Բացահայտվել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դեմ ադրբեջանական արշավ՝ ազգությամբ հայերի, այդ թվում ՀՀ ԱԺ պատգամավորի ներգրավմամբ
Պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, խմբագիր Վահե Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Լոնդոնում տեղակայված “Apollo Strategic Communications” կազմակերպությունը 2026թ․ մարտի 2-ին, ամերիկյան լրատվամիջոցներին ուղարկված նամակով վերջիններիս խմբագիրներին առաջարկել է «ոչ հրապարակային քննարկումներ»՝ նպատակ ունենալով արատավորել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբին, արժեզրկել ու վարկաբեկել դրա գործունեությունը։ Ամերիկյան լրատվամիջոցներին ուղարկված փակ նամակը հայտնվել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի մոտ։ Ուշագրավ է՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի վերաբերյալ խոստացվող «տեղեկատվությունն» ամբողջությամբ համապատասխանում է Հայ դատի համակարգի դեմ պայքարում ադրբեջանաթուրքական շրջանակների կողմից օգտագործվող կեղծ պնդումներին։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ “Apollo Strategic Communications” –ի մայր ընկերությանը՝ “RSK Group”-ին է պատկանում “Azerbaijan Environment and Technology Centre” Ltd» դուստր ընկերությունը, որը լայնածավալ ծրագրեր է իրականացնում Ադրբեջանում, մասնավորապես Կասպյան տարածաշրջանում, իսկ “Apollo”-ն իր գրանցումից ի վեր՝ 2009 թվականից, գործել է մի քանի անվանումներով՝ “Red Public Relations Limited” և “Apollo Public Relations Limited”։
Ցավոք, ադրբեջանական ակնհայտ ուղղորդմամբ այս արշավին են միացել նաև ազգությամբ հայեր և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, այդ թվում ՀՀ ԱԺ պատգամավոր։ Մասնավորապես, մարտի 2-ի նամակով ամերիկյան մամուլի պատասխանատուներին առաջարկվում է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբին վարկաբեկող տեղեկատվության փոխանցում հետևյալ անձանց հետ հանդիպումների միջոցով․
1. Եվրոպայում անվտանգության և համագործակցության կոնգրեսական հանձնաժողովի անանուն աշխատակից,
2. ՀՀ ԱԺ «Քացաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյան,
3. Պատմաբան Նժդեհ Հովսեփյան,
4. «Քարնեգի» հիմնադրամի այցելու-գիտաշխատող Կարո Փայլան։
Ավելի ուշ, X-ի իր միկրոբլոգում Կարո Փայլանը հրաժարվել է այդ արշավին մասնակցությունից՝ գրելով․ «լրագրողներին իմ անունից ուղարկվել են հաղորդագրություններ Հայաստանի վերաբերյալ, որոնք ես չեմ լիազորել»։
Հատկանշական է նաև, որ այս արտահոսքից հետո “Apollo Strategic Communications”-ը փակել է իր X-ի իր օգտահաշիվը, իսկ աշխատակիցների ցանկից հեռացրել է հրապարակված նամակը ստորագրած աշխատակից Դենիել Բլեյք-Մարտինի տվյալները։
Կատարվածի վերաբերյալ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը “Apollo Strategic Communications”-ից պահանջում է հետևյալ հարցերի պատասխանը․
1. Ո՞վ է վարձել “Apollo”-ին՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դեմ արշավ իրականացնելու համար և որքա՞ն գումար է վճարվել։
2. Եթե “Apollo”-ն Ամերիկայում գործել է օտար պատվիրատուի անունից՝ ամերիկյան կազմակերպության դեմ, ապա ինչո՞ւ չի գրանցվել ԱՄՆ Արդարադատության նախարարությունում՝ Foreign Agents Registration Act (FARA) օրենքի համաձայն։
3. Ինչպե՞ս և ինչո՞ւ են այս գաղտնի արշավում ներգրավվել Մարիա Կարապետյանը, Նժդեհ Հովսեփյանը և Կարո Փայլանը։
4. Ի՞նչ կապեր ունի “Apollo” –ի մայր ընկերությունը՝ RSK Groupը, Ադրբեջանի, Ալիևների ընտանիքի և Կասպյան տարածաշրջանի էներգետիկ ընկերությունների հետ։
