Այսօր մամուլը հրապարակել է Իրանի նախագահի կողմից ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ պետության ղեկավարներին ուղղված շնորհավորական ուղերձի «ուշացման» առնչությամբ փորձագիտական շրջանակների մեկնաբանությունները։
Մասնավորապես՝ իրանագետ Վարդան Օսկանյանը Tert.am-ի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Իրանի նախագահի կողմից Փաշինյանին ուղղված շնորհավորանքի ուշացումն արդեն ուղերձ է, որն անհանգստություն պետք է առաջացնի ՀՀ իշխանությունների մոտ։ Նա նաև նշել էր, որ սրանով Իրանն իր վերաբերմունքն է արտահայտում ՀՀ իշխանություններին Իսրայելում ՀՀ դեսպանատուն բացելու հարցի վերաբերյալ։
ՀՀ վարչապետին կից «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի Տեղեկատվության ստուգման կենտրոնն անդրադարձել է փորձագետների վերլուծություններին՝ նշելով, որ վերլուծություններով փորձ է արվում հարցին որոշակի քաղաքական երանգ տալ:
Տեղեկատվության ստուգման կենտրոնը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի կողմից ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ «ուշացող» շնորհավորական ուղերձի մասին փորձագետների մեկնաբանությունների առնչությամբ հրապարակել է նաև ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը, որում ասվում է. «Այս տարի Իրանի նախագահ Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձը հղեց սեպտեմբերի 24-ին։ 2018 և 2019 թվականներին այդ ուղերձը հղվել էր նույնպես սեպտեմբերի 24-ին և 25-ին։ Տարիներ առաջ իրանական կողմի շնորհավորական ուղերձը ստացվել է անգամ ամիսներ անց։ Այստեղ որևէ արտառոց բան պետք չէ փնտրել»։
AntiFake.am-ը ստուգել է, թե նախորդ տարիներին երբ է Իրանի նախագահը շնորհավորական ուղերձնել հղել ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ։
Օրինակ, 2019 թվականին ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին հենց Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին։
2018 թվականին Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետին Անկախության տոնի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 22-ին։
Ուստի՝ ԱԳՆ-ի պնդումը, թե 2018 և 2019 թվականներին նույնպես սեպտեմբերի 24-ին և 25-ին են հղվել ուղերձները, չի համապատասխանում իրականությանը։
Նշենք, որ Իրանի նախագահը ՀՀ անկախության տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև 2014 թվականին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որի մասին էլ, ըստ էության, հիշատակել է ԱԳՆ-ն։ Սակայն ի հակադրություն ԱԳՆ-ի պնդմանը, թե շնորհավորանքը ստացվել է Անկախության տոնից ամիսներ անց` պետք է նշենք, որ 2014 թվականի շնորհավորական ուղերձը նույնպես ստացվել է Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին։
Այսպիսով` կարող ենք փաստել, որ հարկատուների միջոցներով ֆինանսավորվող վարչապետին կից ՊՈԱԿ-ի Տեղեկատվության ստուգման կենտրոնը հերթական ապատեղեկատվությունն է տարածում՝ զլանալով ստուգել Արտաքին գործերի նախարարության կողմից տրամադրված սխալ տեղեկությունները:
Աղբյուր՝ AntiFake.am