Հունվարի 27-ից հասարակությունը սոցիալական հարթակներում տարածում է «Հայկական Ժամանակ» օրաթերթի մի նյութ, որը վերաբերում էր Արցախի Քաշաթաղի շրջանի բնակիչներին:
Նյութում ասվում է, որ որոշ մարդիկ զանգել են քաշաթաղցիներին (որոնք տեղահանվել և ժամանակավորապես ապաստան են ստացել Հայաստանում) և վաղը նրանց կանչել Հանրապետության հրապարակ՝ «իրենց տների հարցը լուծելու»: Թերթի հետ զրույցում «քաշաթաղցին» ասել է. «Իրենք մտածում էին, որ մենք Արցախից ենք եկել, ամեն ինչ կորցրել ենք, հիմա հեշտությամբ մեզ ոտքի կհանեն: Իրենք գիտեն, որ մենք տան խնդիր ունենք, էն կետին են խփում, որ թույլ է քաշաթացիների մոտ: Բայց մեծ մասը հասկացել էր, որ սա քաղաքական խաղ է, մեզ օգտագործում են: Շատերն ասում էին, որ հազիվ ենք 30 տարվա ստրկությունից դուրս եկել, ազատագրվել ենք: Ոչինչ, որ էսօր տուն չունենք, 5 տարի հետո կունենանք: Գիտեն թե Ղարաբաղում ենք ապրել, ձորերում, ոչ մի բան չենք հասկանում: Մենք շատ լավ գիտենք, որ մեր հողերը 30 տարի ծախված ա եղել, ծախել են Սերժն ու Քոչարյանը, բոլորն էլ գիտեն: Նիկոլ Փաշինյանը մեր աչքերը բացել ա, կարողանում ենք իրարից տարբերել ճիշտն ու սխալը: Փառք աստծո ամեն ինչ գիտենք, մեզ խաբելը դժվար է»:
Թերթի լրագրողի հետ զրուցած «տարօրինակ հեռախոսազանգի տերը» ավելացրել է, որ ՀՀ իշխանությունները իրենց բոլոր խնդիրներով զբաղվում են և իրենք չեն պատրաստվում որևէ հանրահավաքի մասնակցել:
Այս հոդվածը, ինչպես շատ հաճախ է պատահում նման քարոզչական նյութերի դեպքում, տարածվեց իշխանական արբանյակ «լրատվական կայքերի» կողմից: Օրինակ` «MediaNews», «NewArmenia», «365news» և այլն:
Այսօր արդեն, իշխանական մեկ այլ արբանյակ` «1in.am» լրատվական կայքը նյութ էր հրապարակել` դարձյալ զրուցելով Հայաստան ապաստան գտած քաշաթաղցու հետ: Եթե ընդհանուր առմամբ նյութը համեմատենք «Հայկական ժամանակ»-ում տեղ գտած նյութի հետ, ապա կհամոզվենք, որ մեծ հաշվով որևէ բովանդակային տարբերություն երկու հրապարակումներում չկա:
Հետաքրքիր է, որ երկու հրապարակումներում էլ լրատվականների հետ զրուցած քաղաքացիները ծավալուն քաղաքական հայտարարություններ են անում. փնովում են նախորդ իշխանություններին, գովաբանում Նիկոլ Փաշինյանին և ներկայիս իշխանություններին: Իսկ կառավարության դիմաց քաշաթաղցիները, զարմանալիորեն այդքան էլ հակված չէին «քաղաքական հայտարարություններ» անելու, ավելին, նրանք անընդհատ շեշտում էին, որ սրա մեջ քաղաքական տարր փնտրել չի կարելի:
Կարծում ենք` հարցը այստեղ ոչ այնքան քաշաթաղցիներին հանրահավաքի հրավիրելն էր, ինչը խիստ կասկածելի է, այլ այն, թե ինչպես է մի տեղահանված «քաշաթաղցի» խոսում իր կորստի մասին: Ավելին, այդքան խնդիրների մեջ հիշում, որ «հողերը 30 տարի ծախված ա եղել», թե ովքեր են ծախել, ու ով է, իրենց տեղահան անելով հանդերձ, բացել իրենց աչքերը, իսկ մյուս կողմից վիրավորում իրենք իրենց` ասելով, թե «Ղարաբաղում ենք ապրել, ձորերում»:
Սակայն զավեշտը հասնում է գագաթնակետին միայն սույն հրապարակումից 2 օր անց, երբ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի տեղահանված քաղաքացիները կառավարության շենքի առաջ ցույց են անում:
Երկու օր առաջ «Ոչինչ, որ էսօր տուն չունենք, 5 տարի հետո կունենանք» ասող տեղահանված քաշաթաղցին, որի բոլոր խնդիրներով նաև ՀՀ իշխանությունները զբաղվում են, ցույց է անում կառավարության շենքի առաջ. տուն է ուզում, գույք է ուզում, փոխահատուցում է ուզում:
Օրինակ, Քաշաթաղից տեղահանված կինը ասում է. «Անտեր ու դուրս թողած ա, վարձով ինչքան կարան մարդիկ մնան ստեղ: Ոչ մի օգնություն չեն տալիս, չենք օգտվում մնանք: Մենք մեր կորցրած տունն ենք ուզում»:
Մի քաշաթաղցի էլ ներկայացնում է ստեղծված իրավիճակը. «Մենք ուզում ենք փոխհատուցում: Մենք ուզում ենք` մեզ մարդ զգանք: Մենք մեր բնակավայրերից բռնի տեղահանվել ենք, հիմա պահանջում ենք մեր ունեցվածքի փոխահատուցում: Մենք եղել ենք ռազմի դաշտում: Մեր տարածքները հանձնվել ա: Էստեղ Հայաստանի տարբեր մարզերում բնակվող մեր քաղաքացիներն են: Կա, որ մի սենյակի մեջ 12 անձ են ապրում: Կա, որ մի սենյակում 4 ընտանիք ա բնակվում»:
Բերձոր քաղաքի բնակիչն էլ հավաստիացնում է, որ ոչ ոք ներկայումս անվտանգության երաշխիքներ չի կարող տալ. «Ով կասի` վերադարձեք, անվտանգ է Բերձորում, թող իր ընտանիքի հետ գա ու իմ տանն մեջ ինձ հետ ապրի»: Ավելին, քաղաքացիներին նույնիսկ իրենց գույքը տեղափոխելու հնարավորություն չի տրվել, իսկ իրենց բնակավայրերը լքել են ադրբեջանական զորքի ներկայությամբ: Կհիշենք, թե դեռևս Քաշաթաղի շրջանի հանձնումից առաջ ինչպես էին իշխանությունները հայտարարում, որ շրջանի որոշ համայնքներից տարհանման կամ բնակչության տեղափոխման անհրաժեշտություն չկա, իսկ այնուհետև բնակիչները անակնկալի եկած դուրս եկան իրենց տներից:
Քաղաքացիները նշում են, որ Հայաստանի կառավարությունից իրենց փոխանցվել է 300 և 68 հազարական դրամ միանվագ վճար: Այնուամենայնիվ, Հայկազյան համայնքի ղեկավարը նշում է, որ քաշաթաղցիների մոտ 20 տոկոսը չի կարողացել օգտվել նշված վճարներից` ծրագրերում առկա խնդիրների պատճառով:
Ինչ է ստացվում. 2 օր առաջ «տան համար թեկուզ 5 տարի սպասելու պատրաստ» քաշաթաղցին կառավարության դիմաց պնդում է, որ իրեն ընդունի վարչապետը, պահանջում է իր տունն ու գույքը:
«Հայկական Ժամանակի» և մյուսների իշխանական մանիպուլյացիաները նորություն չեն: Սակայն տեղահանված, իր տունը կորցրած ժողովրդի անունից ստերն ու մանիպուլյացիաները տարածելն ու շահարկումները հանուն ընդդիմադիրների վարկաբեկման և սեփական շահերի ծառայեցնելու փորձերը շարունակում են մնալ վարչապետի ընտանեկան թերթի և դրա արբանյակների գործելաոճը:
Աղբյուր` AntiFake.am