Բեռնում...
Սրբավայրերի ոչնչացումը մշակութային եղեռն է․ Մայր Աթոռի պատասխանը Կովկասի մուսուլմանների վարչությանը
30-04-2026 16:12 | Լուրեր

Սրբավայրերի ոչնչացումը մշակութային եղեռն է․ Մայր Աթոռի պատասխանը Կովկասի մուսուլմանների վարչությանը

Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը, որով փորձ է արվում արդարացնել Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումը։

Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ։ Արցախի անկախության շրջանում կառուցված եկեղեցիները «ապօրինի շինություն» որակելը մերժելի է և այդ պատճառաբանությամբ սրբավայրերը կործանելը, հողին հավասարեցնելը կրոնական ու մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային սկզբունքների բացահայտ ոտնահարում է և մշակութային եղեռնագործություն։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում միջազգային կրոնական և իրավապաշտպան կազմակերպություններին, մշակութային ժառանգության պաշտպանության բոլոր պատասխանատու կառույցներին գործուն քայլեր ձեռնարկել կասեցնելու Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի ոչնչացման ծրագրված քաղաքականությունը։

Աղբյուր՝ AntiFake.am