ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների պատվիրակության ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել.
«Տիրանա, 3-ը դեկտեմբերի, 2020թ. – ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների պատվիրակության ղեկավարները` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը, Ֆրանսիայի Եվրոպական և արտաքին հարաբերությունների նախարար Ժան-Իվ լը Դրիանը, ողջունել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցումը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել ամբողջությամբ կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված, ինչպես նաև նախկին հրադադարով ստանձնած իրենց պարտավորությունները Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ գտնվող շրջաններում: Համանախագահ պետությունները ընդգծում են Ադրբեջանի և Հայաստանի հետ ձեռք բերված համաձայնության հարցում Ռուսաստանի Դաշնության կողմից գործադրած ջանքերի կարևորությունը: Նրանք նաև կոչ են անում տարածաշրջանից ամբողջությամբ և արագ դուրս բերել վարձկան զինյալներին և կոչ են անում կողմերին արագացնել այս գործընթացը:
Համանախագահ պետությունները Հայաստանին և Ադրբեջանին հիշեցնում են միջազգային մարդասիրական իրավունքի պահանջներին հետևելու իրենց պարտավորության, մասնավորապես` ռազմագերիների և զոհված զինծառայողների դիերի վերադարձման պարտավորությունների մասին: Նրանք ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության, այդ թվում` ռազմական վերջին գործողությունների պատճառով տեղահանված անձանց կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի պայմանների երաշխավորման կարևորությունը: Նրանք նշում են Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ պատմական և կրոնական ժառանգության պաշտպանության կարևորությունը: Համանախագահ պետությունները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում լիարժեքորեն համագործակցել միջազգային համապատասխան կազմակերպությունների հետ` այս ոլորտներում իրենց պարտավորությունները կատարելու և մարդասիրական մուտքը ապահովելու համար:
Համանախագահ պետությունները դիմում են միջազգային հանրությանը, այդ թվում ՝ ԿԽՄԿ-ին, ՄԱԿ-ի ինստիտուտներին և այլ համապատասխան կառույցներին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի առանձին պետություններին համակարգված կերպով ձեռնարկել կոնկրետ քայլեր Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում մարդասիրական իրավիճակը բարելավելու ուղղությամբ: Համանախագահները նաև վերահաստատում են իրենց աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի շարունակական աշխատանքին:
Համանախագահ պետությունները հորդորում են Հայաստանին և Ադրբեջանին օգտվել ներկայիս գործող հրադադարից համանախագահների հովանու ներքո երկարատև և կայուն խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու համար: Այս համատեքստում համանախագահ պետությունները կոչ են անում կողմերին տարածաշրջանում ամենամոտ ժամանակներս հնարավորության դեպքում ընդունել համանախագահներին և պարտավորվել անցկացնել բովանդակային բանակցություններ` բոլոր չլուծված խնդիրները լուծելու համար` ըստ համաձայնեցված ժամանակացույցի:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները վերահաստատում են հակամարտությունների լուծման` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման նկատմամբ ստանձնած իրենց հաստատուն պարտավորությունը: Նրանք կրկնել են իրենց հետևողական և միասնական դիրքորոշումը` հօգուտ հակամարտության` բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման մնացյալ բոլոր հիմնական առարկայական խնդիրները՝ համահունչ թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին հայտնի հիմնական սկզբունքներին և տարրերին: Համանախագահ պետությունները շարունակում են լիովին հավատարիմ մնալ այդ նպատակին` համաձայն տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման խթանման իրենց երկարատև ջանքերին»:
Աղբյուր՝ AntiFake.am