(ՓԱՍՏԵՐ) Եռակողմ հայտարարություն ներկայացվող փաստաթուղթը շրջանառության մեջ է դրվել իշխանական քարոզչամեքենայի կողմից. ոչ հայանպաստ տեքստը գաղտնի է պահվում

article-image

Երեկվանից ակտիվորեն քննարկվում է այն փաստաթուղթը և դրա գաղտնի հավելվածը, որը պատրաստվում է ստորագրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել էր փաստաթղթի որոշ հատված՝ պնդելով, որ նախապատրաստվում են նոր զիջումներ ոչ միայն Սյունիքում, այլ նաև Տավուշում և Արարատի մարզերում:

Նիկոլ Փաշինյանի կողմից փաստաթղթի առկայության փաստի ընդունումից հետո իշխանական քարոզչամիջոցների և լրատվականների կողմից սկսեց տարածվել ինչ-որ փաստաթուղթ, որը ներկայացվում էր որպես այն հայանպաստ փաստաթուղթը, որը պատրաստվում է ստորագրել Նիկոլ Փաշինյանը:

Նախ փաստաթուղթը հրապարակեց «ArmLur.am»-ը կայքը՝ հավելելով, որ ըստ կայքի տեղեկությունների՝ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի կառավարությունը համաձայնել է ստորագրել այս փաստաթուղթը միայն այն բանից հետո, երբ ադրբեջանցի զինծառայողները կլքեն Հայաստանի տարածքը, և փաստաթղթում խմբագրական մի քանի շտկումներ կարվեն: Ըստ տեղեկությունների՝ սա փաստաթղթի նախնական տարբերակն է, հայկական կողմ առաջարկել է փոփոխություն անել դրա մեջ:

Այնուհետև նույն տեքստը արտատպվեց իշխանական քարոզչամեքենա հանդիսացող ու Տարոն Չախոյանին պատկանող «MediaNews.site» լրատվականում:
 


 

«MediaNews»-ից էլ փաստաթուղթը արտատպվեց իշխանական ընտանիքի լրատվականում՝ «Հայկական Ժամանակ»-ում: