
Երեկ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ էին, ընտրվում էր նոր խորհրդարանի կազմը: Սակայն ընտրական գործընթացը հեռու էր հանգիստ, խաղաղ, սահմանված կարգին համապատասխան լինելուց:
Երեկ առավոտյան ժամը 8-ից մեկնարկած ընտրությունների հետ միաժամանակ սկսվեց ահռելի աժիոտաժ, որն ուղեկցվում էր բազմաթիվ խախտումներով և անօրինություններով: Ամբողջ օրվա ընթացքում տեղի էին ունենում ձերբակալություններ, խուզարկություններ և ընտրատեղամասերում ընտրական գործընթացի կոպիտ խախտումներ:
Մշտադիտարկման արդյունքում զանգվածային լրատվության միջոցները հեղեղվեցին բազմաթիվ լուսանկարներով, տեսանյութերով, որոնք վկայում էին այս կամ այն տեղամասերում արձանագրված խախտման մասին:
Ինչպես մյուս դեպքերում, այնպես էլ արտահերթ խորհրդարանական ընտրությունների առթիվ AntiFake.am-ը աշխատել է օպերատիվ լրատվություն և տեղեկատվություն տրամադրել հասարակությանն ու հանրային առավել մեծ զանգվածների ներկայացնել ընտրական գործընթացում առկա խախտումները:
Այնուամենայնիվ, նույնիսկ միայն այդ օրը որոշ հարթակներ չեն կարողանում անաչառ գնահատականներ տալ լրատվամիջոցների աշխատանքներին: Ավելին, նրանք փորձում են նսեմացնել այլոց աշխատանքը:
Նման հարթակների առաջատարը, այսպես կոչված, «Փաստերի ստուգման հարթակն» է:
Օրինակ, երեկ հարթակը «Թարմացվող. օրվա ընթացքում ընտրախախտումների մասին սխալ ահազանգերը» վերնագրով «վերլուծություններ» և «fact-check» էր ներկայացնում և պարբերաբար հիշատակում մեզ` AntiFake.am-ին:
- Կայքը գրում է. «11:53 AntiFake.am-ը ահազանգում էր, որ Նորքի տուն-ինտերնատում (ծերերի խնամքի կենտրոն) չեն ապահովում տարեցների ընտրելու իրավունքը. պատճառաբանում են, թե մարզում են գրանցված։ Fip.am-ի հետ զրույցում Նորքի տուն-ինտերնատի տնօրեն Արթուր Մելքոնյանը պարզաբանել էր, որ ծերերից որևէ մեկի ընտրելու իրավունքը չի խախտվել, ուղղակի կան տարեցներ, որ իրենց գրանցման հասցեն չեն փոխել»:
AntiFake.am-ին դիմել էր քաղաքացին` տեղեկացնելով, որ Նորքի տուն-ինտերնատում (ծերերի խնամքի կենտրոն) չեն ապահովում տարեցների ընտրելու իրավունքը։ Պատճառաբանում են, թե մարզում են գրանցված։
Այս հրապարակումը «FIP»-ը, ըստ էության, հաստատել է, ոչ թե հերքել: Տառաճանաչություն ունեցող յուրաքանչյուր անձ կարող է կարդալ. AntiFake.am-ը չի գրել, թե տուն-ինտերնատը խախտել է տարեցների ընտրելու իրավունքը, այլ գրել է, որ տարեցների ընտրելու իրավունքը չի ապահովվել՝ պատճառաբանությամբ, թե նրանք գրանցված են մարզերում։ Խնդրի էությունն այն է, որ գրանցված լինելով մարզերում` տարեց ընտրողները ինքնուրույն չէին կարող փոխել իրենց գրանցման հասցեն` տարիքի և ծերունական առողջական խնդիների հետ կապված: Իսկ տնօրինությունը պարտավոր էր օժանդակել գործընթացին, նախապես ապահովել, որ տարեցները անձնագրային բաժիններից համապատասխան տեղեկանքներ ստանային ոչ թե մարզերում, այլ տուն-ինտերնատին ամենամոտ ընտրատեղամասում ընտրության իրավունքն իրացնելու համար։
2. Կայքը գրում է. «10:41 Aysor.am, Hraparak.am, ինչպես նաև «Ընտրությունների վերահսկման կոմիտե» նախաձեռնության համահիմնադիր Նարեկ Սամսոնյանին պատկանող AntiFake.am կայքերը տեսանյութ էին տարածել՝ նշելով, որ Արմավիրի մարզի Հայթաղ համայնքի 15/39 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արև Գրիգորյանն իր ծանոթների քվեարկությունից հետո մտնում է քվեախուց և ստուգում է, թե որ կուսակցության քվեաթերթիկն է բացակայում, ում օգտին են քվեարկել: Տեսանյութը հեռարձակվել էր նաև Armenia TV-ի Ժամը լրատվական հեռուստածրագրի ժամանակ։ Մինչդեռ, տեսանյութից ակնհայտ է, որ հանձնաժողովի նախագահը ուղղակիորեն կատարում է իր պարտականությունները՝ հավաքելով քվեախցում կուտակված ավելորդ քվեաթերթիկները։
Հարթակը նկատի ունի ստորև տեսանյութը, փորձում է համոզել, որ տվյալ ընտրատեղամասի նախագահը պարզապես հավաքում է քվեախցիկում առկա չօգտագործված քվեաթերթիկները:
Այնինչ, պարզից էլ պարզ է, որ ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահը հավաքելու հետ մեկտեղ նաև ստուգում է, թե որ քվեաթերթիկներն են մնացել քվեախցիկում: Չնկատելն անհնար է:
3. Կայքը գրում է. «09:18 Լրատվամիջոցները տարածել էին լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը, ըստ որի՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մտել է Երևանի Սարյան փողոցի վրա գտնվող իր ընտրատեղամաս՝ Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոց, քվեարկել, դուրս է եկել ու, մուտքի մոտ արդեն 15 րոպե կանգնած, ձեռքով բարևում է մարդկանց ու չի հեռանում տարածքից, մինչդեռ օրենքն արգելում է թեկնածուին լինել տարածքում մինչև 50 մ հեռավորության վրա: Ալեն Սիմոնյանը, սակայն, արձագանքել էր այդ գրառմամբ՝ լրագրողին ստախոսության մեջ մեղադրելով։ Նա պարզաբանել էր, որ դեռ չի քվեարկել, ապրում է Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցի հարևանությամբ, իսկ քվեարկում է Մուշեղ Իշխանի դպրոցում»:
«Yerevan.Today» լրատվականի լրագրող Սյուզի Բադոյանը ահազանգել էր, որ Ալեն Սիմոնյանը մտել է Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցում տեղակայված ընտրատեղամաս, մուտքի մոտ 15 րոպե կանգնել, ձեռքով բարևել է մարդկանց ու չի հեռացել տարածքից: «FIP»-ի հետ զրույցում, այնուամենայնիվ, Ալեն Սիմոնյանը այդպես էլ չի հերքել լրագրողի հաղորդումը առ այն, որ այցելել նշյալ ընտրատեղամաս ու ձեռքով բարևել մարդկանց հետ: Ուստի, լրագրողի տեղեկությունը չի հերքվել:
Վերոնշյալ խնդիրներին անդրադառնալու փոխարեն տվյալ հարթակին խորհուրդ կտանք ուսումնասիրել և հրապարակել, օրինակ, թե ինչպես է իրենց կազմակերպության ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը պոկում քվեատուփի կապարակնիքը և լարված իրավիճակ ստեղծում ընտրատեղամասում քվեարկության ավարտից հետո:
Խորհուրդ կտանք նաև նույն ջանասիրությամբ ստուգել և լուսաբանել բազմաթիվ ՔՊ-ականների անօրինական գործողությունները տարբեր ընտրատեղամասերում, ընտրությունների օրը քաղաքական կուսակցությունների և դաշինքների վստահված անձանց, պատգամավորի թեկնածուներին խուզարկելն ու բերման ենթարկելը և այլ շատ հնչեղ դեպքեր։
Աղբյուր՝ AntiFake.am