Երբ տեղի ունեցավ ԼՂ բանակցությունների տրամաբանության փոփոխությունը. Նիկոլ Փաշինյանի ստերի և մանիպուլյացիաների հերթական փունջը

article-image

Վարչապետի «պաշտոնակատար» Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում էր` այս անգամ «չընտրվելու» նպատակով: Չնայած գործընթացը ի սկզբանե համաձայնեցված էր, և պատգամավորները պատրաստվում էին պարզապես չընտրել Փաշինյանին, վերջինս, սակայն, չխուսափեց հարցերից:

Տիգրան Ուրիխանյանի հարցի պատասխանը Նիկոլ Փաշինյանի կողմից հերթական անգամ վերաճեց խորը և համապարփակ մանիպուլյացիայի ու ստի, որը բացատրենք առավել մանրամասն և փաստերով:

«Լեռնային Ղարաբաղի բնակչությունը»

Օգտագործելով իր լրագրողական տաղանդը` Նիկոլ Փաշինյանը դիմեց հերթական բառախաղին. նա հիշատակեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից օգտագործված «Լեռնային Ղարաբաղի բնակիչները» արտահայտությունն ու փորձեց նախկինում իր կողմից Շուշիի մասին հայտարարությունները տեղավորել ու արդարացնել նշված համատեքստում:

Ի՞նչ էր ասել Սերժ Սարգսյանը այս առնչությամբ: Նախկին նախագահը կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ զրույցի ընթացքում նշում է. «Մենք ուզում էինք, որ փոխզիջումներով հարցը լուծվեր այնպես, որպեսզի Ղարաբաղի բնակիչներն իրենք որոշեին իրենց կարգավիճակը` որտեղ են ուզում ապրել` Ադրբեջանի՞ կազմում, Հայաստանի՞ կազմում, անկախ և այլն: մեզ համար շատ կարևոր էր, որ միջազգային հանրությունը շատ բարձր մակարդակով, օրինակ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի տեսքով, ամրագրեր Լեռնային Ղարաբաղի բնակչության այդ իրավունքը: Իսկ դա ենթադրում էր, քանի որ տևական ժամանակ էր պետք լինելու դրա համար, ենթադրում էր միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար: Իսկ այդ կարգավիճակը ավելին էր, քան բանակցություններ վարելու ժամանակ»:

Նիկոլ Փաշինյանը փորձում է բառերից կախվել և «ապացուցել», որ ինչ ինքը նախկինում ասում էր Շուշիի մասին, ասել է նաև երրորդ նախագահը: Այնինչ, այն, ինչի մեջ մեղադրում է Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին, հենց ինքն էլ արել է:

Վարչապետին պետք է հիշեցնել իր ստորագրած 2020թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ստորագրված եռակողմ հայտարարությունը, որի 7-րդ կետը սահմանում է` «ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձ Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ` ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»:

Եթե Սերժ Սարգսյանի բանակցած փաստաթղթերում Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, պետք է ազատ կամարտահայտության միջոցով հայտներ իր որոշումը, ապա տեսնում ենք, թե ինչի մասին էր Նիկոլ Փաշինյանի կողմից արդեն իսկ ստորագրած հայտարարությունը, որը հայ բնակչության համար Լեռնային Ղարաբաղում ապրելու տեղ չի թողնում:

Բանակցությունների տրամաբանությունը փոխողը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իր վերջին հարցազրույցում պատմել է, որ այդ ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ զրույցում նշել է. «Ես համոզված եմ, որ եթե փոխվեն գլխավոր բանակցողները Լեռնային Ղարաբաղի խնդրում, ապա համանախագահները կարող են փորձել այլ տարբերակներ առաջարկել: Ինչո՞ւ, որովհետև շատ պարզ է: Մենք տասը տարի աշխատել ենք այդ ուղղությամբ, և տասը տարվա մեջ մեր դիրքորոշումները կամ ավելի ճիշտ՝ համանախագահների դիրքորոշումները, էապես չեն տարբերվել մեր դիրքորոշումներից, և մենք եղել ենք կառուցողական կողմը, Ադրբեջանը եղել է ապակառուցողական կողմը: Եվ սա նաև որոշակի քաղաքականության արդյունք էր»:

Նիկոլ Փաշինյանը մեղադրում է Սերժ Սարգսյանին նման միտք արտահայտելու համար ու խոստանում, որ «կանցնեն տարիներ, և կբացվի բանակցային գործընթացի փաստաթղթի բովանդակությունը»: «Եվ մենք կպարզենք, որ բանակցությունների բովանդակությունը փոխվել է, ծռվել է 2015թ. աշնանը, 2016թ. ձմռանը, որից հետո եկել է 2016թ. գարունը, հետո եկել է 2016թ. ապրիլի 2-ը: Բանակցային բովանդակությունը փոխվել է այդ ժամանակ, և դա ապացուցող փաստաթղթեր կան»,- ասել է Փաշինյանը Ազգային ժողովում:

Չսպասելով վերջինիս կողմից փաստաթղթերի կամ հերթական գաղտնիքի, կամ էլ իր հայտնի «ապացույցների» վերհանմանը, որոնք որպես կանոն սահմանափակվում են գրիչով` տեսնենք, թե Նիկոլ Փաշինյանի նշած ժամանակահատվածում ինչ էին ասում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: 

25 և 26 սեպտեմբեր, 2015 թվական

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երկու օրվա ընթացքում երկու հայտարարություն են տարածել` մասնավորապես սեպտեմբերի 26-ին նշելով` 

«Համանախագահները կոչ են անում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ընդունել ԵԱՀԿ մեխանիզմը` հրադադարի խախտումները ուսումնասիրելու գործում: Առանց նման մեխանիզմի կողմերը շարունակելու են միմյանց մեղադրել շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին մահացու հարվածներ նախաձեռնելու համար: Հայաստանը համաձայնել է քննարկել առաջարկվող մեխանիզմի մանրամասները, և մենք կոչ ենք անում Ադրբեջանին նույն կերպ վարվել»:

29 հոկտեմբեր, 2015 թվական

Տարածաշրջան այցելած համանախագահները հանդիպել են կողմերի, այդ թվում` Արցախի իշխանությունների հետ, որն էլ հայտարարությունում տեղ է գտել` «հանդիպում Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ» ձևով: Այս հայտարարության մեջ ևս մեկ անգամ շեշտվում է ԵԱՀԿ-ի համար հրադադարի խախտումները ուսումնասիրելու հնարավորության անհրաժեշտության մասին:

Բանակցությունները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները շարունակվել են:

Մյուս ժամանակահատվածը` 2016թ. ձմեռ:

Մինչ նշված ժամանակահատվածին անդրադառնալը հատուկ Նիկոլ Փաշինյանի համար շեշտենք իր գործընկեր Իլհամ Ալիևի հայտարարությունը 2016 թվականի նոյեմբերին. ««Մեզ խաբեցին:…Մեր դեմ դիվանագիտության մեջ անընդունելի բառեր օգտագործվեցին:… Սակայն փակ դռների հետրում այնքան խոսակցություններ կային, մեր դեմ մեծ ճնշումներ էին, որ Ադրբեջանը թույլ տար Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Մենք հիմա չենք բացահայտի դրանք: Քանի որ դիվանագիտությունն իր կանոններն ունի: Այնուամենայնիվ, արևմտյան լրատվամիջոցներում և հասարակական կազմակերպություններում մեր դեմ զրպարտության, աղմուկի և վիրավորանքի արշավների, ինչպես նաև այստեղ (նկատի ունի` Ադրբեջանում- խմբ.) «5-րդ շարասյան» հիմնական նպատակը մեզ ստիպելն է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Սա երբեք չի լինելու: Քանի դեռ մենք իշխանության ենք,… Ադրբեջանը երբեք չի համաձայնվի դրան»,- ասել է Ալիևը:

Իսկ հիմա` 8 դեկտեմբեր, 2016թ.

Մինսկի խմբի համանախագահները իրենց հայտարարության մեջ կոչ են անում «խստորեն հետևել 1994/95թթ. հրադադարի համաձայնագրերին, որոնք հանդիսանում են հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման հիմքը (կարևոր հատված, որը ձգտում էր ամրագրել հայկական կողմը Ապրիլյան քառօրյա ռազմական գործողություններից հետո, և ի վերջո հաջողության հասավ - խմբ.)»: Համանախագահները կոչ են անում հետևել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին, և, որ ամենակարևորն է, հղում են անում Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքներին, որոնք ընկած էին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հիմքում. ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի արգելում, տարածքային ամբողջականություն, հավասար իրավունքներ և ժողովուրդների ինքնորոշման իրավունք: Շեշտվում է նաև ԼՂ միջանկյալ կարգավիճակի և ժողովրդի կամարտահայտման իրավականորեն պարտադիր բնույթի մասին:

Զարմանալի է, թե ինչ փոփոխությունների մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը, երբ բանակցությունների էությունը և տրամաբանությունը փոխվել է հենց իշխանափոխությունից և իր իշխանության գալուց հետո:

Հիշեցնենք. Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բանակցությունները սկսել է իր կետից, ոչ` Սերժ Սարգսյանի: Դրան հաջորդեց «Արցախը Հայաստան է և վերջ» հայտնի նիկոլյան տրամաբանությամբ ցնդաբանությունը: Շշուկներ էին տարածվում բանակցվող փաստաթղթի մասին, որի գոյոթյունն էլ ի վերջո հաստատեց ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը: Շարքը` շարունակելի:

Ի դեպ, Սերգեյ Լավրովը, որը առաջիններից էր, որ հայտնեց բանակցվող փաստաթղթերի մասին, դեռևս 2016 թվականի հունվարի 26-ին, ի պատասխան բազմաթիվ քննարկումների և սպեկուլյացիաների, նշել է, որ «Լավրովի կամ ինչ-որ մեկի փաստաթուղթ» գոյություն չունի:

Նիկոլ Փաշինյանի օրոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններից անհետացան բանակցությունների հիմք հանդիսացող սկզբունքները, Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները, հրադադարի վերահսկման մեխանիզմների մասին պայմանավորվածությունները, փոխարենը` տեղ գտան հայկական իշխանություններին սթափության կոչերը, և համանախագահների արձագանքները Նիկոլ Փաշինյանի` մեկը մյուսից աբսուրդ և ոչ կառուցողական հայտարարություններին:

Անհնար է գուշակել` որքան կշարունակվեն Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիաները և ստերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների հետ կապված:

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն