#Save_Constitution ակցիայի մասնակիցների հայտարարությունը Արմեն Սարգսյանի կողմից ՀՀ Սահմանադրության դրույթների խախտումների վերաբերյալ

article-image

Այսօր՝ հուլիսի 5-ին, ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ AntiFake.am-ը և «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ն համատեղ իրականացրել են խորհրդանշական ակցիա ՀՀ նախագահի նստավայրի դիմաց՝ #Պահպանեք_Սահմանադրությունը (#Save_Constitution) խորագրով։

Ակցիան մեկնարկել է 10:30-ից Բաղրամյան 1 հասցեից, որտեղից ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի ՀՀ նախագահական նստավայր: Ակցիայի ընթացքում բարձրաձայնվել են Արմեն Սարգսյանի բոլոր այն գործողությունները (անգործությունը), որոնցով վերջինս խախտել է ՀՀ Սահմանադրությունը։

Ակցիայի ընթացքում իրականացվել են նաև խորհրդանշական գործողություններ, մասնավորապես՝ պայթեցվել են մի քանի այն պաշտոնյաների պատկերներով փուչիկներ, որոնք պարբերաբար խախտում են ՀՀ Սահմանադրությունը։ Ակցիայի մասնակիցները Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին նվիրել են մեծ Սահմանադրություն՝ Հանրապետության նախագահին վերաբերող հատվածով, որպեսզի վերջինս կարդա և ծանոթանա իր լիազորություններին և դադարեցնի ՀՀ Սահմանադրության դրույթների խախտումները։

ՀՀ նախագահի նստավայրի դիմաց նախատեսված գործողություններն ավարտելուց հետո ակցիայի մասնակիցները ՀՀ Սահմանադրության օրինակներ են նվիրել քաղաքացիներին։

Ստորև ներկայացնում ենք Արմեն Սարգսյանի կողմից ՀՀ Սահմանադրության դրույթների խախտումների մասին #Save_Constitution ակցիայի մասնակիցների հայտարարությունը.

1. Արմեն Սարգսյանի՝ որպես Հանրապետության նախագահ, լեգիտիմությունը

ՀՀ Սահմանադրության  124-րդ հոդվածի 2-րդ մասի ենթադրյալ խախտում

ՀՀ Սահմանադրության 124-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Մինչդեռ այդ ժամանակ ընդդիմադիր Փաշինյանը պնդում էր, որ ըստ իրենց մոտ առկա տվյալների` Արմեն Սարգսյանը վերջին 6 տարում չի հանդիսացել միայն ՀՀ քաղաքացի /«Ելք» խմբակցությունը պնդում էր, որ Արմեն Սարգսյանը, ըստ Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից տրամադրված տեղեկանքի, 2012-14 թթ. հանդիսանում էր ՍՊԸ-ի տնօրեն, որի համար պետք է լիներ Մեծ Բրիտանիայի քաղաքացի/, և պահանջում էր համապատասխան փաստաթուղթը:

Ընդդիմադիր խմբակցության կողմից Նախագահի լեգիտիմության ընդունման միակ նախապայմանը վերոնշյալ փաստաթղթի ներկայացումն էր։

Հայաստանի Հանրապետությունում ապրիլ ամսին քաղաքական զարգացումների արդյունքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տեսել է պահանջված փաստաթուղթը և հաստատեց Նախագահի լեգիտիմությունը։ Հատկանշական է, որ այդ փաստաթուղթը հետագայում այդպես էլ չհրապարակվեց։

2. Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուի առաջադրման սահմանված ժամկետի խախտում

ՀՀ Սահմանադրության  166-րդ հոդվածի 9-րդ մասի խախտում

ՀՀ սահմանադրական դատարանում առկա էր դատավորի թափուր տեղ, որի թեկնածու պետք է ներկայացներ Հանրապետության նախագահը։ Վերջինս2018 թ-ի ապրիլի 23-ին ներկայացրեց Էմիլ Բաբայանի թեկնածությունը, ով չընտրվեց ՀՀ սահմանադրական  դատարանի դատավոր, ինչից հետո «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ նախագահը պարտավորվում էր տասնօրյա ժամկետում ներկայացնել ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու։Նախագահը, գտնելով, որ սահմանված ժամկետը բավականին սեղմ է ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու համար, դիմեց Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով։ Սակայն ՍԴ դիմելու հետ միաժամանակ` Նախագահը չիրականացրեց Սահմանադրությամբ և օրենքով սահմանված իր պարտականությունը, այն է՝ 10-օրյա ժամկետում ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրումը։ Կարելի էր ենթադրել, որ նախագահի կողմից նման ինքնիրավչության իրականացումը պայմանավորված էրիր դիմումի հիման վրա ՍԴ որոշման կայացմանը սպասելով։ Այնուամենայնիվ, մինչև Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կայացումը Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը, ով ևս չընտրվեց որպես ՍԴ դատավոր: Ամփոփելով վերոգրյալը` եզրակացնում ենք, որ սահմանադրական կարգի երաշխավորը խախտում է Սահմանադրության և օրենքների պահանջները։

3. Ազգային ժողովի շենքի շրջափակում

ՀՀ Սահմանադրության  123-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում

2018 թ-ի հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Այս օրենքի ընդունումը հիմք հանդիսացավ վարչապետի անհիմն զայրույթի, և վերջինիս կոչով շրջափակվեց Ազգային ժողովի շենքը։ Սա գործադիր իշխանության ղեկավարի՝ վարչապետի կողմից իշխանությունների տարանջատման սկզբունքի ակնհայտխախտման դեպք էր։ Նախագահը հանդես եկավ Ն. Փաշինյանին աջակցող կարճ հաղորդագրությամբ: Ավելին, Ազգային ժողովի շրջափակման ժամանակ փողոցում վարչապետի կողմից աշխատանքից ազատվեցին նախարարներ, և այս իրավական ճգնաժամի պայմաններում նախագահը խուսափեց իր սահմանադրական հիմնական գործառույթի իրականացումից։

4. Կառավարության կազմավորման ժամկետի խախտում

ՀՀ Սահմանադրության 150-րդ հոդվածի խախտում

Արմեն Սարգսյանը  Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միասին  խախտել են ՀՀ Սահմանադրության 150 հոդվածը,  համաձայն որի` Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին:

2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին վարչապետը չի ներկայացրել Կառավարության կառուցվածքի և գործունեության կարգի մասին ՀՀ օրենքով նախատեսված կառավարության բոլոր անդամներին, իսկ թվով 5 նախկին նախարարներ վարչապետի կողմից նշանակվել են փոխնախարարների պաշտոնում՝ իրականացնելով կառավարության անդամի լիազորություններ, փաստացի շրջանցելով Հանրապետության նախագահին:

5. Դատարանների մուտքերի արգելափակում

ՀՀ Սահմանադրության  123-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում

Սույն թվականի մայիսի 9-ին Վարչապետ Ն. Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կոչ արեց. «Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի:»։ Ակնհայտէ, որ կրկին գործադիր իշխանության ղեկավարի կողմից խախտվում էր Սահմանադրության  4-րդ հոդվածը՝ իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը, և կրկին հերթը Հանրապետության նախագահիննէր՝ հետևելու Սահմանադրության պահպանմանը, այսինքն՝ իրականացնելու իր հիմնական սահմանադրական գործառույթը։ Նախագահը, չխախտելով ավանդույթը, հանդես եկավ ոչինչ չասող ուղերձով` կրկին խուսափելով դիմել որևէ գործնական քայլի՝ սահմանադրական կարգը երաշխավորելու նպատակով /հատկանշական է, որ այս անգամ ևս նախագահը գործուղման էր/։

6. Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար օրենքի խախտմամբ իշխանության թեկնածուի առաջադրում

ՀՀ Սահմանադրության  166-րդ հոդվածի 9-րդ մասի խախտում

2018 թվականի հոկտեմբերի 23-ին Ազգային ժողովի կողմից Վահե Գրիգորյանի՝ որպես ՍԴ դատավորիթեկնածությունը մերժելուց  հետո բավականին ժամանակ Հանրապետության նախագահը թեկնածու չէր ներկայացնում։ Այնուհետև իր սկզբունքայնությամբ աչքի չընկնող նախագահը, պահելով որդեգրած անտարբեր քաղաքականության գիծը, ՍԴ դատավորի թեկնածու կրկին առաջադրեց Վահե Գրիգորյանին։

Փաստորեն, Հանրապետության նախագահը տեղի տվեց իշխանության շանտաժին և նորից  առաջադրեց իշխանահաճո և հայտնի ձայնագրություններից ակնհայտ քաղաքականացված, տխրահռչակ իրավաբանին։

7. Սահմանադրությամբ չնախատեսված լիազորությունների իրականացում

ՀՀ Սահմանադրության 123-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում

Արմեն Սարգսյանը կատարել է մի շարք այցեր, քննարկումներ, որոնք իր որևէ լիազորության մեջ չեն մտնում:

 

#Save_Constitution ակցիայի նախաձեռնողներ՝

AntiFake.am փաստերի ստուգման և տեղեկատվության տրամադրման կայք

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ

 

Հոդվածի ռուսերեն և անգլերեն տարբերակները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը