Երեկ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որով պարզ դարձավ, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հանցակազմով նախատեսված արարք կատարելու համար։
Արսեն Բաբայանի ձերբակալությունը վերը նշված հոդվածի շրջանակներում համարվում է ապօրինի հետևյալ պատճառաբանությամբ.
«Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2֊րդ հոդվածի 5-րդ մասի առաջին կետով սահմանվում է.
«Քրեական գործի հարուցումը մերժել, հարուցված քրեական գործը կարճել, ինչպես նաև դադարեցնել քրեական հետապնդումը կամ չիրականացնել քրեական հետապնդում 2018 թվականի հոկտեմբերի 21-ը ներառյալ կատարած հանցագործությունների դեպքերով (...), որոնցով` անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան չորս տարի ժամկետով ազատազրկում»։
ՀՀ քրեական օրենսգրքի 314֊րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է պատիժ՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Այսինքն, «Համաներման մասին» օրենքով Արսեն Բաբայանին ՀՔԾ-ն ոչ միայն չպետք է կալանավորեր, այլ մինչև 2018֊ի հոկտեմբերի 21֊ը ենթադրյալ կատարված արարքով քրեական գործ չպետք է հարուցեր։
Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան