Ջալալ Հարությունյանի վիրավորման առեղծվածը. սպանություն, սպանության փորձ և թաքցված իրականություն. շղթայական բացահայտում

article-image

Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում` հոկտեմբերի 27-ին, տեղեկատվություն ստացվեց, որ վիրավորվել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը:

Ադրբեջանական աղբյուրներում ակտիվորեն տարածվում էր մի տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է ադրբեջանական անօդաչու թռչող սարքը հարվածում ընթացքի մեջ գտնվող մեքենային, և այնուհետև, թե ինչպես են օգնություն ցուցաբերում վիրավորներին: Ադրբեջանը պնդում էր, թե սպանել են ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին:

Հայկական կողմը հաստատել էր Ջալալ Հարությունյանի վիրավորվելու մասին տեղեկությունը, սակայն պնդել, որ ՊԲ նախկին հրամանատարը վիրավորվել է մարտական դիրքում: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը «Արմենպրես» լրատվական գործակալությանը հայտնել էր, որ ադրբեջանական աղբյուրներում առկա տեսանյութը որևէ առնչություն չունի Ջալալ Հարությունյանի վիրավորման հետ, իսկ Հարությունյանը վիրավորվել է մարտական դիրքում:

Ավելի ուշ, «մարտական դիրքում վիրավորման» փաստը հաստատել էր նաև Արայիկ Հարությունյանը, որը, ներկայացնելով ՊԲ նոր հրամանատարին, նշել էր, որ «Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի հրամայական է՝ պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով և տարամեկնաբանությունների առիթ չպետք է հանդիսանա»:

Վիրավորումից հետո գեներալ-լեյտենանտ Հարությունյանին ՊԲ հրամանատարի պաշտոնում փոխարինեց գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը: Ջալալ Հարությունյանը Արցախի նախագահի հրամանագրով արժանացել է նաև Արցախի հերոսի կոչման` հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար:

Վիրավորումից հետո Հարությունյանը երկարատև բուժում է ստանում: Նախորդ տարեվերջին հայտնի դարձավ, որ ՊԲ նախկին հրամանատարը դուրս է գրվել հիվանդանոցից և բուժումը շարունակում է տնային պայմաններում:

Ջալալ Հարությունյանի վիրավորման դեպքի առնչությամբ այդ ժամանակ բազմաթիվ թեզեր և ենթադրություններ կային, որոնք սակայն հերքվում էին պաշտոնական պարզաբանմամբ` «ՊԲ հրամանատարը վիրավորվել է մարտական դիրքում»:

Այսօր` հունվարի 30-ին, ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ մահափորձ կատարելու հատկանիշներով քրգործ է հարուցվել: Քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ–ի 34-104-րդ հոդվածի 2–րդ մասի 1֊ին, 6֊րդ, 13֊րդ կետերով և 185–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետով: Գլխավոր դատախազությունից «Sputnik Արմենիա»-յին հայտնել են, որ Հարությունյանը հարցաքննվել է, իսկ քրեական գործում դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա:

ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2–րդ մասի 1֊ին կետը սահմանում է՝ սպանության փորձ երկու և ավելի անձանց նկատմամբ, իսկ 185-րդ հոդվածը սահմանում է գույքը դիտավորությամբ ոչնչացնելը:

Սակայն դատախազության պարզաբանմանը հակասում է ավելի ուշ Քննչական կոմիտեի խոսնակի տարածած հայտարարությունը, ըստ որի` Ջալալ Հարությունյանը տուժողի կարգավիճակ ունի: Այս պարագայում կարելի է քննարկել երկու վարկած. կա՛մ ՀՀ իրավապահ մարմինները տեղյակ չեն միմյանց գործունեությունից, և նախաքննությունը հսկող դատախազը չի տիրապետում քրեական գործի մանրամասներին, կա՛մ իմանալով հանդերձ Ջալալ Հարությունյանի` ուժող ճանաչվելու փաստը` դատախազությունը միտումնավոր կերպով թաքցրել է վերջինիս դատավարական կարգավիճակը:

Այստեղ է, որ հարցերը միայն ավելանում են:

Վերադառնալով ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի` մարտական դիրքում վիրավորվելու ու ներկայումս` մահափորձ կատարելու հատկանիշներով քրեական գործ հարուցվելու և վերջինիս` տուժող ճանաչվելու փաստին` շարունակենք հարցադրումներով.

  1. Ինչու՞ էր ակտիվ պատերազմական փուլում Պաշտպանության բանակի հրամանատարը գտնվում մարտական դիրքում` շարքային զինվորի կողքին, այլ ոչ թե հրամանատարական շտաբում:
  2. Ինչու՞ պետք է մարտական դիրքում գտնվող Պաշտպանության բանակի հրամանատարի նկատմամբ մահափորձ կատարվեր: Ո՞վ պետք է սպաներ Հարությունյանին. սեփական բանակի զինվորնե՞րը, որոնք գտնվում են մարտական դիրքում` պատերազմելով հակառակորդի դեմ` իրենց բանակի հրամանատարի հետ:

«Sputnik Արմենիա»-յի տեղեկություններով` Հարությունյանին հաջողվել է փրկվել պայթյունից առաջ մեքենայից դուրս նետվելու շնորհիվ։ Նա կապի խափանումից հասկացել է, որ հակառակորդն ԱԹՍ է գործարկել։

Դատելով Դատախազության և Քննչական կոմիտեի պարզաբանումներից կարծես թե հաստատվում է, որ Ջալալ Հարությունյանը վիրավորվել է ոչ թե մարտական դիրքում, այլ հրամանատարը եղել ընթացքի մեջ` մեքենայում, որին էլ հարվածել է ադրբեջանական ԱԹՍ-ն: Ըստ այդմ` ադրբեջանական կողմի տարածած տեսանյութի հավաստիությունը ևս մեծանում է:

Ավելի վաղ էլ` «Mediaport» տելեգրամյան ալիքը, հրապարակելով վառված մեքենայի լուսանկարը, գրել էր, որ հարցաքննության ժամանակ Ջալալ Հարությունյանը «պնդել է, որ իր տեղաշարժի կոորդինատները, թե ինքն ուր ու ինչ մեքենայով է տեղաշարժվում, ադրբեջանցիներն ինքնուրույն չէին կարող իմանալ»:

Քննչական կոմիտեն ևս մեկ «պարզաբանում» էր ներկայացրել` կապված ադրբեջանական կողմի կողմից Հարությունյանի տեղաշարժի մասին տեղեկատվություն ունենալու հետ: ՔԿ խոսնակ Ռիմա Եգանյանը գրել էր. «Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե նրա տեղաշարժի մասին Ադրբեջանն ինքնուրյուն չէր կարող իմանալ, ապա հարցաքննության ընթացքում տուժողը նման տեղեկատվություն չի հայտնել վարույթն իրականացնող մարմնին»: Անհասկանալի է, թե ինչու է վարույթն իրականացնող մարմինը որոշել հերքել այս պատմության մեջ թերևս «ամենաթեթև» հարցերից մեկը:

Այսպիսով, բացահայտվեց Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական իշխանությունների կողմից հրապարակված ևս մեկ սուտ: Փաստն այն է, որ պատերազմի ընթացքում Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձ է եղել` յուրայինների շարքերից, և մյուս սուտը՝ Ջալալ Հարությունյանը վիրավորվել է ոչ թե մարտական դիրքում, այլ մեքենայով ընթացքի ժամանակ։

Թե ինչն է եղել Հարությունյանի նկատմամբ մահափորձի կոնկրետ պատճառը, դժվար է ասել: Բազմաթիվ աղբյուրներ հաղորդում են ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ ունեցած վեճի մասին, որն առաջացել է Հորդանանից ներկրված ՀՕՊ համակարգերի հետ կապված անսարքությունների պատճառով: Մեկ այլ տեղեկությամբ` ՊԲ հրամանատարը համաձայն չի եղել Լելե Թեփեի բարձունքը հետ վերցնելու մտքի հետ: Նա անօգուտ է համարել գործողությունը և այդ ամենում տեսել Փաշինյանի անձնական նկրտումները` հերթական PR-ն անելու համար: Այդ ֆոնին էլ Տոնոյանի հետ վեճ է բռնկվել: Շտաբում ներկա է եղել նաև Աննա Հակոբյանը, որը պնդել է, որ այդ բարձունքը պետք է գրավվի, ինչ էլ այն արժենա: Աղբյուրը պնդում է, որ բարձունքը այնուամենայնիվ անձնակազմի հսկայական կորուստների գնով հետ է գրավվել, սակայն կարճ ժամանակում այն նորից անցել է ադրբեջանական վերահսկողության տակ` դարձյալ հանգեցնելով մեծ կորուստների: Նշվում է, որ սա Արցախի ամենամարտունակ զորամասերի կորուստների և պաշտպանության հարավային ճակատի ճեղքման պատճառներից մեկն է:

Տելեգրամյան մեկ այլ աղբյուր էլ նշում է, որ Պաշտպանության նախարարության ռազմական հետախուզությունը դեռևս դեկտեմբերի սկզբին բացահայտել է Ջալալ Հարությունյանի նկատմամբ մահափորձը և նրա տեղակալի սպանությունը: Իսկ այս պահին թեմայի արծարծումը հնարավորություն է տալիս Նիկոլ Փաշինյանի հայկական կողմի պարտությունը վերագրել զինվորականներին և վերջիվերջո սլաքը ուղղել ՀՀ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի դեմ:

Այստեղ առաջ են գալիս նոր հանգամանքներ. նախ արդեն իսկ հայտնի է, որ քրեական գործը հարուցվել է նաև ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 2–րդ մասի 1֊ին կետով, որով սահմանում է՝ սպանության փորձ երկու և ավելի անձանց նկատմամբ, իսկ 185-րդ հոդվածը սահմանում է գույքը դիտավորությամբ ոչնչացնելը:

Ինչպես հայտնում է տելեգրամյան «Old School man (Armen Grigorian)» ալիքը, տեղի է ունեցել մահափորձ` Ջալալ Հարությունյանի նկատմամբ, և նրա տեղակալի սպանությունը:

Հիշենք. Ջալալ Հարությունյանի վիրավորման տեղեկությունից մի քանի օր հետո` նոյեմբերի 2-ին, հայտնի դարձավ Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ գնդապետ Արթուր Սարգսյանի զոհվելու մասին: Հաղորդվել է, որ բարձրաստիճան զինվորականը զոհվել է «մարտական գործողությունների ընթացքում»: Արթուր Սարգսյանը ՊԲ հրամանատարի տեղակալի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի հուլիսին և համակարգում էր անձնակազմի հետ աշխատանքը:

Իրերն իրենց տեղում են հայտնվում` պարզելով, թե ով է եղել Ջալալ Հարությունյանի հետ մեքենայի մեջ, և մյուս կողմից` ինչն է եղել ՊԲ հրամանատարի տեղակալ գնդապետ Արթուր Սարգսյանի զոհվելու իրական պատճառը:

Վերոթվարկյալ իրադարձությունների համատեղումից կարող ենք մի քանի եզրահանգումների գալ.

  • Ջալալ Հարությունյանը չի վիրավորվել մարտական դիրքում, նրա մեքենային հարվածել է թշնամական ԱԹՍ-ն: Այս մասին պատերազմի ընթացքում հայկական ռազմաքաղաքական ղեկավարությունը ստել է:
  • Մեքենայում Հարությունյանը միայնակ չի եղել, նրա հետ է եղել նաև նրա տեղակալը` Արթուր Սարգսյանը, որի զոհվելու իրական պատճառի մասին ևս իշխանությունները ստել են:
  • Ջալալ Հարությունյանը լարված հարաբերություններ է ունեցել նվազագույնը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ:

Թե հետագայում ինչ եզրահանգումների կգա նախաքննական մարմինը, ինչ հանգամանքներ կպարզվեն, ցույց կտան ժամանակը և զուգահեռ ընթացող հայտնի ու անհայտ իրադարձությունները:
 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն