարքագծից` ակնարկելով որոշ խնդիրների և մտահոգությունների մասին: Այս ամենը հաշվի առնելով` առնվազն անհասկանալի է, թե ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը ինչ է նկատի ունեցել` ասելով` «շատ բարձր մակարդակ դաշնակցային հարաբերությունների կոնտեքստում», և, ընդհանրապես, ինչ դաշնակցային հարաբերության մասին է խոսքը, երբ ռուսական հեղինակավոր վերլուծաբանները նշում են, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները առավելապես սպառողական, նույնիսկ` արհամարհական վերաբերմունք ունեն Ռուսաստանի նկատմամբ:
Կարելի է նաև գուշակել, թե ինչպիսին կլիներ աշխատության հեղինակների արձագանքը, երբ նրանք պարզեին, որ գրքի ներկայացման պահին մշակվող, այժմ` արդեն իսկ հրապարակված ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ Ռուսաստանը ներկայացված է ոչ ավել, քան «շարքային» նշանակություն ունեցող պետություն` ընդամենը երկու ենթակետ անդրադարձով:
Ինչ խոսք, «դաշնակցային, փայլուն» հարաբերություններ:
Աղբյուր՝ AntiFake.am