Freedom House-ի հերթական վիճահարույց զեկույցը. Ամեն ինչ այդքան էլ հարթ չէ

article-image

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է համացանցի ազատության մասին իր ամենամյա զեկույցը (Freedom on The Net 2019):

Այս տարի զեկույցի հեղինակները մտահոգություն են հայտնում համացանցային ազատության դեմ վտանգների աճի կապակցությամբ: Զեկույցում նշվում է, որ միջսահմանային գործողությունները, որոնք առաջինը իրենց վրա մեծ ուշադրություն հրավիրեցին որպես 2016 թվականի ԱՄՆ նախագահական քարոզարշավում ռուսական միջազմտության հետևանք, ևս գնալով մեծ տարածում են գտնում: Չինաստանի, Իրանի և Սաուդյան Արաբիայի իշխանությունները և այլ պետություններ, որոնց ցանկը աճում է, ընդլայնել են առցանց միջավայրը շահարկելու և արտաքին քաղաքական արդյունքների վրա ազդելու իրենց ջանքերը»:

Համացանցային ազատության զեկույցը աշխարհի 65 երկրների համացանցային ազատության համապարփակ ուսումնասիրություն է, որը ներառում է աշխարհի համացանցային օգտատերերի 87 տոկոսը: Այս տարվա ուսումնասիրության համար օգտագործվել են ավելի քան 70 վերլուծաբանների աշխատանքները, որոնք կազմված են համապատասխան մեթոդաբանության հիման վրա` ներառելով ինտերնետ հասանելիությունը, խոսքի ազատությունը և անձնական տվյալների գաղտնիության խնդիրները: Այս տարվա զեկույցը ժամանակագրական առումով ընդգրկում է 2018թ. հունիսից 2019թ. մայիս ընկած ժամանակահատվածը:Զեկույցը արձանագրում է. Աշխարհում համացանցային ազատությունը շարունակում է նվազել. ուսումնասիրված 65 երկրներից 33-ը հետընթաց են գրանցել, իսկ 16-ը աճ են գրանցել: Ամենամեծ հետընթացը գրանցել են Սուդանը և Ղազախստանը, որոնց հետևում են Բրազիլիան, Բանգլադեշը և Զիմբաբվեն:

Ի՞նչ է արձանագրում զեկույցը Հայաստանի մասին

Նախորդ` 2018 թվականի համեմատությամբ` Հայաստանի ցուցանիշը 76 է` նախորդ տարվա համեմատությամբ ավելանալով 3 միավորով, հարևան Վրաստանը մեկ միավորով հետ է մնում՝ 75, և նույնպես դասվում է «ազատ» երկրների շարքին:

Հայաստանի մյուս երեք հարևանները ունեն «ոչ ազատ» երկրի կարգավիճակ.  Ադրբեջանն ունի 39 միավոր, Թուրքիան՝ 37, Իրանը՝ 15:

Գնահատման ցուցանիշը կազմված է 3 սանդղակների գնահատումից` հասանելիության արգելք (20/25), բովանդակային սահմանափակումներ (29/35) և օգտատերերի իրավունքների խախտումներ, այդ թվում և վերահսկողություն անձանց համացանցային գործունեության վերաբերյալ կամ այդ գործունեության հետևանքով քրեական եւ այլ հետապնդում (27/40):

Հայաստանը, Արգենտինան, Կանադան, Էստոնիան և Իսլանդիան այն պետություններն են, որոնց կառավարությունները որևէ քայլ չեն ձեռնարկել առցանց ոլորտը սահմանափակելու ուղղությամբ: Բացառությամբ 2017 թվականի` Հայաստանը նույնպես դասվել էր «ազատ երկրների» շարքին, սակայն, այս անգամ Հայաստանի զբաղեցրած աստիճանը անհամեմատ բարձր է:  2018 թվականին Հայստանը գտնվում էր 13-րդ սանդղակում:

«Հայաստանում դրական փոփոխությունները, որոնք սկսվել են 2018 թվականի Թավշյա հեղափոխությամբ, շարունակվում են: «Մասնավորապես, առցանց լրատվամիջոցների դեմ բռնությունները նվազել են, և թվային լրատվամիջոցները ավելի մեծ ազատություն ունեն տնտեսական և քաղաքական ճնշումներից», - նշում է զեկույցը:

Զեկույցում որպես գլխավոր հանգամանքներ նշվել են  հետևյալ իրադարձությունները.

  • «Թավշյա հեղափոխության զարթոնքով պայմանավորված` առցանց լրատվամիջոցների դեմ բռնությունները նվազել են:
  • 2018 թվականի սեպտեմբերին իշխանությունները, հիմնվելով կասկածելի փաստական տվյալների վրա,  ներխուժեցին Yerevan.Today լրատվական հարթակի գրասենյակ` բռնագրավելով համակարգիչները և խաթարելով լրատվականի աշխատանքը:
  • 2019  թվականի ապրիլին, Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալեց ֆեյսբուքյան էջի հեղինակին (Խոսքը «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջի մասին է: – խմբ.) «ռասսայական, կրոնական և էթնիկ ատելության տարածման» համար: Չնայած էջը վիրավորական նյութեր էր տարածում, ակտիվիստները մտավախություն հայտնեցին, որ այս ձերբակալությունը ենթադրում է հարձակում խոսքի առցանց ազատության վրա:
  • 2019 թվականի մայիսին ֆեյսբուքը ժամանակավորապես արգելափակեց հասարակական և քաղաքական ոլորտում Փաշինյանի մի քանի կողմնակիցների օգտահաշիվները: Ինքնահռչակ «Digital Granate» անհայտ խումբը պատասխանատվություն ստանձնեց այդ արգելափակումների համար:

Զեկույցը նաև նշում է, որ Facebook, Google և Twitter սոցիալական հարթակների` թափանցիկության վերաբերյալ վերջին զեկույցների համաձայն` Հայաստանի կառավարությունը որևէ նյութի հեռացման որևէ առաջարկություն չի ներկայացրել: Այնուամենայնիվ, կառավարությունը և որոշ ոչ իշխանական շրջանակներ, օգտագործելով Ֆեյսբուքի կողմից տրված հնարավորությունը, կարողացան հասնել նրան, որ արգելափակվեն քաղաքական ընդդիմախոսների օգտահաշիվները:

Զեկույցը բավական մանրամասն տեղեկություն էր տալիս հաշվետու ժամանակամիջոցում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ` նշելով, որ «թավշյա հեղափոխությունը» նպաստել է թվային մեդիայի աճին: Միևնույն ժամանակ զեկույցի հեղինակները նշում են նաև «հնարավոր» խախտումների մասին: Օրինակ`

«2019 թվականի մայիսին Փաշինյանը օգտագործեց Ֆեյսբուքը ցույցեր կազմակերպելու համար, որոնք պատասխան էին, որը երկրում արտակարգ դրության պայմաններում իր լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատելու վերաբերյալ դատարանի որոշմանը: Մի քանի հարյուր աջակիցներ, որոնք արձագանքեցին Փաշինյանի կոչին, ինչը Եվրոպայի Խորհուրդը այն որակեց որպես դատական համակարգի անկախության հնարավոր խախտում»:  

Հայաստանի լրատվական դաշտը ողողվել էր Freedom House-ի հրապարակմամբ: Շատ լրատվականներ հետաքրքիր վերնագրեր էին դրել` Հայաստանը ներկայացնելով որպես «Ասիայում ինտերնետային ցուցանիշներով առաջատար», («Հայկական Ժամանակ»), «Հայաստանը առցանց ազատության ոլորտում Եվրասիայի առաջատար» («News.am») և այլն: Սակայն այստեղ կա մեկ հետաքրքիր փաստ. զեկույցին կցված անիմացիոն քարտեզում կարող ենք նկատել, որ Եվրասիա մայրցամաքում գտնվող պետություններից շատերը որևէ տվյալ չի ներկայացրել իրավապաշտպան գործակալությանը` զեկույցի պատրաստման համար: Քարտեզում դրանք նշված են մոխրագույն գույնով:

Այդ պետություններն ընդգրկում են ամբողջ Բալկանյան և Սկանդինավյան թերակղզիները, Հունաստանը, Իտալիան, Շվեյցարիան, Լեհաստանը, Չեխիան, Ավստրիան, Իռլանդիան, Իսպանիան և Պորտուգալիան և այլ պետություններ: Ուստի այդքան էլ ճիշտ չէ զեկույցից նման հետևություններ անել:

Հարկ է նշել, որ զեկույցում տեղ է գտել Yerevan.Today լրատվական գործակալությունում տեղի ունեցած Ոստիկանության 6-րդ վարչության և Քննչական կոմիտեի խուզարկությունների և գույքի առգրավվման հետ կապված իրադարձությունների ժամանակագրությունը, սակայն ներկայացված չէ Aysor.am և News.am լրատվական ծառայությունների հետ Ոստիկանության առնչությունների մասին: 

Զեկույցի հեղինակների կողմից որպես ի գիտություն է ընդունվել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որտեղ վարչապետը նշում է, որ «այսօրվա լրատվամիջոցների 90%-ը այսօր գտնվում են նախկին իշխանությունների կամ ընդդիմության ձեռքում»: Ուսումնասիրության տակ չեն առնվել նաև այն փաստերը, երբ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սմավել Մարտիրոսյանը դեռևս վեց ամիս առաջ նշել էր, որ «Հայաստանից անցյալ տարվա երկրորդ կեսին, այսինքն՝ արդեն նոր կառավարության օրոք, Ֆեյսբուքից վեցը դեպքով փորձել են պետական մակարդակով ստանալ 81 օգտատիրոջ և օգտատիրուհու տվյալ։ Կոնկրետ յուզերների քանակով ռեկորդային թիվ է։ Դեպքերի կեսում որեւէ չափով Ֆեյսբուքը բավարարել է հարցումները»` կցելով նաև համապատասխան զեկույցը:

Հարկ է նկատել նաև, որ նշված իրադարձությունները հաշվի առնելով` նախորդ տարվա համեմատությամբ ընդամենը երեք նիշի բարձրացումը պետք է դիտարկել նաև նախորդ զեկույցի ընդգրկած ժամանակահատվածի համատեքստում` որպես ցուցանիշ, և արձանագրել, որ զեկույցի համար հիմք են հանդիսացել առավել կողմնակալ աղբյուրները, որոնք տրամադրվել են հայաստանյան տեղեկատվական դաշտը ուսումնասիրող կազմակերպությունների և մասնագիտական շրջանակներիկողմից:

Freedom House-ի զեկույցին անդրադարձել է նաև «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը` եզրակացնելով, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայաստանյան գործող և հայաստանյան ցանցը մշտադիտարկող կազմակերպություններից ոչ օբյեկտիվ տվյալներ է ստացել, որոնք էլ ազատ համացանց ունենալու մասին զեկույցի հիմք են հանդիսացել:

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնության ուսումնասիրությունները չեն համընկնում Freedom House-ի դիտարկումների հետ։ Պետք է նշել, որ համացանցային մամուլը 2018-2019 թվականներին աննախադեպ թվով դատական հայցեր է ստացել, թվով՝ 91։

2018-2019 թվականներին քրեական գործեր են հարուցվել համացանցում գործող էջերի նկատմամբ, որոնք դասակարգվել են որպես «Ֆեյք», անգամ տեղի է ունեցել ձերբակալություն:», - շեշտում է նախաձեռնությունը:

Հաշվի առնելով, որ վերջին ավելի քանի վեց ամիսների ընթացքում  Հայաստանում լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ իշխանությունների կողմից բազմաթիվ միջամտություններ և խախտումներ են արձանագրվել, ինչը, հուսանք, դուրս մնալով Freedom House գործակալության այս տարվա զեկույցի համար ուսումնասիրվող ժամանակացույցից, տեղ կգտնեն առաջիկա զեկույցներում և համապատասխան ազդեցությունը կունենան Հայաստանի իրական վարկանիշի ձևավորման վրա:

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն