Հայաստանը Կովկասի մաս չի կազմում, իսկ հայերը կովկասցի չեն. Նիկոլ Փաշինյանը չգիտի հայերի ծագումնաբանությունը

article-image

Նոյեմբերի 8-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ կազմակերպված ակցիայի մասնակիցներին, նա նաև հորդորեց երիտասարդներին զրուցել և գալ համաձայնության. «Ի վերջո բոլորս էլ կովկասցի ենք»,-ասաց նա, ինչին ՀՅԴ երիտասարդներից մեկն արձագանքեց. «Մենք կովկասցի չենք, արիացի ենք, պարոն վարչապետ։ Կովկասցիք այլ ժողովուրդներ են, մենք արիացի ենք»։

Հայաստանի վարչապետը, փաստորեն, ծանոթ չէ իր սեփական ազգի արմատներին ու ծագումնաբանությունը: Նա տեղյակ չէ` հայերը կովկասցի՞ են, թե՞ արիացի...

Երկրի վարչապետի պաշտոն զբաղեցնող մարդը ուղղակի պարտավոր է գոնե իմանալ իր ժողովրդի ծագումնաբանությունը և իր խոսքում նման սխալներ թույլ չտալ:

Այժմ ներկայացնենք մի շարք փաստեր, որոնք ցույց են տալիս, որ հայերը որևէ կապ չունեն «կովկասցի» հասկացության հետ:

Հայաստանը Կովկասի մաս չի կազմում, իսկ հայերը կովկասցի չեն։ Սա ակնհայտ է և՛ աշխարհագրորեն, և՛ էթնիկապես: Հայության բնօրրան Մեծ Հայքն իր տարածքով համընկնում է այն երկրամասին, որն աշխարհագրական բոլոր քարտեզներում կոչվում է Հայկական լեռնաշխարհ, որտեղ ձևավորվել է հայ ազգը ու անցել հազարամյակներ հարատևած պատմական զարգացման բոլոր փուլերը: Հետևաբար՝ Հայաստանը Կովկասում չի կարող «տեղադրվել», իսկ հայերը կովկասյան ազգ չեն կարող կոչվել:

Կովկասը ընդգրկում է Կովկասյան լեռնաշղթայի և նրա հյուսիսային և հարավային լանջերի շրջանը և միայն Վրաստանի հյուսիսային հատվածը կարող է համարվել Կովկաս, իսկ կենտրոնական և հարավային մասերը նրանից դուրս են: Վրաստանից հարավ ընկած Հայաստանը որևէ կապ չունի Կովկասի հետ:

«Հարավային Կովկաս» բառը բացարձակապես անընդունելի է հատկապես Հայաստանի Հանրապետության համար, որովհետև Հայաստանի պատմական հյուսիսային շրջանները` Գուգարքը, Լոռին, Ջավախքը, Տայքը, կովկասյան լեռնաշղթայից հեռու են 500-600 կմ, իսկ Հայաստանի կենտրոնական և հարավային  մասերը՝ մինչև 1000 կմ:

Պատմականորեն կովկասցի են աբխազները, ինգուշները, չեչենները, չերքեզները, կաբարդինները, ալանները, լաքերը, վրացիները, նույնիսկ Կրասնոդարի եւ Ստավրոպոլի երկրամասերում ապրող կազակները՝ որպես խառնածին համայնք:

Հայերը կովկասյան ազգությունների հետ նույնիսկ լեզվական առնչություններ չունեն, քանզի այստեղ ապրող ազգերի մեծ մասի՝ վրացիների, աբխազների, չեչենների-իչքերի, ինգուշների, ավարների եւ այլոց լեզուները պատկանում են կովկասյան լեզվաընտանիքին, իսկ հայերի, ալանների եւ ռուսների լեզուները՝ արիական-հնդեվրոպական լեզվաընտանիքին:

«Կովկասցի» եզրույթի գործածումով մեզ կտրում ենք հնդեվրոպական արմատից և համերաշխում «Կովկասյան ժողովուրդներ», «Ադրբեջանցի» աշխարհագրական հասկացություն ընկալվող մեր արևելյան հարևանների հետ, որոնք ունեն թյուրքական ծագում:

Այժմ ներկայացնենք մի շարք փաստեր, որոնք վկայում են, որ հայերը բուն արիներ (արիացիներ) են։

Ազգագրագետ Ալեքսանդր Վարպետյանն իր «Ովքեր են ի վերջո արիացիները» աշխատության մեջ գրում է. «Կուր-արաքսյան մշակույթը ձևավորվել է մ.թ.ա. 4-րդ հզ-ից` հիմնականում Արաքս գետի ավազանում, աստիճանաբար տարածվելով դեպի Հյուսիսային Կովկաս ու Սիրիա-Պաղեստին: Այն թույլ է տալիս ենթադրել, որ արիները որպես ազգամշակութային ինքնություն սկսել են կազմավորվել արևելապաշտության և կուր-արաքսյան մշակույթին զուգընթաց:

Մ. Խորենացին և շատերը Հայկ նահապետին համարում են «հայ»-երի, իսկ Արամ աստծուն «արմեն»-ների անվանատուները: Եվ իբրև թե այդ երկու տարբեր ցեղերի պատճառով հայերը իրենց երկիրն անվանել են Հայաստան, իսկ չգիտես ու՞ր անհայտացած «արմեն»-ների անվամբ օտարները հայ ազգն անվանեցին արմեններ, իսկ երկիրը՝ Արմենիա:

Ճարտարապետ և արևելագետ Մարտիրոս Գավուքճյանը «Հայ ժողովրդի ծագումը» խորագրով աշխատության մեջ անդրադարձել է այս հարցին. «ՀԱՅ անունը բարբառա-հնչյունական ձևափոխումների վերաճն է Արի` ԱՐ-ՀԱՐ-ՀԱՅ: Հարևանները Հայոց կոչում էին Ար-Մա, այսինքն Ար-որդիներ»:

Չկա մի երկրորդ լեզու, որը պարունակի ար արմատով այդքան բազմաթիվ բառեր, այն էլ կապված ` կենցաղի, առաջին անհրաժեշտության իրերի և նորընկալ երևույթների հետ:  Այս բոլորը բացահայտում են հայերենի «օրգանական» զարգացումը, վաղնջականությունը և նախկին արերի բանավոր բառարանի ուրվագիծը:

Ու թեև արի-ն և ար բառարմատը գտնում ենք Հնդեվրոպական բազմաթիվ լեզուներում, սակայն նրանց մեջ չկան`արև, արարիչ, արարում և սրանց հոլովմամբ առաջացած այդքան արմատական արտահայտություններ:

Համաձայն Մովսես Խորենացու կազմած «Հաբեթից սերող հայ նահապետների անվանացանկի»՝ 11 անուններից 6-ի մեջ գտնում ենք Արամ կամ հոմանիշ արմատը` Արամայիս, Արամանեակ, Ամասիա, Հարմա, Արամ և Արա Գեղեցիկ:

Ալեքսանդր Վարպետյանը գրում է. «Հայկական լեռնաշխարհը դեռևս շումերների ժամանակներից (մ.թ.ա. 5-3-րդ հազարամյակ) բնակեցված է եղել Ար կոչվող ցեղերով: Այս են փաստում Հայկական լեռնաշխարհի Ար արմատով անսահման տեղանունները, ինչպես` Արարատ, Արաքս, Արմավիր, Արմաղան, Արտաշատ և այլ նման անվանումները, որոնցից մեծ մասը ստուգաբանվում է Ար կամ Արա Աստծո անունով, ինչպես` Արա-գած`Արա-յի գահ, և այլն»:

Ի վերջո վերը թվարկված փաստերը վկայում են այն մասին, որ Հայաստանը Կովկասի մաս չի կազմում, իսկ հայերը կովկասցի չեն, այլ արիացի։ Սա ակնհայտ է և՛ աշխարհագրորեն, և՛ էթնիկապես:

Կարող ենք փաստել, որ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում հայ ազգի ծագումնաբանությանը, և ուսումնական ծրագրերից հայոց պատմություն առարկան հանելու և դրա համար տարբեր հիմնավորումներ գտնելուց առաջ լավ կլինի, որ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող առաջին դեմքը ինքը սկսի հայոց պատմություն ուսումնասիրել։

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

 

Օգտագործված գրականության ցանկ`

  • Ալեքսանդր Վարպետյան «Ո՞վքեր են ի վերջոյ արիացիները», Երևան 1990
  • Մ. Խորենացի «Հայոց Պատմություն», Երևան 1981
  • Մ. Գավուքճյան «Հայ ժողովրդի ծագումը», Մոնթրեալ 1982
  • Հ. Աճառյան «Հայերեն արմատական բառարան», 1971-79

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն