(VIDEO) Ինչո՞ւ չթույլատրեցին Վիտալի Բալասանյանին իրականացնել Շուշիի պաշտպանությունը. Արթուր Վանեցյան

article-image

«Հայրենիք» կուսակցության նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը նոյեմբերի 19-ին հարցազրույց է տվել «5-րդ ալիք»-ին։ 

«Հայրենիք» կուսակցությունը ներկայացրել է հարցազրույցի սղագրությունը։

Ինչու՞ պարտվեցինք և ինչու՞ ստորագրվեց կապիտուլյացիոն փաստաթուղթը

- Ինչի՞ց սկսեց այս պատերազմը։ Ես բազմիցս իմ հարցազրույցներում, իմ հրապարակային  ելույթներում և ոչ միայն ես, մշտապես ասել ենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից տարվող ապաշնորհ և ապիկար արտաքին քաղաքականության արդյունքում մենք ունենալու ենք պատերազմ։ Արդյո՞ք մեզ պատերազմ պետք է, թե՞ ոչ։ Իհարկե, ո՛չ, մեզ պատերազմ պետք չէր, ու ես էլի պնդում եմ, որ պետք չէ։ Ես համոզված եմ, որ հնարավոր էր Արցախյան հակամարտության հարցը լուծել դիվանագիտական խողովակներով, բանակցային գործընթացի շրջանակներում, այնինչ Նիկոլ Փաշինյանն իր յուրաքանչյուր քայլով տանում էր մեզ պատերազմի։ Իմ հարցազրույցներից մեկում ես հրապարակային հարց հնչեցրի Նիկոլ Փաշինյանին, ասացի՝ խնդրում եմ, գաղտնազերծե՛ք, թե ինչ փաստաթղթի շուրջ եք բանակցում Արցախի հարցով։ Նիկոլ Փաշինյանը ցինիկ պատասխան տվեց ԱԺ-ում, ասաց՝ «ինձ հարցնում են, թե ինչ թղթի շուրջ եմ բանակցում, ինչի շուրջ ուզում եմ, դրա շուրջ բանակցում եմ»։ Տեսանք՝ ինչի շուրջ էր բանակցում։ Այսինքն՝ եթե իր տրամաբանության մեջ դիտարկենք այդ հարցը, նա բանակցում էր Արցախի 100 տոկոսանոց  կապիտուլյացիայի շուրջ։ Ըստ էության, մենք այսօր ունենք խայտառակ կապիտուլյացիայի մասին հայտարարություն, 12 500 քառակուսի կմ-ից մեր վերահսկողության ներքո մնացել է շուրջ 2 500 քառակուսի կմ, այսինքն՝ 10 000 քառակուսի կմ մենք հանձնեցինք թշնամուն։ Դրա հետ մեկտեղ շուրջ 5 000 զոհ տվեցինք, պետությունը մաշվեց, այսինքն՝ մեր ֆինանսական միջոցները մաշվեցին, սպառազինություն չունենք, բանակը ծայրահեղ ծանր վիճակում է, տնտեսությունը ապագայում լինելու է ծայրագույն վիճակում, ունենալու ենք 7-8 հազար վիրավոր, որոնց պետք է օգնել և բուժել։

Նիկոլ Փաշինյանը տիրապետե՞լ է իրավիճակի մասին ամբողջական ինֆորմացիային

- 2018 թ․ մայիս ամսից սկսած՝ ես, որպես ԱԱԾ տնօրեն, պարբերաբար զեկուցել եմ Նիկոլ Փաշինյանին, այդ թվում՝ ԱԽ անդամներին, որ հայկական բանակն այսօր հնարավոր պատերազմի դեպքում պետք է պատրաստ լինի պայքարել թուրք-ադրբեջանական զինված ուժերի դեմ։ Նաև մեր մարտունակության մասին օբյեկտիվ տեղեկություններ մշտապես զեկուցել եմ Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն՝ 2018 թ․ մայիս-հունիս ամիսներին Նիկոլ Փաշինյանը իմացել է մեր բանակի իրական վիճակը։ Ես չեմ ասում, որ մեր բանակը եղել է անմխիթար վիճակում, քավ լիցի, բայց ժամանակակից աշխարհում, զարգացող աշխարհում նոր սպառազինությունների ամենօրյա, ամենամսյա վերազինման ժամանակ մենք պետք է կարողանանք բանակը համապատասխան ձևով մոդերնիզացնել։ Այնինչ 2,5 տարին բավականաչափ էր՝ այդ հարցը լուծելու։ Ի՞նչն էր ամենամեծ խնդիրը՝ օդը։ Մենք պարտվել ենք բացառապես օդը անպաշտպան լինելու հետևանքով։ Օդը անպաշտպան լինելու մասին խոսել են թե՛ հրապարակային, թե՛ փակ քննարկումների ժամանակ։ Այն գումարները, որ ծախսվել են անիմաստ, այդ թվում՝ ՍՈՒ 30 կործանիչների գնման համար, կարող էին գնել այնպիսի սպառազինություն, որ մեր օդը 100 տոկոս փակ լիներ։

Պատերազմի օրերին որտե՞ղ է եղել Արթուր Վանեցյանը

- Ես Արցախ առաջին անգամ այցելել եմ պատերազմական գործողություններ սկսելու 2-րդ օրը, այսինքն՝ սեպտեմբերի 28-ին։ Փոքր թվով՝ մոտ 10 հոգով, իմ ընկերների հետ, մենք մեկնել ենք Արցախ՝ մասնակցելու Արցախյան պատերազմին, այսինքն՝ փորձել ենք մեր հնարավորությունները և գիտելիքները  առաջարկել ՊԲ-ին։ Գտնվելով Արցախում շուրջ մեկ շաբաթ՝ ուղղակի արգելված էր խառնվել որևէ գործի։ Ինձ ուղիղ Նիկոլ Փաշինյանը չի արգելել, բայց ԱՀ ՊԲ-ի հրամանատարությունը, այդ թվում՝ Արցախի քաղաքական ղեկավարությունը հասկացնում էին, որ Նիկոլ Փաշինյանը դեմ է, որ մենք որևէ կերպ մասնակցություն ունենայինք Արցախյան այս պատերազմին։  Դա միայն ես չէի, մենք մշտապես նստած էինք մի սենյակում, որտեղ գտնվում էին առնվազն 10 գեներալներ, այդ թվում՝ լեգենդար հրամանատարներ, Արցախյան առաջին  պատերազմի մասնակիցներ, որոնք իրենց ունեցած գիտելիքներով և փորձով կարող էին շատ մեծ օգուտ տալ Արցախին։ Որևէ մեկիս առաջին 10 օրը չեն թույլատրել որևէ կերպ խառնվել այս պատերազմական գործողություններին։ Հիմա կշահարկեն, կասեն՝ ի՞նչն էր Ձեզ խանգարում՝ վերցնեիք ինքնաձիգ և գնայիք, կանգնեիք խրամատում։ Ոչ մի բան չէր խանգարում, վերջում դա էլ ենք արել, վերջում ես խրամատում կամ այլ գործողությունների մասնակցել եմ անձամբ, բայց մենք ունեինք մեծ խնդիր հրամանատարական կազմի հետ։ Կարող էին այդքան գեներալի գիտելիքներ օգտագործեին, այս կամ այն ուղղությամբ նշանակեին ինչ-որ մի տեղ ու ասեին, որ պատասխանատուն դուք եք։

Թե՛ նախագահներին, թե՛ Արցախի նախկին գեներալներին արգելված է եղել խառնվել որևէ ռազմական գործողությունների կառավարմանը, մեզ բոլորիս արգելել են, որից հետո Նիկոլ Փաշինյանը դարձյալ հանդես եկավ հայտարարությամբ, որ շատ ծանր է վիճակը, բոլորին կոչ եմ անում գնալ սահման։ Ես հանդես եկա էլի մարտակոչով, առաջին հերթափոխի համար  կար 100-ից ավելի կամավորական, և մենք մեկնեցինք Արցախ։ Մեզ հանձնարարվել էր իրականացնել պաշտպանություն, մենք պատվով իրականացրել ենք խնդիրը, ունեցել ենք 4 վիրավոր։ Այսօր նրանցից 3-ը ապաքինվել  է, մեկը դեռևս հիվանդանոցում է։

Իմ մասով ուզում եմ ձեզ և հանրությանը հայտնել, որ ես և իմ զորախմբի տղաները որևէ դիրք չենք լքել, եղել ենք ամենածանր տեղերում։ ՊԲ հրամանատարի ցուցումով եղել ենք թե՛ Շուշիի մերձակայքում, թե՛ Շուշի քաղաքի մեջ, թե՛ հետագայում հատված է մեզ տրվել, որտեղ խրամատավորվել ենք և պաշտպանել ենք։

Հնարավո՞ր է չեղարկել պատերազմի դադարեցման մասին փաստաթուղթը և ի՞նչ պետք է անի Նիկոլ Փաշինյանն այսօր

- Հիմա Նիկոլ Փաշինյանը փորձում է բոլորին մոլորեցնել, նաև միջազգային խաղացողներին՝ մասնավորապես ՌԴ-ին, և ասել, որ «ընդդիմությունը հիմա ուզում է իմ հրաժարականը, որպեսզի այդ փաստաթուղթը չեղարկի, և պատերազմը վերսկսի»։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք նման մտադրություն չունենք։ Այդ փաստաթուղթն արդեն իրողություն է, և մենք ունենք մի նպատակ՝ այդ փաստաթղթի արդյունքում վերջնական ստորագրվող պայմանագրում այնպիսի կետեր ավելացնել, որ լինի հայանպաստ։ Նիկոլ Փաշինյանը բարոյական իրավունք չունի և չի կարող հայանպաստ որոշումներ կայացնել, որովհետև ինքը արդեն պարտված առաջնորդ է։ Ինքը չի կարող մեր շահերը պաշտպանել։ Այս պայմանագրի իմպլեմենտացիան ինքը չի կարող անել։ Շատ վառ օրինակ է երեկվա դեպքը, երբ 7 գյուղ, որոնք, ըստ նախնական պայմանավորվածության, պետք է մնային հայկական վերահսկողության ներքո, հանձնվեցին Ադրբեջանին։

Եթե Նիկոլ Փաշինյանը ունենար բարոյականություն, պետք է վեր կենար, ներողություն խնդրեր, հրաժարական տար և հեռանար։ Այն, ինչ Նիկոլ Փաշինյանը անում է հիմա և առհասարակ պատերազմի ողջ ընթացքում, իր գործողություններն ուղղել է իշխանությունը պահպանելուն։ Պատերազմի շուտ չավարտելը, կեղծ լուրեր տարածելը, մի վառ օրինակ ամենաակնառու կեղծիքի՝ նոյեմբերի 9-ին, այսինքն՝ պատերազմի վերջին օրը, ցերեկը, Նիկոլ Փաշինյանը իր էջում գրում է․ «Շուշիի համար մարտերը շարունակվում են», այնինչ հետո պարզ դարձավ, որ նոյեմբերի 5-ից Շուշին արդեն չի եղել հայկական կողմի վերահսկողության ներքո, և նոյեմբերի 9 լույս 10-ին Նիկոլ Փաշինյանը ստորագրեց այդ խայտառակ կապիտուլյացիոն հայտարարությունը։ Հիմա հարց է առաջանում՝ ինչի՞ էր խաբում մինչև վերջին վայրկյանը․․․ Այն 5 000 զոհված տղաները զոհվել են հանուն Նիկոլ Փաշինյանի իշխանության։ Բոլորս պատրաստ ենք զոհվել հանուն հայրենիքի, մի վայրկյան աչքներս չենք թարթի, կզոհվենք հանուն Արցախի, հանուն Հայաստանի։ Եթե ես իմանամ՝ գալու ենք սեպտեմբերի 27-ի վիճակին, պատրաստ եմ ինքս զոհվել, միայն գանք այդ վիճակին։

Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը հետաձգում իր հրաժարականը և ինչի՞ համար են պայքարում 17 կուսակցությունները

- Ֆուտբոլի թիմը, երբ խայտառակ հաշվով պարտվում է իր հակառակորդին, ֆուտբոլի թիմի գլխավոր մարզիչը իր վրա է վերցնում պատասխանատվությունը և հեռանում է։ Չի ասում՝ ֆուտբոլիստը վատ է խաղում, չի ասում՝ սրանք վատ կռվեցին, նրանք վատ կռվեցին, սրանք փախան։ Ընկե՛ր, պատասխանատուն դու ես, «վեշերդ» հավաքի, գնա։ Գնա՛, թո՛ղ նորմալ մարդիկ գան, երկիրը «դզեն»։ Մենք ունենալու ենք ծայրահեղ դժվար ժամանակահատված, մենք ունենալու ենք անվտանգային խնդիրներ, ունենալու ենք սոցիալական, հումանիտար, առողջապահական միլիոնավոր խնդիրներ։ Ի վիճակի չէ այս մարդը, ինքը ունակ չէ, ինքը չգիտի՝ պետական կառավարումն ինչ է։ Հիմա ասում է՝ 17 կուսակցությունները պայքարում են պաշտոնի համար։ 17 կուսակցությունները չեն պայքարում պաշտոնի համար, 17 կուսակցություններն ասում են՝ «ընդունի՛ր քո պարտությունը, վերցրու՛ քո բաժին մեղքը, վերցրու՛ պատասխանատվությունը քեզ վրա, կագնի՛ր և ներողություն խնդրիր և հեռացի՛ր։

Ես հասկանում եմ, որ նա վախենում է, բայց օգտվելով առիթից՝ ուզում եմ ասել՝ ես անձամբ և իմ գործընկերները՝ քաղաքական դաշտի, պատրաստ ենք ֆիզիկական անվտանգության երաշխիքն էլ տալ Նիկոլ Փաշինյանին և իր ընտանիքին։ Որևէ մեկը իրենց հետ հաշվեհարդար չի տեսնի։

Ո՞վ է 17 կուսակցությունների՝ վարչապետի թեկնածուն

- Վարչապետի թեկնածուի հարց դեռևս 17 կուսակցությունները չեն քննարկել, բայց ես համոզված եմ, որ կան շատ ունակ ու խելացի մարդիկ, ովքեր կարող են այս դժվար պահին ստանձնել այդ պատասխանատու աշխատանքը և ղեկավարել երկիրը։ Բայց մի կարևոր հանգամանք կա, որի վրա կուզեի մեր հանրության ուշադրությունը դարձնել։ Նիկոլ Փաշինյանը հիմնական օրակարգից շեղվելու համար էլի բերել է մի կեղծ օրակարգ և ասում է՝ իմ այլընտրանքը նախկիններն են։ Ես ուզում եմ հայտարարել, որ որևէ պարագայում նախկինի վերադարձ չի լինելու, և մենք գնում ենք դեպի ապագա։ Ու խնդրում եմ մեր հանրությանը՝ դո՛ւրս եկեք փողոց, միացե՛ք մեր պայքարին։ Սա պայքար է՝ հանուն հայրենիքի, սա վերկուսակցական պայքար է։ Սա պայքար չէ քաղաքական դիվիդենտներ շահելու՝ սատարում եք այս կուսակցությանը, չեք սատարում այս կուսակցությանը, սիրում եք այս անհատին, չեք սիրում այս անհատին։ Դա այդ հարցը չէ, սա մեր երկրի, մեր ապագայի, մեր երեխաների համար պայքար է։

«Վիտալի Բալասանյանը Նիկոլ Փաշինյանին ասել է հետևյալը՝ «ո՞րն է ամենածանր ուղղությունը, որ ունենք ռազմաճակատում», Նիկոլ Փաշինյանն ասել է՝ Շուշին։ Բալասանյանն ասել է՝ «հանձնարարեք ինձ Շուշիի պաշտպանությունը, եթե ես չհաջողեմ, դա առիթ է, որ վեր կենաք ու հրապարակային ասեք՝ Վիտալի Բալասանյանը չկարողացավ իրականացնել Շուշիի պաշտպանությունն ու Շուշին ընկավ, «կհռչակեք ինձ դավաճան»։

Նիկոլ Փաշինյանը համաձայնել է ու ասել է՝ «գնացեք ու անցեք Շուշիի պաշտպանությանը»։ Բալասանյանը, սակայն, մինչև վերջին օրն այդպես էլ չի անցել Շուշիի պաշտպանությանը։ Բալասանյանին Արցախում ասացին, որ նման ցուցում մենք չենք ստացել. հիմա հարց՝ ինչո՞ւ չթույլատրեցին Վիտալի Բալասանյանին իրականացնել Շուշիի պաշտպանությունը»,- նշել է Վանեցյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն