«Հայկական ժամանակ» լրատվականը շարունակում է մանիպուլացնող և ապատեղեկատվություն ներառող հոդվածներ հրապարակել Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսների մասին

article-image

Վերջին շրջանում պարբերական բնույթ կրող բողոքի ակցիաները անկախ իրենց բովանդակությունից և ձևաչափից արժանանում են իշխանությունների «դիմադրությանը»: Բողոքի յուրաքանչյուր ակցիային հաջորդում են իշխանականների և նրանց աջակիցների ֆեյսբուքյան գրառումները այն մասին, որ ակցիաների մասնակիցների գործողությունները դեմ են ժողովրդի իշխանությանը` մատնացույց անելով ակցիաների «ոչ մարդաշատ» լինելը՝ ցույց տալու համար, որ իրենք դեռ ունեն ժողովրդի աջակցությունը, և ամեն ինչ լավ է, իսկ բողոքի ակցիաները՝ անկախ իրենց բովանդակությունից, կազմակերպվում են իշխանության դեմ: Այս ամենը արվում է բովանդակային քննադատության կամ կարծիքի, կամ էլ` բարձրաձայնվող խնդիրներին լուծումներ առաջարկելու փոխարեն:

Հունիսի 25-ին «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնությամբ Սահմանադրական դատարանի դիմաց անցկացվող բողոքի ակցիային անդրադարձ կատարվեց արդեն իշխանական քարոզչամեքենա հանդիսացող լրատվականի մակարդակով: Ֆեյսբուքյան գրառումները փոխարինվեցին «Հայկական Ժամանակ»-ում տեղ գտած մանիպուլացնող հոդվածով:

Տվյալ հոդվածն ամբողջությամբ հիմնված է ապատեղեկատվության և մանիպուլյացիաների վրա:

Նախ, հոդվածի վերնագիրն է՝ «ՀՀԿ-ն մոբիլիզացրել է ուժերը, մի քանի տասնյակ հոգի Մալյանի հետ ՍԴ-ի մոտ ակցիա է անում՝ ի պաշտպանություն Հրայր Թովմասյանի»:

Վերնագրում նշված բոլոր մտքերը սուտ են, քանի որ «ՎԵՏՕ» շարժման կողմից նախաձեռնված հավաքի նպատակը տապալված սահմանադրական կարգի վերականգնմանն ուղղված գործողությունների իրականացումն է, այլ ոչ թե անձի պաշտպանության համար կազմակերպված ակցիա:

Ինչպես նշել էր «ՎԵՏՕ» քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Անի Հովհաննիսյանը, ցույցը կապ չունի որևէ քաղաքական ուժի հետ, հետևաբար ՀԺ-ի տեղեկությունը այն մասին, որ ՀՀԿ-ն է կազմակերպել բողոքի ակցիան, չի համապատասխանում իրականությանը:

Հոդվածի վերնագրում և բովանդակության մեջ հատուկ շեշտադրվում է ակցիայի մասնակիցների քանակը։

Մասնավորապես նշվում է. «ՍԴ-ի մոտ մի քանի տասնյակ մարդ կա հավաքված, 30-ից առավելագույնը՝ 50: Նրանց մի մասը շատ երիտասարդ են, ակնհայտորեն ուսանող եւ ըստ ամենայնի՝ Արդարադատության ակադեմիայից, որի նախկին ռեկտորը Ռուբեն Մելիքյանն էր»:

Տվյալ մտքին անդրադառնալով` Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը նշել էր, որ Արդարադատության ակադեմիան բուհ չէ։ Այն իրականացնում է հետբուհական հատուկ մասնագիտական ուսուցում, ուստի այնտեղ սովորում են հասուն մարդիկ՝ դատավորի, դատախազի, քննիչի թեկնածուներ, իսկ ակադեմիայի ունկնդիրները կաշկանդված են, համապատասխանաբար, դատավորների, դատախազների, քննիչների համար սահմանված էթիկական կանոններով, ներառյալ չեզոքության ու զսպվածության պահանջները։ Ուստի չէին էլ կարող մասնակցել հավաքին։ Հետևաբար հոդվածը մանիպուլացնում է ակցիայի մասնակիցների պատկանելությունը և ով լինելը:

Ինչպես ՍԴ դիմաց ակցիայի կազմակերպիչներից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը հայտարարեց, «Հայկական ժամանակի» տվյալ հոդվածի հեղինակը հավանաբար Լուսինե Բարսեղյանն է, որի ամուսինը երկուսուկես տարի և ավել եղել է ՀՀԿ-ին պատկանող «Արարատ» հեռուստաընկերության լուրերի բաժնի խմբագիրը: Նարեկ Սամսոնյանը նշեց, որ եթե Լուսինե Բարսեղյանի ընտանիքը սնվել է ՀՀԿ-ից, և ՀՀԿ-ն կարողացել է կոնսոլիդացնել նրա ընտանիքը, ապա «մեղավորը» ոչ թե ակցիային հավաքվածներն են, այլ հենց Լուսինե Բարսեղյանը:

Սամսոնյանի խոսքերով` ոչ թե ՀՀԿ-ն է կոնսոլիդացրել ակցիայի մասնակիցներին, այլ ՀՀ Սահմանադրությունը, «որը անընդհատ խախտվում է «գասպարիներով»»:

Այսպիսով՝ «Հայկական ժամանակ» լրատվամիջոցն այս հոդվածով նպատակ է ունեցել ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներն ուղղորդվում են որևէ կենտրոնից՝ չընդունելով, որ ՀՀ քաղաքացին կարող է ունենալ ազատ կամք, և իրացնել ՀՀ Սահմանադրությամբ իրեն տրված իրավունքները:

Ինչն էլ թույլ է տալիս եզրակացնել, որ «Հայկական ժամանակ» լրատվականը Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներին վերաբերող յուրաքանչյուր նոր հոդվածով ավելի է ամրապնդում հասարակության մեջ առկա այն կարծիքը, որ այդ լրատվականը հանդիսանում է իշխանական քարոզչամեքենա և սպասարկում է բացառապես Նիկոլ Փաշինյանի ընտանիքի շահերը։ Իշխանությունների ընդդիմախոսներին վերաբերող հոդվածների բովանդակությունը կազմված է ապատեղեկատվությունից, մանիպուլյացիաներից և հակաքարոզչությունից, ինչպես այս հոդվածի դեպքում։

 

Հեղինակ՝ Մարի Ավագյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն