Կուսակցությունները որպես ժողովրդավարացմանը նպաստող և խոչընդոտող ինստիտուտներ․ «Հետհեղափոխական» Հայաստանի դեպքը

article-image

Անդրադառնալով «հետհեղափոխական» Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին ժողովրդավարության համատեքստում հարկավոր է ներկայացնել նաև ներկայիս կուսակցությունների դերակատարությունը որպես ներկայացուցչական մարմիններ՝ ելնելով այն փաստից, որ Հայաստանում գործում է ժողովրդավարության ներկայացուցչական մոդել և հաշվի առնելով «հետհեղափոխական» շրջանում նոր կուսակցությունների ի հայտ գալը, որոնք պետք է նպաստեին բազմակարծության ապահովմանը պետությունում, ինչը ազատական ժողովրդավարական վարչակարգի առանցքային բաղադրիչներից է։


Պատմական ակնարկ

Կուսակցությունները որպես այդպիսին առաջացել են Հին Հունաստանում, որոնք, ի տարբերություն ներկայիս կուսակցությունների չէին կրում ինստիտուցիոնալ բնույթ և ներկայացնում էին հասարակության մասնավոր հատվածի շահերը։ Հին Հունաստանում առկա էին երկու կուսակցություններ՝ պատրիկների կուսակցություն, որը ներկայացնում էր  ազնվական ընտանիքների շահերը և պլեբեյների կուսակցություն, որը ներկայացնում էր հարուստ առևտրականների և միջին խավի շահերը։ Թեև այս երկու կուսակցությունները հաճախ միախառնվում էին, սակայն որոշում ընդունելու գործընթացում դրանք հանդես էին գալիս որպես մրցակից կուսակցություններ։ Այսպիսով, ցածր խավի ներկայացուցիչները զրկվում էին քաղաքական կյանքին մասնակցելու իրավունքից։

Ներկայիս կուսակցությունների նախատիպերը առաջացել են Եվրոպայում 17-18-րդ դարերում, երբ ազնվական ընտանիքներին աջակցող կուսակցությունները սկսեցին հանդես գալ որպես հասարակության ներկայացուցչական մարմիններ։

Կուսակցությունների ձևավորման պատմության մեջ գերմանացի սոցիոլոգ Մաքս Վեբերը առանձնացրել է երեք փուլ՝ կուսակցությունները որպես արիստոկրատական խմբավորումներ, կուսակցությունները որպես քաղաքական ակումբներ և ներկայիս մասսայական կուսակցություններ։ Անդրադառնալով կուսակցությունների նախատիպերին՝ Վեբերը տարբերակում էր կուսակցությունների երկու տիպեր՝ էլիտար կուսակցություն և մասսայական կուսակցություն։

Էլիտար կուսակցությունը կազմված էր նշանավոր մարդկանցից՝ պետական պաշտոնյաներ, իրավաբաններ, լրագրողներ և այլն, կախված հասարակությունում իրենց ունեցած հեղինակության աստիճանից՝ ազդեցությունից, հարստությունից։ Մասայական կուսակցությունը ներառում էր քաղաքական գործիչներին՝ ընտրված ընտրությունների արդյունքում։ Մասսայական կուսակցությունների առաջացումը պայմանավորված էր նախ և առաջ ընտրական իրավունքի ընդլայնմամբ և աշխատանքային խավի համակարգված զարգացումով։ Առաջին մասսայական կուսակցությունը եղել է լիբերալ կուսակցությունը 1861թ․ Անգլիայում։ Մասսայական կուսակցությունը ժամանակակից կուսակցությունների նախատիպն է։

Նմանատիպ տարբերակում առաջարկել էր նաև կուսակցությունների ընդհանուր տեսության հիմնադիր, ֆրանսիացի գիտնական Մորիս Դյուվերժեն։ Նա  առանձնացնում էր կադրային և մասսայական կուսակցություններ։ Վաղ 19-րդ դարում, երբ ընտրական իրավունքից օգտվելը պայմանավորված էր քաղաքացիների ունեցվածքի չափից, կուսակցություններին անվանում էին կադրային։ Դրանք գոյատևում էին անդամների նվիրատվությունների միջոցով և նպատակ ունեին աջակցելու հիմնականում հարուստ և ազդեցիկ մարդկանց։ Այլ կերպ ասած, կադրային կուսակցությունների համար առաջնային էր որակը, այլ ոչ թե քանակը։ Կադրային կուսակցության նպատակն էր մոբիլիզացնել ազդեցիկ մարդկանց, որոնք հետագայում կկարողանան ներգրավել ընտրություններում ընտրողների լայն զանգվածին՝ անկախ իրենց գաղափարախոսական պատկանելիությունից։

Ինչ վերաբերվում է մասսայական կուսակցություններին, ապա դրանք առաջացան ընտրելու իրավունքի ընդլայնումից հետո և խորհրդարանացմանը զուգընթաց՝ ունենալով կազմակերպվածության բարդ կառուցվածք և գաղափարախոսական խորը հիմք։ Ի տարբերություն կադրային կուսակցությունների, այստեղ առկա էին անդամավճարներ, այլ ոչ թե նվիրատվություններ։ Ընտրական իրավունքի ընդլայնումը  հնարավորություն տվեց ավելի շատ մարդկանց դառնալ քաղաքականապես ներգրավված հասարակության քաղաքական կյանքում։ Սկսվեց կարևորվել անդամների ոչ թե հեղինակությունը, այլ քանակը։

Ընդհանրացնելով՝ կարելի է նշել, որ գոյություն ունեն կուսակցությունների առաջացման երեք տեսություններ.

Առաջին տեսությունը շեշտադրում է պատմական զարգացումը՝ նշելով, որ կուսակցությունները ընտրական համակարգերի ձևավորման և ընտրական իրավունքի ընդլայման, այսինքն՝ խորհրդարանական համակարգերի ձևավորման արդյունքն են։

Երկրորդ տեսությունը բացատրում է կուսակցությունների առաջացումը խորհրդարանից դուրս առկա գործոններով։ Այն ծագում է քաղաքական ազատությունների ընդլայնմամբ՝ խմբակցությունների ստեղծման ազատությամբ, հավաքների ազատությամբ, որը հնարավորություն տվեց մարդկանց հավաքվելու խմբերում, իսկ հետագայում ստեղծել կուսակցություններ։ Բացի այդ, կարևոր ազդեցություն ուներ նաև ընտրելու իրավունքը։ Կուսակցությունը դիտարկվում էր որպես մարդկանց շահերը արտահայտելու միջոց։

Երրորդ տեսության համաձայն կուսակցությունները հեղափոխության՝ տնտեսական ու մշակութային մոդերնիզացիայի արդյունքն են։ Այս տեսությունը ունի երկու մոտեցում։ Առաջին մոտեցման համաձայն շեշտադրվում է մոդերնիզացիայի գործընթացը։ Իսկ երկրորդ մոտեցման համաձայն կարևորվում են սոցիալական ցնցումները, ճգնաժամերը, պատմական և քաղաքական բեկումները։ Ըստ ֆրանսիացի սոցիոլոգ Ալեքսիս դը Տոկվիլի՝ գոյություն ունեն կուսակցությունների երկու տեսակներ՝ կուսակցություններ, որոնք առաջնորդվում են գաղափարախոսությամբ և կուսակցություններ, որոնք առաջնորդվում են շահերով։ Շահերի մասին խոսելիս հարկ է առաջանում կուսակցությունները չշփոթել միությունների, ֆեդերացիաների, հասարակական կազմակերպությունների  և այլ խմբերի հետ։


Կուսակցությունների դերակատարությունը Հայաստանում ժողովրդավարական վարչակարգ հաստատելու համատեքստում

Կուսակցությունները որպես ներկայացուցչական դերակատարներ ՀՀ-ում ազատական ժողովրդավարական վարչակարգ հաստատելու գործընթացում ավելի շատ խոչընդոտող դերակատարություն են ունեցել, քան խթանող։ Նախ և առաջ սա պայմանավորված է ԽՍՀՄ ժառանգությունից մնացած անձնակենտրոն կուսակցությունների ձևավորմամբ, որի գաղափարախոսությունը պետք է գերիշխող դիրք զբաղեցներ պետությունում։ Բացի դա, առկա էր թույլ ընդդիմություն, որի հետևանքով ազատական ժողովրդավարական վարչակարգերին բնորոշ բազմակարծությունը սկսում էր կրել սահամանափակ բնույթ, քանի որ առկա չէր գաղափարախոսական բազմազանություն։

Թեև 2017թ․ ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրություններով Հայաստանը անցում կատարեց կառավարման խորհրդարանական համակարգին (Սահմանադրական բարեփոխումներ 2015թ․)՝ այնուամենայնիվ, տեղի ունեցած փոփոխությունները չնպաստեցին բազմակուսակցական համակարգի ձևավորմանը՝ չապահովելով գաղափարախոսական բազմակարծություն, որը, որպես կանոն, առկա է լինում խորհրդարանական կառավարման ձև ունեցող պետություններում։

2018թ․ ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած «հեղափոխությունը», որը ներկայացվում է որպես ավտորիտար վարչակարգի դեմ ուղղված շարժում և ժողովրդավարական վարչակարգին անցման միջոց, նույնպես ձախողել է պետությունում գաղափարախոսական բազմակարծություն ապահովելու պայմանը (վառ օրինակ է հասարակության բաժանումը սև և սպիտակ ուժերի)։ 

Բացի այդ, թեև «Իմ քայլը» դաշինքը իր նախընտրական ծրագրում կարևորում է օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը, մարդու իրավունքների լիարժեք պաշտպանությունը և կիրառելիությունը, կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը (ինչը ազատականության և լիբերալ ժողովրդավարության գաղափարախոսության մաս է կազմում), այնուամենայնիվ, դաշինքի առաջնորդ Ն․ Փաշինյանը հայտատրել էր, որ ինքն իրեն լիբերալ չի համարում. «աշխարհում «իզմ»-երը կորցրել են իրենց նախնական նշանակությունը»։,-նշել էր Փաշինյանը։ Ազատական ժողովրդավարության ձևավորման համար անհրաժեշտ է, որ ոչ միայն կուսակցության ծրագիրը հիմնված լինի ազատականության և լիբերալ ժողովրդավարության վրա, այլև կուսակցության անդամները նույնպես առաջնորդվեն այդ սկզբունքներով։

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա մինչ օրս այն շարունակում է մնալ «հավատարիմ» իշխող կուսակցությունը։ Սա թերևս պայմանավորված է ընդդիմություն ներկայացնող «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ոչ ինստիտուցիոնալացվածությամբ, ինչպես նաև հեղափոխության օրերին համահայկական շարժման մաս կազմելով և աջակցելով Ն․ Փաշինյանին նախկին ռեժիմի տապալումից հետո։ Բացի այդ, գաղափարախոսական ոչ լայն բազմազանությունը («Իմ քայլը» դաշինք՝ ազատականություն, լիբերալ ժողովրդավարություն, «Լուսավոր Հայաատան»՝ լիբերալիզմ, «Բարգավաճ Հայաստանը»՝ պահպանողականություն, տնտեսական լիբերալիզմ) խոչընդոտում է առողջ քաղաքական բանավեճի ծավալմանը խորհրդարանում, հաշվի առնելով նաև այն, որ կուսակցությունների անդամները իրենք մասամբ են կրում իրենց կողմից որդեգրած գաղափարախոսական արժեքները։

Ընդդիմությունը ժողովրդավարական վարչակարգերի համար անհրաժեշտ տարրերից է որպես այլընտրանք գործող իշխանությանը։ Ընդդիմությունն ունի քննադատելու, վերահսկելու, այլընտրանք առաջարկելու գործառույթ։ Առանց ընդդիմության կառավարությունը կխորասուզվի ինքնագոհության և ինքնաբավարարության մեջ ու կձախողի առաջարկել այլընտրանքներ։ Ինչպես նշում է ամերիկացի քաղաքագետ Էլմեր Շատշնայդերը՝ կուսակցությունները կերտում են ժողովրդավարություն։ Միևնույն ժամանակ կուսակցությունները դիտարկվում են որպես ժողովրդավարության համար խոչընդոտ։ Դա պայմանավորված է նրանով, որ կուսակցության առաջնորդը երբեմն դիտարկում է կուսակցությունը որպես միջոց ձեռք բերելու իշխանություն և պետական պաշտոն։ Այլ կերպ ասած, կուսակցության առաջնորդը նույնացնում է իրեն կուսակցության հետ, շփոթելով իր սեփական շահերը կուսակցության շահերի հետ։ Այսինքն, ի հայտ է գալիս առաջնորդի կողմից դրսևորվող բռնապետություն՝ հիմնվող մասսայի հուզականության շահագործման վրա։ Ամբողջ օբյեկտիվ քննադատությունն ուղղված կուսակցությանը առաջնորդն ընդունում է որպես անձնական վիրավորանք։ Սա ցույց է տալիս կուսակցության առաջնորդի անկարողությունն արդարացիորեն դիտարկելու մրցակցային քննադատությունը։ Առաջնորդը հայտարարում է իրեն անձնապես վիրավորված, որպես կանոն միտումնաբար, որպեսզի հանդես գա որպես անհիմնավորված հարձակման անմեղ օբյեկտ (նմանատիպ օրինակ է՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության դիմաց նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդների բողոքը, որի կարգավորման համար երիտասարդների հետ հանդիպման էր եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը)։ Եվ հակառակը, եթե «հարձակումը» ուղղված է կուսակցության առաջնորդի դեմ, առաջնորդը ներկայացնում է այն որպես «հարձակում» ուղղված ամբողջ կուսակցությանը, երբեմն՝ պետությանը (այսպես, որևէ հակահեղափոխական ուժ դիտարկվում է որպես ազգի դավաճան ու դավադիր)։

Առաջնորդը դիմում է նման քայլի՝ ապահովելու համար կուսակցության հանդեպ քաղաքացիների աջակցությունը և որպեսզի ճնշի հակառակորդներին իր կուսակցության անդամների քանակով։ Սակայն, նման քայլի դիմելուց առաջ առաջնորդը պետք է հաշվի առնի նաև քաղաքացիների կողմից անվստահության հնարավոր արտահայտումը։ Վստահությունը կուսակցությունների հանդեպ անհետանում է այն ժամանակ, երբ առկա է ներկայացուցչական գործառույթի ձախողում, հակակառուցողական հռետորաբանություն, քաղաքացիների ներգրավվածության պակաս և քաղաքացիների պահանջների նկատմամբ կուսակցության կողմից քաղաքական պատասխանատվության պակաս (քաղաքական գործիչների կողմից արված քարոզչական խոստումներ կամ «անհոգ» հայտարարություններ)։ Կուսակցության կողմից պոպուլիզմի օգտագործումը նպատակ ունի վերացնելու պլյուրալիզմը (բազմակարծությունը), որը դիտարկվում է որպես խոչընդոտ մարդկանց ընդհանուր կամքն արտահայտելու համար։ Սա ուղղակիորեն վտանգ է հանդիսանում ժողովրդավարության, ինչպես նաև կուսակցական համակարգի համար։

Ամփոփելով, կարող ենք ասել, որ կուսակցություններից (այդ թվում առողջ ընդդիմությունից) են կախված քաղաքական փոփոխությունների ու բարեփոխումների, կուսակցական համակարգի ամրապնդման ու ժողովրդավարացման արդյունավետությունը։ Հակառակ դեպքում կուսակցությունները հանդես կգան ոչ թե որպես ներկայացուցչական և ժողովրդավարության համար կենսական նշանակություն ունեցող ինստիտուտներ, այլև որպես սեփական շահերն առաջ քաշելու և պետական պաշտոն ստանալու միջոց, ինչը վտանգի տակ է դնում ժողովրդավարացման գործընթացը։

 

Հեղինակ՝ Լուսինե Հակոբյան

 

Գրականության ցանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն