ԵԽԽՎ-ում փորձում են «հաշտեցնել» հայկական և ադրբեջանական պատվիրակություններին, մինչդեռ Նաիրա Զոհրաբյանը դիմադրում է` պահանջելով ռազմագերիների անհապաղ վերադարձը

article-image

Ինչպես հայտնի է, հունվարի 25-ին հիբրիդային եղանակով սկսվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստը: Նիստին պետությունների պատվիրակությունները կարող են միանալ և՛ ֆիզիկական ներկայությամբ, և՛ առցանց եղանակով: Ինչպես նախկինում, այս անգամ էլ նիստին մասնակցում են հայկական և ադրբեջանական պատվիրակությունները: Նիստերը նախկինում էլ հայտնի էին դառնում հայ և ադրբեջանցի պատվիրակների միջև բանավեճերով, բազմաթիվ հակահայկական նախաձեռնություններով և դրանց դեմ պայքարով: Այս անգամ այն աչքի է ընկնում «աննախադեպ» նախաձեռնողականությամբ:

Ինչպես մեզ հայտնի է դարձել, ԵԽԽՎ-ում նոր նախաձեռնություն է սկսվել, որի մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության երկարամյա և փորձառու ղեկավար Սամադ Սեիդովը: Այն նույն Սեիդովը, որին բազմիցս բավական ծիծաղելի և դժվար դրության մեջ են դրել և՛ հայ պատվիրակները, և՛ Հայաստանի նախագահները` տարբեր ժամանակներում:

Այս անգամ Սեիդովը երջանիկ դեմքով խոսում էր խաղաղությունից: «Ես այսօր հպարտ եմ, որ մենք` որպես տարածքային ամբողջականությունը վերականգնած պետության ներկայացուցիչներ, եկել ենք այս խորհրդարանական վեհաժողով: Եվ մենք կարծում ենք, որ մոնիթորինգային հանձնաժողովի դերը ավելի ու ավելի կարևոր է դարձել: Քանի որ այսօր մենք չպետք է մտածենք պատերազմի մասին, քանի որ խաղաղության համաձայնագիրը արդեն իսկ կնքվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև: Մենք պետք է մտածենք վստահության կառուցման միջոցների մասին (confidence building measures): Մենք պետք է մտածենք, թե ինչպես կարող ենք նոր մթնոլորտ ստեղծել, ինչպես կարող ենք մենք Եվրոպայի խորհրդի արժեքները բերել մեր տարածաշրջան: Ցավոք, մի խումբ մարդիկ փորձում են ուռճացնել ստեղծված իրավիճակը, փորձում են խոչընդոտել խաղաղության գործընթացին:… Խաղաղության և հաշտեցման նոր ոգի է ուղղվում դեպի տարածաշրջան: Եկեք օգնենք տարածաշրջանի պետություններին` Հայաստանին և Ադրբեջանին` հարաբերություններ ստեղծելու համար»:

Կարող ենք նկատել, թե ինչպես է փոխվել ադրբեջանցի պատվիրակի հռետորաբանությունը, որը այսօր սկսել է խոսել խաղաղության դիրքերից:

Ավելի ուշ` ելույթ է ունեցել նաև հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Իր ելույթում պատգամավորը խոսել է ռազմագերիների անհապաղ վերադարձի մասին. «Դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի նախագահը, անդրադառնալով իրենց մոտ պահվող հայ ռազմագերիներին, հայտարարել է, որ նրանք ոչ թե ռազմագերիներ են, այլ ահաբեկիչներ: Նման տեսակի հայտարարությունները կոպտորեն խախտում են հետպատերազմյան մարդասիրական օգնության գործընթացները և մարդու իրավունքների միջազգային պահանջները: Ադրբեջանական բանակի կողմից գերեվարված զինվորները պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադառնան Հայաստան: Սա պետք է անհապաղ և առանց նախապայմանների գործի դրվի, քանի որ նրանք ռազմագերիների կարգավիճակ ունեն»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը:

Ինչպես կարելի է կռահել, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում նոր, խաղաղասիրական «խլրտոց» է զգացվում:

Մեր տեղեկություններով` ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը քայլեր է ձեռնարկում հայկական և ադրբեջանական պատվիրակություններին մեկ սեղանի շուրջ նստեցնելու համար: Նման նախադեպ եղել է նաև այն ժամանակ, երբ 2016-2017թթ. ԵԽԽՎ նախագահող իսպանացի սենատոր Պեդրո Ագրամունտը, որը ադրբեջանամետ հայտնի «խավիարակեր» գործիչներից է, նախաձեռնել էր հայ և ադրբեջանական պատվիրակությունների «հաշտեցման գործընթացը»: Հայկական և ադրբեջանական պատվիրակությունները հանդիպել են Ստրասբուրգում` ԵԽԽՎ շենքում: Սակայն այն ժամանակ այն խիստ անարդյունավետ է եղել, քանի որ երկխոսությունը այդպես էլ չի ստացվել: Իսկ այսօր էլ արդեն ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սեիդովն է խոսում «խաղաղության և վստահության մեխանիզմների ներդրման» մասին և ակնարկում սկսված գործընթացի մասին: 

Նոր «գործընթացին», սակայն, միանգամայն դեմ է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Նա հայտարարել է, որ ինքը որևէ երկխոսության չի գնալու, քանի դեռ ռազմագերիների հարցը լուծված չէ, իսկ հայատյացությունը շարունակում է մնալ Ադրբեջանի պետական քարոզչություն:

Կարելի է ենթադրել, թե ինչ հնարավոր զարգացումներ են սպասվում Հայաստանում և ԵԽԽՎ-ում` նման հանդիպումներ և գործընթացներ նախաձեռնելու և իրականացնելու համար:

 

 

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն