Հայաստանի թիվ 1 տուրիստական կենտրոնը կորոնավիրուսի հետ ասոցացնելու և տնտեսությանը վնաս հասցնելու «նուրբ արվեստը». իշխանական դիլետանտիզմը շարունակվում է

article-image

Վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկը SARS-CoV-2 կորոնավիրուսի արագ տարածումն է աշխարհում և դրա ներթափանցումը Հայաստանի Հանրապետություն:

Կորոնավիրուսի տարածման գլխավոր օջախ հանդիսացող Չինաստանից բացի կորոնավիրուսով վարակման, իսկ որոշ պետություններում նաև մահացությունների դեպքեր գրանցվել են աշխարհի 60 պետություններումայդ թվում` մեր հարևան Իրանում և Վրաստանում, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների համար ներկայումս առավել հասանելի Իտալիայում, որն այս պահի դրությամբ հանդիսանում է Եվրոպայում կորոնավիրուսի ամենամեծ բռնկման օջախը:

Մինչ ընդդիմությունը մտահոգություն էր հայտնում և քննադատում իշխանություններին համապատասխան միջոցներ չձեռնարկելու, հարևան երկրների հետ սահմաններ չփակելու, հաղորդակցության ուղիները չդադարեցնելու համար, և մինչ իշխանության որոշ ներկայացուցիչները (1,2) և նրանց պրոպագանդիստները այդ ամենից շտապում էին քաղաքական դիվիդենտներ քաղել՝ իրենց մտահոգությունը հայտնողներին «արհեստական խուճապ ստեղծողներ» անվանելով, որոշ լրատվամիջոցների թիրախավորելով և այդ ամենը ինչ-ոչ կերպ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի հետ կապելով, այս ամենի ֆոնին կառավարությունը որոշում կայացրեց 2 շաբաթով Իրանի հետ հաղորդակցությունը դադարեցնելու մասին: Կառավարության որոշումը ուշացած և ոչ բավարար էր, և ինչպես ցույց տվեց ժամանակը, այն կանխարգելիչ հանգամանք չհանդիսացավ կորոնավիրուսի՝ ՀՀ ներթափանցման դեմ:

Երեկ՝ մարտի 1-ին, ժամը 4:52-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջով հայտնել էր, որ Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, իսկ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ժամը 12:00-ին հրավիրված ասուլիսում մանրամասներ էր հաղորդել դեպքի, դրա հայտնաբերման և կառավարության կողմից ձեռնարկված գործողությունների վերաբերյալ։

Թորոսյանի փոխանցմամբկորոնավիրուսով վարակված քաղաքացուց բացի մեկուսացվել են նրան օդանավակայանից տեղափոխած քաղաքացին, շտապօգնության անձնակազմը, որը քաղաքացուն տնից տեղափոխել է հիվանդանոց, և որոնք գտնվում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում:

Թորոսյանի այս հայտարարությունը, թե կորոնավիրուսով վարակված քաղաքացու հետ շփում ունեցած անձանց մեկուսացման վայրը Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցն է, որոշակի խուճապ էր առաջացրել ՀՀ քաղաքացիների շրջանում, և ինչպես ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում նշել էր վարչապետ Փաշինյանը, Ծաղկաձորի հյուրանոցներում համարներ պատվիրած մարդիկ հրաժարվում էին պատվերներից, իսկ ոմանք լքում էին Ծաղկաձորը:

Իրենց իսկ սխալ քայլի հետևանքով ՀՀ հանգստյան և զբոսաշրջային գլխավոր կենտրոնի՝ Ծաղկաձորի տնտեսությանը էական վնաս պատճառելուց հետո, որն առաջիկայում ավելի տեսանելի կլինի, իշխանավորները փորձել էին «մեղմել» ստեղծված իրավիճակը՝ այցելելով Ծաղկաձոր: Մասնավորապես, վարչապետ Փաշինյանը ընտանիքի անդամների հետ այցելել էր Ծաղկաձոր, շրջել դեղատներով, զրուցել քաղաքացիների հետ և այցելել սննդի տարբեր կետեր: Ծաղկաձորում էին նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ովքեր Ծաղկաձոր էին մեկնել դահուկ քշելու:

Պետք է փաստել, որ պաշտոնյաների քայլերը համոզիչ չեն եղել ՀՀ քաղաքացիների համար, և ստեղծված խուճապը չի մարել (կարող ենք հիշել Երևանյան «դատարկված» սուպերմարկետները), իսկ կորոնավիրուսով վարակված քաղաքացու հետ շփում ունեցած անձանց մեկուսացման վայրը Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը դարձնելը վնասել է ոչ միայն Ծաղկաձորում գործող հանգստյան մյուս գոտիների բնականոն աշխատանքին, տնտեսությանը, զբոսաշրջությանը, այլ նաև առաջիկայում խնդիրներ կառաջացնի պետությանը պատկանող «Գոլդեն Փելիս» հյուրանոցի սակարկություններով մրցույթի կամ աճուրդի հանման համար:

Ինչպես մեկնաբանել էր վարչապետը, նրանք մասնավոր տարածք չեն վարձակալել մեկ պարզ պատճառով, որ որևէ սեփականատեր չէր համաձայնի, որ իրենք հիվանդության կասկած ունեցող քաղաքացիներին մեկուսացնեին իր տարածքում: «Հետագայում նրա բիզնես գործունեության վրա դա նեգատիվ ազդեցություն կունենար: Մեզ պետք էր պետական տարածք, որպեսզի պետությունը լիարժեք վերահսկողություն ունենար այդ տարածքի վրա, իսկ այս պահին մենք պետական նման տարածքներ չունեինք, որը և արժանապատիվ պայմաններ ունենար, և մեծ ծավալ ունենար, և լիներ մեկուսացված, ինչպիսին այդ հյուրանոցն է»,- ասել էր վարչապետը:

Վարչապետի նույն մեկնաբանությունը տեղին կլիներ նաև շեշտել «Գոլդեն Փելիս» հյուրանոցի պարագայում, որը համաճարակի մեկուսացման կենտրոն դարձնելը առաջիկայում նույնպես բացասական ազդեցություն է ունենալու հյուրանոցի արժեքի և հետագա գործունեության համար: Դժվար գտնվի մեկը, ով մոտ 15 մլն դոլար արժեքով գնահատված հյուրանոցին (հյուրանոցի անշարժ գույքը գնահատվել է 7 մլրդ 223 մլն դրամ, իսկ շարժական գույքը՝ 312 մլն 889 հազար դրամ)՝այն համաճարակային կենտրոն-մեկուսարանի վերածելուց հետո, պատրաստ լինի վճարել հյուրանոցի իրական արժեքին համարժեք կամ չնչին տարբերությամբ քիչ գումար: Բնական է, որ հյուրանոցի գինը սակարկություններով մրցույթի կամ աճուրդի հանելուց հետո, գնորդները բարձր գին չեն առաջարկելու պետությանը: Հիշեցնենք, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի  վաճառքի համար նախատեսված աճուրդը, գնորդի բացակայության պարագայում արդեն երկու անգամ չի կայացել, ինչը հյուրանոցի մեկնարկային գինը նվազեցրել է 10 տոկոսով:

Ուստի, առկա է 10 տոկոսով նվազեցված արժեք ունեցող պետությանը պատկանող «Գոլդեն Փելիս» հյուրանոց-մեկուսարան, որի գինը վերջին իրադարձություններից հետո էլ ավելի է նվազելու: Այնինչ, եթե համապատասխան միջոցառումները ժամանակին ձեռնարկելուն և ՀՀ քաղաքացիների առողջության և բիզնեսի մասին մտածելուն զուգահեռ հաշվի առնվեր նաև պետական շահը և կանխատեսվեր հնարավոր տնտեսական անկումները, հնարավոր կլիներ փնտրել այլընտրանքային ճանապարհներ, և ՀՀ հանգստյան և տուրիստական գլխավոր կենտրոնը չէր ասոցացվի կորոնավիրուսի հետ:

Նշենք, որ լրատվականներում և սոցցանցերում «Մեկուսացված անձինք գտնվում են Ծաղկաձորի Գոլդեն Փելիս հյուրանոցում» վերնագրերով տեղ գտած նյութերին հաջորդեց «Գոլդեն Փելիս հյուրանոց» ՍՊ ընկերության տնօրեն Արտաշես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը, որում գրված էր. «Գոլդեն Փելիս անունը պատկանում է «Գոլդեն փելիս հյուրանոց ՍՊ ընկերությանը: Տանձաղբյուրի 34/1 հասցեում գտնվող շինությունը, որտեղ գտնվում են մեկուսացված անձինք, որևէ կապ չունի Գոլդեն Փելիս հյուրանոցային ցանցի հետ: Գոլդեն Փելիս հյուրանոցը միակն է, որը գտնվում է Հյուսիսային պողոտայում»:

Առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ հենց այսպես էլ պետք է լիներ, քանի որ Կոտայքի մարզի Տանձաղբյուրի 34/1 հասցեում գտնվող հյուրանոցային շենքը նախկինում պատկանել է «Գոլդեն Փելիս հյուրանոց» ՍՊ ընկերությանն ու ունեցել «Գոլդեն Փելիս Ռեզորթ և ՍՊԱ հյուրանոց» անվանումը։

Սակայն, երբ հարցին մոտենում ենք բիզնես գործունեություն իրականացնող անձանց և կառավարության սահմանած առաջնահերթությունների՝ զբոսաշրջության խթանման, բիզնես միջավայրի բարելավման, տնտեսական աճ ապահովելու տեսանկյունից, ստացվում է, որ կառավարությունն իր այս որոշմամբ վտանգի տակ է դնում նաև իրական «Գոլդեն Փելիս» անվանման հետ ասոցացվող ամբողջ բիզնես գործունեությունն այն պարագայում, երբ Ծաղկաձորում գտնվող նշված հյուրանոցը դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին նվիրատվության պայմանագրով Ավետիսյանների կողմից փոխանցվել է պետությանը՝ հետևաբար չի կարող ունենալ «Գոլդեն փելիս» անունն ու առավել ևս չի կարող չգործող հյուրանոցը համարվել 5-աստղանի հյուրանոց։

Արդյունքում՝ կառավարության անհեռատես, չհաշվարկված որոշման հետևանքով զբոսաշրջությունը, Ծաղկաձորում հյուրանոցային և ժամանցային և այլ գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը, «Գոլդեն Փելիս» անվանումը կրող իրական՝ Հյուսիսային պողոտայում գործող հյուրանոցի գործունեությունը և ընդհանուր առմամբ ՀՀ տնտեսությունը կրելու են շատ լուրջ վնասներ, այն պարագայում, երբ հեշտությամբ կարելի էր խուսափել այս վնասները պատճառելուց քաղաքացիների մեկուսացման համար պարզապես այլ՝ ոչ տուրիստական վայր ընտրելու միջոցով։

Հիշեցնենք նաև, որ կորոնավիրուսով վարակված քաղաքացին ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ փետրվարի 28-ին օդանավով Հայաստան է ժամանել Թեհրանից:

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը