Հրապարակվել են Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute) կողմից անցկացված սոցհարցումների արդյունքները

article-image

Հրապարակվել են Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute) կողմից անցկացված սոցհարցումների արդյունքները:

Հարցումները անցկացվել են հայտնի GALLUP կազմակերպության և Baltic Surveys-ի կողմից Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի հետ համագործակցությամբ և հովանավորվել է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից:

Հետազոտությունն անցկացվել է տարբեր տարիքային կազմի (18-50+), կենսամակարդակի 1200 քաղաքացիների շուրջ, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում։ Ներկայացված է 3 ժամանակահատված, որոնց օգնությամբ էլ կարող ենք որոշել հասարակության վերաբերմունքի փոփոխությունները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։

Հարցումների արդյունքում պարզ է դառնում, որ Հայաստանի քաղաքացիները, ի տարբերություն 2018թ․ օգոստոսի, երբ հանրության վերաբերմունքը Հայաստանում Կառավարության փոփոխություններին հարցվածների 39%-ը գնահատում էր «շատ դրական», իսկ 43%-ը՝ «որոշ չափով դրական», 2019թ․ մայիսին «շատ դրական» կարծիքը նվազել է մինչև 28%-ի, իսկ «որոշ չափով դրական»-ը՝ 41%-ի։

Կառավարության ամենամեծ հաջողությունները քաղաքացիները համարում են «նվազող կոռուպցիան» (27%), «մարդկանց հոգեբանական վիճակի բարելավումը» (11%), «Հանրապետական կուսակցության ձախողումը» (11%), «ժողովրդավարության պարգևումը» (10%) և «Ազգային անվտանգության ծառայության բացահայտումները» (9%), «խոսքի ազատությունը» (9%), «Հեղափոխությունը» (6%), «Սերժ Սարգսյանի հեռացումը» (6%), «Անիշխանության կանգնեցումը» (6%), «Կադրային լավ նշանակումները» (5%) և այլն։ Հարցման մասնակիցներից 18%-ը կարծում է, որ որևէ հաջողություն Կառավարությունը չի ունեցել։

Կառավարության ամենամեծ ձախողումները քաղաքացիները համարում են  «վատ կառավարումը» (22%), «քաղաքական անկայունությունը» (9%), «արդյունքների բացակայությունը» (8%), «տնտեսական ճգնաժամը» (8%), «նախագծերի պակասը» (8%), «գործազրկությունը» (7%), « հանցավորության աճը» (6%) և այլն։

Հարցվածների 30%-ը կարծում է, որ հաջորդ վեց ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պիտի աշխատատեղեր ստեղծի, իսկ 15%-ն էլ կարծում է, որ առաջնահերթ են սոցիալ-տնտեսական խնդիրները:

Ի տարբերություն նախորդ տարվա օգոստոսի, երբ հարցվածների ավելի քան 54%-ը վստահ էր, որ պետք է լինեն ընտրական համակարգի բարեփոխումներ, այդ ցանկության միտւմը 2019թ. մայիսին նվազել է՝ հասնելով 24%-ի:

Հարցման մասնակիցներից 60%-ը կարծում է, որ Հայաստանը «ճիշտ ուղով» է գնում, այն դեպքում, երբ հակառակը մտածողների և չկողմնորոշվածների տոկոսային հարաբերությունը նույնն է (20%): Տոկոսային այս հարաբերությունը նույնպես նվազել է՝ ի տարբերություն 2018թ. օգոստոսի:

Հետաքրքիր են նաև Հայաստանում տնտեսական վիճակի մասին արդյունքները. 2019թ. մայիսին հարցվածների միայն 6%-ն է կարծում, որ տնտեսական վիճակը զգալիորեն բարելավվել է, իսկ արդեն վիճակի վատթարացման կարծիք ունի հարցվածների 4%-ը՝ նախկին 25-ի փոխարեն:

Ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ հայ հանրության շրջանում նախորդ տարվանից ավելացել է ավելի լավ ապագայի նկատմամբ հավատի բացակայությունը՝ հասնելով 17%-ի, իսկ հավատը ապագայի նկատմամբ, ի տարբերություն 2018թ. հոկտեմբերի, նվազել է՝ հասնելով 29%-ի: Իսկ հանրության անտարբերությունը՝ ապատիան վերականգնել է 3%-ի իր 2018թ. օգոստոսի ցուցանիշը:

Հասարակության հավատը սեփական ուժերի վրա նվազել է: Այն հարցին, թե արդյոք «այնպիսի մարդը, ինչպիսին դու ես,կարող է ազդել որոշումների կայացման վրա», բացասական պատասխանը աճել է՝ հասնելով 15%-ի (2018թ. հոկտեմբերին՝ 7%), իսկ հավանական բացասական պատասխանը՝ 26%-ի:

Հայաստանի առջև կանգնած գլխավոր խնդիրները հարցման մասնակիցները համարում են գործազրկությունը (37%), սոցիալ-տնտեսական խնդիրները (22%), մարդկանց ցածր կենսամակարդակը (19%), Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը (17%), ազգային անվտանգությունը/ սահմանները (17%) և այլն:

Երկրի ապագայի համար հիմնական խնդիրներն են՝ պատերազմը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ազգային անվտանգության խնդիրները, սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացումը, արտագաղթը, գործազրկությունը, ներքին անկայունությունը և այլն:

Պետական համակարգում ամենադրական վերաբերմունքը հասարակությունը ունի նախագահի նկատմամբ՝ 81%: Նրան հաջորդում են բանակը (80%), վարչապետի գրասենյակը (72%), Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին (71%):

Ամենաթափանցիկը, ըստ հարցման մասնակիցների, աշխատում է վարչապետի գրասենյակը՝ 37%:

Նախորդ վեց ամիսների ընթացքում հարցվածները աճ են գրանցել «խոսքի ազատությունը», «մամուլի անկախությունը», «մարդու իրավունքները»:

Հարցմանը մասնակցածների կարծիքով՝ Հայաստանում ամենակոռուպացված ինստիտուտը դատական համակարգն է, ամենաոչկոռուպացվածը՝ նախագահի գրասենյակը:

Անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական կյանքին՝ այն հարցին, թե «եթե խորհրդարանական ընտրությունները լինեին հաջորդ կիրակի, ում օգտին կքվեարկեիք», հարցմանը մասնակցածներից 59%-ը դարձյալ կընտրեր «Իմ Քայլը» դաշինքին, 12%-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, 5%-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:

Հարցվածներից 56%-ը երբեք չէր ընտրի Հանրապետական կուսակցությանը, 23%-ը Հայ Յեղափոխական դաշնակցությանը:

Ըստ հարցման մասնակիցների Հայաստանը լավագույն հարաբերություններ ունի հաջորդաբար Ֆրանսիայի, Վրաստանի, Չինաստանի, Իրանի, Ռուսաստանի, Եվրոպական Միության, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի հետ:

Այնուամենայնիվ, հարցվածների մեծամասնությունը կարծում է, որ քաղաքական (78%) և տնտեսական (62%) առումներով Հայաստանի լավագույն գործընկերը Ռուսաստանն է:

Հարցմանը մասնակցած քաղաքացիների համար մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը առանցքային նշանակություն ունի:

Սոցհարցման ամբողջական տարբերակը՝

https://www.iri.org/sites/default/files/armenia_poll_may_2019_final.pdf

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը