Բեռնում...
Աստված մի արասցե գա մի իրավիճակ, որտեղ սերունդները, օտարի տիրապետության տակ, սկսեն երազել հերթական նոր հանրապետության մասին․ Զաքարյան
20-08-2026 16:52 | Կարծիք

Աստված մի արասցե գա մի իրավիճակ, որտեղ սերունդները, օտարի տիրապետության տակ, սկսեն երազել հերթական նոր հանրապետության մասին․ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․

«Չկա՛ Հայաստանի չորրորդ հանրապետություն: Դա իրականում կեղծ կատեգորիա է: 1991թ-ից աշխարհը ճանաչել և ճանաչում է Հայաստանի երրորդ հանրապետությունը՝ իր հռչակման, ձևավորման, կայացման ու զարգացման բոլոր էտապներով: Իր հաղթանակներով ու պարտություններով, իր արցախյան հարցով, միջազգային իրավունքներով, անվտանգության, խաղաղության, կայունության ու բազմակողմ համագործակցության իր ազնիվ մղումներով:

Իր հերոսների ու նահատակների սխրանքների առջև խոնարհումով, իր ցեղասպանված նախնիների հիշատակի համար արդար պահանջով, իր ազգային սուրբ եկեղեցով ու լեզվամշակութային դիմագծերով, իր աշխարհասփյուռ ժողովրդի համար հայրենիք լինելով…

Սա է երրորդ հանրապետությունը, որը 35-ամյա իր ձեռքբերումբերով ու թերացումներով հանդերձ՝ եղել է, կա ու հարատևելու է:

Իսկ, չորրորդ հանրապետության մասին զրույցները միֆ են, հորինվածք, երևակայան ու չարդարացված քարոզչական հնարք:

Աստված մի արասցե, որ երբևէ գա մի իրավիճակ, որտեղ սերունդները, օտարի տիրապետության տակ, սկսեն երազել հերթական նոր հանրապետության մասին:

Աստված պահի դե յուրե և դե ֆակտո կայացած Հայաստանի երրորդ Հանրապետությունը…»։

Աղբյուր՝ AntiFake.am