«Ժողովուրդ». ԱԺ-ում իշխող խմբակցության մի շարք պատգամավորներ բացահայտ կամ քողարկված դժգոհում են գլխավոր դատախազից
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԱԺ միջանցքներում վերջին օրերին նկատելի է լարվածություն. իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորներ բացահայտ կամ քողարկված դժգոհություն են արտահայտում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հասցեին։
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը օրերս անգամ տեսախցիկների առաջ պահանջեց, որ դատախազն անձամբ ներկայանա Ազգային ժողով և ներկայացնի դատախազության բյուջեի կատարողականը։ Եվ միակ մարդը, որ փորձեց պաշտպանել Աննա Վարդապետյանին ու արդարացնել նրա բացակայությունը, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էր։ Վերջինս նշեց, որ եթե քննարկումը վերաբերում է ֆինանսական հարցերին, ապա տրամաբանական է, որ դատախազությունից այդ ոլորտի պատասխանատուն ներկայացնի զեկույցը։
Սակայն, ինչպես ասում են խորհրդարանական կուլիսներում, սա միայն երևացող մասն է լարվածության։ Իշխանական շրջանակներում վաղուց են դժգոհում Վարդապետյանի պահվածքից՝ ընդգծելով, որ նա «գոռոզ ու հպարտ» է, քիչ է շփվում իշխանության ներկայացուցիչների հետ և պահպանում է բացառապես ուղիղ կապ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Այս ֆոնին խորհրդարանում ավելի ակնառու է դառնում այն հակասությունը, որ մյուս ուժային կառույցների ղեկավարները, առանց խուսափելու, ներկայանում են ԱԺ-ում հաշվետվություններով ու զեկույցներով, մինչդեռ դատախազի փոխարեն Ազգային ժողով էր ներկայացել գլխավոր քարտուղարը։
Դատախազի կեցվածքը՝ պահպանելու ինստիտուցիոնալ հեռավորություն քաղաքական դաշտից, մերժելի է թիմում, և այդ ներքին հակասությունը՝ համակարգային ու անձնական ընկալումների խաչմերուկում, ավելի է խորանում։
Սակայն Վարդապետյանը, կարծես, չի էլ մտահոգվում այս վիճակից: Ամեն անգամ, երբ նա գալիս է ԱԺ, այս խոսակցությունները կրկին ակտիվանում են, բայց դատախազը ցուցադրաբար խուսափում է ՔՊ-ականների հետ ոչ պաշտոնական շփումներից. նույնիսկ ջուր ու սուրճ չի խմում նրանց հետ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում