Այնտեղ, որտեղ ավարտվում են Աննա Հակոբյանի իրավունքները. Վարչապետի տիկնոջ հրավերը` ուղղված Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևային

article-image

Բազմիցս անդրադարձել ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ` Աննա Հակոբյանի հասարակական և քաղաքական գործունեությանը: Տիկին Հակոբյանը արդեն իսկ հասցրել է բազմաթիվ հակասական հայտարարություններով հանդես գալ այն հարցերի և խնդիրների շուրջ, որոնք վերաբերում են պետական քաղաքականության վարմանը, Հայաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերներին, և, որ գլխավորն է, Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին:

Ներկայիս իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դեռևս նախորդ տարվանից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրի շուրջ բազմաթիվ իրարամերժ և, մեղմ ասած, ոչ կառուցողական հայտարարություններով են հանդես գալիս: Մինչև օրս դեռևս հայտնի չէ, թե «թավշյա հեղափոխության» հաղթանակից հետո ինչպես է պատկերացնում այսօրվա քաղաքական իշխանությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման լուծումը, և որ ամենակարևորն է, ինչպիսին է տեսնում Արցախի ապագան:

Այս հարցի շուրջ հայտնի է Նիկոլ Փաշինյանի անհիմն դիրքորոշումը. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար»: Այս պնդումը չի դիմանում որևէ պարզ քննադատության: Սա անուղղակիորեն փաստեց նաև Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը BBC Hard Talk հայտնի հարցազրույցի ընթացքում:

Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունենում, որոնք հետաքրքիր զարգացումներ են խոստանում: Արդեն իսկ այսօր սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Մինչև պաշտոնական Երևանը այս խնդրի շուրջ բավարարվում է արարողակարգային հայտարարություններով, Ադրբեջանում բավական ակտիվ են այս հարցում:

Այս օրերին պաշտոնական այցով Ադրբեջանում էր գտնվում ռուս արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ վերջիններս արեցին բազմաթիվ հայտարարություններ, որոնք որևէ արձագանք չստացան հայկական դիվանագիտական բարձր շրջանակների և արտգործնախարարության կողմից: Հետաքրքիր էր գոնե պարզաբանել, թե, օրինակ, ինչի մասին է խոսում Սերգեյ Լավրովը` «ի վերջո Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությունն է որոշելու իր ապագան» ասելով:

Մինչ պաշտոնական և տվյալ հարցերի շուրջ պատասխանատու շրջանակները լռում են և առիթ են ստեղծում մասնագիտական և հանրային շրջանակներում բազմաթիվ վերլուծությունների և կարծիքների (երբեմն` վտանգավոր և անհիմն) գոյության համար, իրեն քաղաքական ասպարեզում փորձում է ՀՀ կառավարությունում, Ազգային ժողովում որևէ իրավական և փաստացի կարգավիճակ չունեցող, այս գործընթացում պարզապես վարչապետի ընտանիքի անդամ` նրա տիկինը հանդիսացող Աննա Հակոբյանը:

«Հեղափոխությունից» հետո հիմնադրված սկանդալային լուրերով հայտնի հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագիր Աննա Հակոբյանը դեռևս նախորդ տարվանից էր հանդես գալիս «խաղաղասիրական» կոչերով և խնդրում էր ադրբեջանցի մայրերին ակտիվ դերակատարություն ունենալ հակամարտության կարգավորման գործում և կանխել «հանուն ոչնչի» զինվորների մահը:

Այսօր` Բրատիսլավայում արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ, Աննա Հակոբյանը հանդես է գալիս հերթական ցնցող հայտարարությամբ.

««Մի քանի օր առաջ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան «Տելեգրամ»-ի իր էջում գրել էր, որ իրենց բոլորի երազանքն է մուղամ լսել Արցախում: Ես Մեհրիբան Ալիևային հրավիրում եմ Արցախ, և նա կլինի մեր հյուրը: Մեր ժողովուրդը, արցախցիները գիտեն՝ ինչպես ընդունել հյուրին, ինչպես հարգել հյուրին և ընդունված մեր հյուրընկալության կանոններից է նաև հյուրին պատվել իր ցանկացած երաժշտությամբ: Մենք կարող ենք ապահովել մուղամը, մենք կարող ենք իրականացնել նրա երազանքը և Ղարաբաղում նա կլսի իր սիրելի մուղամը: Սա հրավեր է և եթե նա ընդունի այդ հրավերը՝ պատրաստ եմ ինքս էլ հյուրընկալվել Բաքվում»»:

Նախ պետք է հասկանալ, թե ինչ դիրք ունի Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան: Դեռևս 2017 թվականին նախագահ Իլհամ Ալիևը Մեհրիբան Ալիևային նշանակել է Ադրբեջանի փոխնախագահ: Փոխնախագահ Ալիևան հանդիսանում է պետության երկրորդ դեմքը և նախագահի բացակայության, հրաժարականի կամ նախագահական նոր ընտրությունների ժամանակ փոխարինում է նախագահին:

Ըստ այդմ, քաղաքական որևէ դիրք չունեցող Աննա Հակոբյանը, որը օգտվում է վարչապետի կինը լինելու և հանրային դեմք համարվելու իրավունքից,  քաղաքական հայտարարություն անելով հանդերձ` դիմում է այլ պետության պետական բարձրաստիճան պաշտոնյանի: Ավելին, հետաքրքիր է այն հանգամանքը, որ Աննա Հակոբյանը խոսում է Արցախի Հանրապետության իշխանությունների անունից, ավելին, պատրաստ է հնարավորություն տալ Ալիևային «իր սիրելի մուղամը լսել»: Հետաքրքիր կլիներ տեսնել Արցախի իշխանությունների վերաբերմունքը Աննա Հակոբյանի հայտարարության շուրջ: Այն դեպքում, երբ վարչապետ Փաշինյանը իր ղեկավարման սկզբում նշում էր, որ մանդատ չունի ներկայացնելու Արցախի ժողովրդին, ապա ինչ մանդատով է նրա կինը հյուրընկալում Ադրբեջանի փոխնախագահին:

Կարելի է փաստել, որ Աննա Հակոբյանը, նման պոպուլիստական  և անիմաստ հայտարարություններով և քայլերով հանդես գալով, վնասում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Վերջին մտահոգիչ զարգացումների ֆոնին Աննա Հակոբյանը լրացուցիչ քաղաքական, հասարակական ճնշում է ստեղծում առանց այդ էլ փակուղում գտնվող բանակցությունների համար:

Աննա Հակոբյանին կոչ ենք անում զերծ մնալ քաղաքական այն հայտարարություններից, որոնք կարող են խնդիր ստեղծել և վնասել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների իրականացմանը, և իր գործունեությունը ծավալել այն միջավայրում, որտեղ տարածվում են վարչապետի տիկնոջ և հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահի իրավունքները:

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը