Երեկ` մայիսի 15-ին, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ գումարվել էր ՀՀ ԱԺ արտահերթ նիստ, որտեղ նախատեսվում էր համատեղ հայտարարություն ընդունել մի քանի օր շարունակ ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սուվերեն տարածք մուտք գործելու և ստեղծված ճգնաժամի կապակցությամբ: Այս առիթով ելույթ ունեցան բոլոր խմբակցությունների անդամ պատգամավորներ:
Նիստը իշխանությունների կողմից հերթական առիթն էր` մեղադրելու բոլորին` ընդդիմադիր գործիչներին, Սյունիքի համայնքապետերին, լրատվականներին այն բանի համար, որ վերջիններս, խնդիրների մասին բարձրաձայնելով, խարխլում են հասարակության միասնականությանը:
Ելույթ ունեցավ նաև իր ստերով ու մանիպուլյացիաներով հայտնի ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: «Գողական ոճով» ամբիոնից ելույթ ունեցող Սիմոնյանը մեղադրեց գործիչներին` ներքաղաքական հարցերն առաջ տանելու և ընտրություններին պատրաստվելու համար` խոսելով նաև միասնականությունից:
«Միասնականության մասին եք խոսում ստեղ, էկեք միասնական ըլնենք: Մեր նավը փոթորիկի մեջով ա անցնում: Ով ուզում ա ըլներ երկրի ղեկավար, փոթորիկ ա: Տարածաշրջանային, համաշխարհային մեծ փոթորիկ ա` Իսրայելում, չգիտեմ, Միջին Արևելքում, բոլոր տեղերում փոթորիկ ա: Պտի հավաքվենք, կպնենք իրար, էս մեր նավը պահենք ու գնանք առաջ…»,- հայտարարում էր Ալեն Սիմոնյանը` «ձեռքի հետ էլ» հաթաթաներ տալով անհայտ անձանց ու մտնելով ներքաղաքական դիսկուրսի մեջ:
Հետաքրքիր է, անգործության ու դավաճանության հետևանքով Արցախը հանձնած թիմի ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը նշում է` «Մտովի իրանք Արցախը վաղուց հանձնել են: Բոլորը ամեն ինչ շատ լավ գիտեն»:
Մի կողմ թողնենք այն խնդիրը, թե ով է տարել Հայաստան նավը փոթորկին ընդառաջ ու ով է ղեկին. դա այլ հարց է, որի պատասխանը Ալեն Սիմոնյանը վաղ թե ուշ տալու է:
Ալեն Սիմոնյանը խոսում է փոթորկի միջով ընթացող նավի մասին` նշելով, որ այսօր պետք է միասնականություն, սակայն 2016թ. ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունների ընթացքում Ալեն Սիմոնյանը այն միակներից էր, որ ներսից հարվածում էր երկրի անվտանգությանը` լրատվական դաշտ բերելով ադրբեջանական քարոզչական նյութերն ու դրանք հասանելի դարձնելով ժողովրդի լայն զանգվածներին: Ալեն Սիմոնյանի խմբագրությամբ՝ araratnews.am լրատվական կայքը հրապարակում էր նյութեր՝ հղում անելով և բառացի թարգմանելով ադրբեջանական մի շարք աղբյուրների: Լրատվականը նաև տարածում էր Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումները՝ կապված ռազմական գործողությունները դադարեցնելու՝ «իրեն ուղղված խնդրանքների» և «հայկական հնարավոր հարձակման դեպքում հակահարված տալու մասին»:
Նշենք, որ ներկայումս «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի և Ալեն Սիմոնյանի միջև ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին միջադեպ է եղել՝ կապված Ալեն Սիմոնյանի կողմից համակարգվող լրատվական կայքի հակահայկական ու պրոադրբեջանական, նաև՝ ապատեղեկատվություն տարածող գործունեության հետ։ Դանիելյանը հանդիպել է Սիմոնյանին և պահանջել լրատվական կայքից հեռացնել ապատեղեկատվություն ու պրոադրբեջանական քարոզչություն պարունակող հրապարակումը, սակայն Սիմոնյանը հրաժարվել է, ինչի համար էլ Դանիելյանը հարվածել է նրան։ Այս մասին Սիմոնյանը պատմել է նախորդ տարի՝ չմանրամասնելով, թե ինչն է եղել միջադեպի պատճառը։
Արդյո՞ք այսօր Ալեն Սիմոնյանը իրավունք ունի խոսել միասնականությունից, երբ նա հանդիսանում է Արցախը հանձնած ու Հայաստանի անվտանգությունը մսխած քաղաքական ուժի վառ ներկայացուցիչ, իսկ նախկինում էլ իր հերթին քանդում էր ՀՀ անվտանգային համակարգը:
Տարածաշրջանային բարդագույն պայմաններում գտնվող Հայաստանը 2016թ.-ին փոթորկի մեջ չէ՞ր:
Աղբյուր՝ AntiFake.am