«Իզգոյ նախագահ», «ընտրակեղծարար»… ինչ կարծիք ուներ Նիկոլ Փաշինյանը Ալեքսանդր Լուկաշենկոյի մասին նախկինում (Ռետրո մամուլ)

article-image

Օգոստոսի 9-ին Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով երկրի նախագահ է ընտրվել Ալեքսանդր Լուկաշենկոն։ Բելառուսի ԿԸՀ-ի կողմից ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո Լուկաշենկոյի կառավարմանը դեմ քաղաքացիներն ու հասարակական խմբերը զանգվածային բողոքի ակցիաներ են սկսել։ Ցուցարարները չեն ընդունում ընտրությունների արդյունքներն ու պահանջում են նոր ընտրություններ` մի շարք այլ պահանջներ ներկայացնելով: 

Չնայած Բելառուսում տեղի ունեցած հետընտրական զարգացումներին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիններից էր, որը շնորհավորեց Լուկաշենկոյին նախագահի պաշտոնում 6-րդ անգամ ընտրվելու կապակցությամբ։ Նիկոլ Փաշինյանի ջերմ շնորհավորանքը քննադատությունների առարկա դարձավ իրեն վարչապետ դարձրած պրոիշխանական շրջանակների համար, որոնք նրան սկսեցին մեղադրել երեսպաշտության մեջ և, զուգահեռներ անցկացնելով Հայաստանում 2008 և 2018 թվականների քաղաքական իրադարձությունների հետ, «առաջարկեցին», որ Փաշինյանը կարճի Մարտի 1-ի գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը, իսկ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորի 2008, 2013 և 2018 թվականներին ընտրություններում հաջողություններ գրանցելու համար։

Վերը նշված իրադարձությունների հիշատակմամբ, սակայն, Փաշինյանի «շնորհավորական երեսպաշտությունը» չի ամբողջանում։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն շնորհավորում է մի երկրի ղեկավարի, որտեղ տեղի ունեցող իրադարձությունները գրեթե նույնական են Հայաստանում 2008 և 2018 թվականներին տեղի ունեցող գործընթացների հետ, ինչը հիմք է հանդիսացել Փաշինյանի համար Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին մեղադրելու ընտրակեղծարարության ու բռնապետական կարգեր հաստատելու մեջ, այլ Նիկոլ Փաշինյանն անձամբ տարիներ շարունակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին մեղադրել է նույնանման արարքների մեջ։ 

Փաշինյանին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթը և էլեկտրոնային լրատվամիջոցը տարիներ շարունակ անվանարկել է Ալեքսանդր Լուկաշենկոյին տարբեր վիրավորական արտահայտություններով, խմբագրական և վերլուծական հոդվածներ հրապարակել Լուկաշենկոյի ընտրակեղծարար լինելու, ոչ լեգիտիմ ճանապարհով իշխանության գալու մասին, որոնց մեծ մասը խմբագրական են, իսկ ամենաքննադատող հոդվածի հեղինակը անձամբ Նիկոլ Փաշինյանն է։

AntiFake.am-ը առանձնացրել է, ինչպես «Հայկական Ժամանակն» է սիրում վերնագրել, «Բածկային» նվիրված հոդվածներից մի քանիսը, որոնք ներկայացնում ենք մեր ընթերցողին։

2010թ. հունիսի 21-ի «Տարօրինակ այց» անհեղինակ հոդվածում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներկայացվում է որպես ««իզգոյ» երկրի «իզգոյ» նախագահ» (հոդվածն՝ այստեղ

Նույն ամսաթվով մեկ այլ հոդվածում, որը վերնագրված է «Փախել է՝ դահուկ քշելու», ներկայացվում է, թե ինչպես է Ալեքսանդր Լուկաշենկոն փախել Բելառուսից ԵՄ պաշտոնյայի հետ հանդիպումից խուսափելու համար: Հոդվածում ասվում է, որ Լուկաշենկոն փախել է իր երկրից Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի հետ դահուկ քշելու համար (հոդվածն՝ այստեղ։)

2011 թվականի փետրվարի 2-ի «Բարև՝ եվրոպական թախիծ» հոդվածում, որը Նիկոլ Փաշինյանը գրել է «Արթիկ» ՔԿՀ մենախցում 2011թ. հունվարի 12-ին, նա Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրությունները որակում է «ապօրինի», ծաղրում եվրոպացիներին՝ նրանց անվանելով «յոնջաներ», որոնք հավատացել են «բարեփոխումներ անելուն ուղղված` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ձեւական քայլերին»։ Փաշինյանը նշում է, որ Բելառուսում ընտրություններն «խայտառակ ընթացք» են ունեցել (հոդվածն՝ այստեղ

Լրատվականը տարբեր հոդվածներում խոսում է Բելառուսի նախագահի կողմից նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու մասին։
 


 

2013 թվականի հունիսի 16-ի «Իննամյա պաշտոնյան» հոդվածում էլ խոսվում է, թե ինչպես է Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի որդին՝ Նիկոլայ (Կոլյա) Լուկաշենկոն, ուղեկցել հորը Հայաստան այցի ժամանակ և «տժժացել է Երեւանում, ընդ որում` Հայաստանի պետական բյուջեի հաշվին»։

«Ըստ մեր չինովնիկների, Բատկայի 9-ամյա որդին պաշտոնական պատվիրակության անդամ է` գրեթե վարչապետ կամ նախարար եւ նրա զվարճանքների համար պետք է վճարի ՀՀ պետական բյուջեն: Այսինքն, մեր չինովնիկները Կոլյային վերաբերում են այնպես, ինչպես Բելառուսի խորհրդարանը, որը անցած տարի 133 ստորագրությունով դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` Կոլյային «Ժողովուրդների բարեկամության համար» մեդալով պարգեւատրելու առաջարկով: Բարեբախտաբար Պուտինը մերժել էր: 9-ամյա Կոլյան, ինչպես հայտնի է մամուլի հրապարակումներից, շքերթների ժամանակ կանգնում է Բատկայի կողքին, իսկ բելառուսցի գեներալները շարային քայլով մոտենում են նրանց ու պատիվ տալիս», - ասվում է հոդվածում (ամբողջությամբ՝ այստեղ

Բացասական լույսի ներքո են ներկայացվում նաև Ալեքսանդր Լուկաշենկո - Գագիկ Ծառուկյան մտերմությունը և նրանց հանդիպումները (1, 2, 3, 4, 5):

Այսպիսով, երբ Նիկոլ Փաշինյանը դեռևս չէր զբաղեցնում վարչապետի պաշտոնը, նա և իր ընտանեկան «Հայկական Ժամանակ» լրատվականի խմբագրությունը զբաղված էին հանրությանը Լուկաշենկոյին որպես բռնապետ, ընտրակեղծարար, օլիգարխ, «իզգոյ» նախագահ ներկայացնելով, իսկ վարչապետի պաշտոնում Փաշինյանն առաջիններից է շտապում շնորհավորել Լուկաշենկոյին արդեն 6-րդ անգամ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ 
 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն