ԱԳՆ խոսնակը և ТАСС-ը հերքում են, ՊՆ խոսնակը` հաստատում, ապա` հերքում. ՌԴ բողոքի «առեղծվածային» նոտայի վերաբերյալ հակասական հրապարակումները

article-image

Այսօր առավոտից հայկական լրատվական դաշտը հեղեղվել է ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվականի “Россия направит Армении ноту протеста из-за срыва оружейного тендера” վերտառությամբ հոդվածով, որտեղ ասվում էր, որ ՌԴ առևտրի և արդյունաբերության նախարարությունը Հայաստանին ուղղված նամակ է նախապատրաստել, որը կապված է զենքի գնման մրցույթի տապալման հետ: Մրցույթին մասնակցել է  ռուսական «ORSIS» կազմակերպությունը, որը մտնում է «Պրոմտեխնոլոգիա» խմբի մեջ: Նախարարությունը նամակով խնդրում է ՀՀ պաշտպանության նախարարը կարգավորել ստեղծված իրավիճակը: Ռուսական լրատվականը հայտնում է, որ համապատասխան փաստաթուղթը գտնվում է իր տրամադրության տակ: Նամակում նաև նշվում է, որ «ORSIS» ընկերության հայտը այդ մրցույթում «առանց որևէ ծանրակշիռ հիմքի մերժվել է», իսկ կազմակերպությունը «առանց պատճառի ներառվել է ՀՀ զինված ուժերի անբարեխիղճ մատակարարների» ցուցակում:

Նամակում նշվում է նաև, որ պաշտպանության նախարարությունը «ոչ իրավաչափորեն բանկային երաշխիքի վճարում է պահանջել մրցույթին մասնակցելու համար», չնայած որ օրենքով այդ վճարումն ընկերությունը պետք է անի մրցույթը հաղթելուց և հաղթելուց հետո ինքնակամ պայմանագիր կնքելուց հրաժարվելուց հետո:

Ըստ լրատվականի`բողոքի նոտան ընկերության կողմից արդեն փոխանցվել է Ռուսաստանի արտգործնախարարություն և շուտով դիվանագիտական խողովակներով կփոխանցվի հայկական կողմին:



Լրատվականը նշում է, որ վերոնշյալ տեղեկատվությունը պաշտոնապես հաստատել են հայկական գերատեսչությունից:

Հայկական լրատվամիջոցները հիմնականում վերցրել են ռուսական գործակալության նյութի հիմնական հատվածները` հրապարակելով դրանք: Սակայն Հանրային ռադիոյի պաշտոնական կայքում հրապարակված նյութում «Ռադիոլուր»-ի լրագրող Լենա Բադեյանը զրուցել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, որը նշել է, որ ՌԴ բողոքի նոտան արդեն ստացվել է, և իրենք դեռ չեն որոշել, թե ինչպես պատասխանեն նամակին` չբացառելով, որ պատասխանը կլինի մինչև օրվա վերջ:

Հարկ ենք համարում նշել, որ նյութի հրապարակումից որոշ ժամանակ անց վերոնշյալ նյութը հեռացվել է hy.armradio.am կայքից:

Արդեն կեսօրին ռուսական «TACC» պետական լրատվական գործակալությունը, հղում կատարելով իր աղբյուրներին, հերքել է Հայաստանի իշխանություններին բողոքի նոտա հղելու փաստը: «Այդ հաղորդագրությունը իրականությանը չի համապատասխանում», - նշել է իրավիճակին մոտ կանգնած աղբյուրը: 

 

Այս թեմայով «Sputnik Արմենիա» լրատվականը զրուցել է նաև ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի հետ, որը հայտնել է, որ ՀՀ արտգործնախարարությունը զենքի մատակարարման տենդերի հետ կապված բողոքի նոտա չի ստացել ՌԴ ԱԳՆ–ից։ Իսկ Հայաստանում ՌԴ դեսպանությունից էլ լրատվականին հաղորդել են, որ իրենք նույնպես բողոքի ոչ մի նոտա դեռ չեն ստացել։

Փաստորեն ստացվում է մի իրավիճակ, երբ ռուսական պետական լրատվական գործակալությունը, ՀՀ ԱԳՆ-ն, ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հերքում են բողոքի նոտայի առկայությունը, իսկ ՊՆ խոսնակը Հանրային ռադիոյի հետ զրույցում, ոչ միայն հաստատելով նոտայի գոյությունը, նշում է նաև դրան պատասխանելու ժամկետների մասին: Ըստ այդմ էլ հարց է առաջանում. ի՞նչ բողոքի նոտայի մասին է խոսում ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, երբ բոլորը հերքում են դրա գոյությունը` այսպիսով ապացուցելով թեմայի ճշմարտացիությունը: Մյուս կողմից` այլ լրատվամիջոցի մեկնաբանություն տալով` Արծրուն Հովհաննիսյանը հերքում է բողոքի նոտայի գոյությունը:

Հետևելով տեղեկատվական հոսանքին` չենք կարող չնշել, որ Հանրային ռադիոյի կայքում տեղադրված նյութը հեռացվեց «TACC»-ի և «Sputnik Արմենիա»-յի նյութերի հրապարակումներից քիչ ժամանակ անց: Որքանո՞վ է ճիշտ հեռացնել տեղադրված նյութը, այն էլ պետական լրատվամիջոցի կայքից, եթե կարելի էր ուղղակի հերքել տեղեկատվությունը: Նշենք նաև, որ «RIA Novosti»-ն նաև փոփոխություն է մտցրել իր նյութի վերնագրում` “Россия попросила Армению разобраться в ситуации с оружейным тендером”  (Նախորդը` “Россия направит Армении ноту протеста из-за срыва оружейного тендера”):

Տեղեկացնենք նաև, որ օգոստոսի 26-ին ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր սպառազինում ձեռք բերելու մրցույթի խափանման պատճառով քրեական գործ հարուցելու մասին: ORSIS ընկերության («Պրոմտեխնոլոգիա» խմբի մի մասը, որը տարիներ շարունակ զենք է մատակարարել Հայաստանին) ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյանը հայտարարել էր, որ իրենց մասնակցության հայտը մրցույթին մերժվել է գնահատող հանձնաժողովի կողմից կեղծ փաստարկների հիման վրա: Տվյալ հայտարարության հիման վրա քրեական գործ է հարուցվել՝ Հայաստանի Քրեական օրենսգրքի «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի» մասին հոդվածով: Սակայն «Պրոմտեխնոլոգիա» խումբը սեպտեմբերի 19-ին հայտարարել էր, որ դատական հայց չի ներկայացրել Հայաստանի պաշտպանության նախարարության դեմ սպառազինում մատակարարելու մրցույթի խափանման պատճառով: Ընկերությունը նաև գործընկերային և արդյունավետ հարաբերությունների վերադարձի հույս էր հայտնել:

 

Հեղինակ` Մելինե Հայրապետյան 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն