Քանի՞ հոգի կօգտվի կոմունալ վճարների փոխհատուցման ծրագրից. Փաշինյանը հակասող թվերով և մանիպուլյատիվ գրառում է արել

article-image

Այսօր՝ ապրիլի 13-ին, կառավարությունը որոշում ընդունեց հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնմեկերորդ միջոցառումը, որի համաձայն՝ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մի խումբ անձանց:

Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել ՝

  • բնական գազի սպառման գծով՝ 10 000 ՀՀ դրամը,
  • էլեկտրական էներգիայի սպառման գծով 5 000 ՀՀ դրամը:

Աջակցությունը տրամադրվում է 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում  սպառված համապատասխանաբար բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 50% -ի չափով:

Այս հարցով զեկուցող ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարցը զեկուցելու ավարտին նշեց. «Իմպլեմենտացիան կիրականացվի շատ արագ. Մենք դիմելու ենք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։ Հանձնաժողովը մեկ-երկու օրվա ընթացքում կոմունալ ծառայությունները մատուցող ընկերությունների հետ կճշգրտի ցուցակները և վճարումը կիրականցվի»։

Այսինքն՝ զեկուցողի խոսքից կարելի է ենթադրել, որ առայժմ հստակ չէ այդ միջոցառման շահառուների թիվը, որը ճշգրտման կարիք ունի և ցուցակը պարզ կլինի 1-2 օրվա ընթացքում։

Կառավարության նիստի ընթացքում խոսք ուզեց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը. «Ուզում էի նշել, որ վերջին միջոցառումը վերաբերվում է շուրջ 220 հազար բնակիչ-բաժանորդի, և եթե համարենք, որ 1 բաժանորդը մոտ 3 բնակիչ է, այսինքն՝ կվերաբերի մոտ 660.000 քաղաքացու»։

Բաղրամյանի խոսքները նույնությամբ մեջբերվել են ՀՀ վարչապետի պաշտոնական Primeminister.am կայքում կառավարության նիստին վերաբերվող մամլո հաղորդագրության մեջ. «Հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը նշել է, որ 11-րդ միջոցառումը վերաբերում է 220 հազար բնակիչ-բաժանորդի. «Եվ եթե համարենք, որ մեկ բաժանորդը մոտ 3 բնակիչ է, ապա աջակցությունը կվերաբերի մոտ 660 հազար քաղաքացու»:

ՀԾԿՀ նախագահն իր խոսքով արդեն իսկ հակասեց փոխվարչապետ Գրիգորյանին, քանի որ վերջինս նշում էր, որ ցուցակը ճշգրտման կարիք ունի, մինդեռ ՀԾԿՀ նախագահը հայտնեց բաժանորդների մոտավոր թիվ՝ 220 հազար, և յուրաքանչյուր բաժանորդի վրա անհասկանալի տրամաբանությամբ բաշխեց 3 բնակիչ՝ ստանալով 660 հազար քաղաքացի։

Կառավարության նիստի ավարտից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում կատարեց, որում նշվում է. «Այսօր ընդունված հակաճգնաժամային 11-րդ միջոցառման շրջանակներում շուրջ 222 հազար բաժանորդ կստանան մինչեւ 7500 դրամի աջակցություն՝ օգտագործած բնական գազի եւ էլեկտրական հոսանքի դիմաց կոմունալ վճարների մասով: Միջոցառման շահառու է մինչեւ 600 հազար քաղաքացի»:

Նիկոլ Փաշինյանի գրառման մեջ առկա է միանգամից մի քանի հակասություն կառավարության նիստի ընթացքում հնչած տեղեկությունների հետ։ Այսպես, Փաշինյանը գրել է, որ շահառու է հանդիսանում շուրջ 222 հազար բաժանորդ։ Մինչդեռ Մհեր Գրիգորյանը նիստի ընթացքում նշում էր, որ ցուցակները ճշգրտվում են, իսկ ՀԾԿՀ նախագահը նշել է ոչ թե 222 հազար, այլ 220 հազար շահառու-բաժանորդների մասին։ Այսինքն Փաշինյանը ներկայացնում է ավել 2000 շահառու և եթե առաջնորդվենք Նիկոլ Փաշինյանի առաջարկած հաշվարկով՝ մինչև 7500 դրամ փոխհատուցելու ենթադրությամբ, ապա Փաշինյանի և Բաղրամյանի ներկայացրած շահառուների թվերի տարբերությամբ յուրաքանչյուր շահառուին ենթադրենք 7.000 դրամ փոխհատուցելու պարագայում ունենում ենք 14 միլիոն դրամի տարբերություն, ինչը փոքր գումար չէ։ Այսինքն՝ Փաշինյանը, հակասելով Բաղրամյանին, աջակցության 2000 ավելի շահառուի և 14 միլիոն դրամ ավելի չափ է ցույց տալիս։ Հակասություն է առկա նաև Փաշինյանի գրած ավելի քան 600 հազար քաղաքացու և Բաղրամյանի նշած 660 հազար քաղաքացու մասով։

Իսկ Կառավարության պաշտոնական ֆեյսբուքյան էջը նախ ներկայացրել է շահառուների՝ Փաշինյանի գրառման թվերը («Այս ծրագրի շահառու է հանդիսանում ավելի քան 222.000 քաղաքացի»), ապա խմբագրել և ներկայացրել Բաղրամյանի հայտնած թվերը» («Այս ծրագրի շահառու է հանդիսանում 220 հազար բաժանորդ և 660 հազար քաղաքացի») (մանրամասներն՝ այստեղ

Արդյունքում Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է շահառուների թվեր, որոնք հակասում են փոխվարչապետի, ՀԾԿՀ նախագահի, վարչապետի պաշտոկանական կայքի և կառավարության պաշոնական ֆեյսբուքյան էջի թվերին։

Սա կասկած է հարուցում առհասարակ հնչեցված բոլոր թվերի մասով, քանի որ անհասկանալի է, թե ինչպես հարցի զեկուցողը չի տիրապետում շահառուների թվերին, եթե կան ճշգրտված թվեր, կամ եթե չկան և ցուցակները ճշգրտման կարիք ունեն կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից, ինչպես է ՀԾԿՀ նախագահը միանգամից շահառուների թիվ նշում և ինչու է վարչապետը հնչեցված թվից տարբերվող թիվ նշում իր ֆեյսբուքյան գրառման մեջ։

Փաշինյանի գրառման մեջ առկա են ոչ միայն հակասություններ, այլ նաև մանիպուլյացիաներ։

Այսպես, Փաշինյանը ֆեյսբուքյան գրառման մեջ չի նշել, որ որոշումը վերաբերվում է բացառապես փետրվար ամսվա կոմունալ ծախսերին և այլ ամիսների վրա չի տարածվում։

Փաշինյանը նշում է, որ շահառուները փոխհատուցվելու են մինչև 7500 դրամի չափով։ Մանիպուլյացիան «մինչև 7.500 դրամը» հատուկ շեշտելն է, քանի որ այդ շահառուների թվում կարող են լինել, օրինակ՝ 1000, 2000, 3000 դրամ սպառման ծախս ունեցողներ, որի դեպքում պետական փոխհատուցումը կազմելու է համապատասխանաբար 500, 1000, 1500 դրամի չափերով։

Այս դեպքում ճիշտ կլիներ գրառումը ձևակերպել այնպես, ինչպես նշված է կառավարության որոշման մեջ, այն է՝ «կփոխհատուցվի բնական գազի սպառման գծով՝ 10 000 ՀՀ դրամը, էլեկտրական էներգիայի սպառման գծով 5 000 ՀՀ դրամը չգերազանցած բաժանորդների փետրվար ամսվա ծախսի 50 տոկոսը։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ Փաշինյանի ֆեյսբուքյան այս գրառումը, ինչպես բազմաթիվ այլ դեպքերում, լի է սխալ, չճշտված և մանիպուլյատիվ տվյալներով, ինչը նպատակ ունի կառավարության նախաձեռնած ծրագիրը մատուցել ավելի մեծ ծավալներով, քանի որ բոլորի համար էլ հասկանալի է, որ շատ քիչ են այն քաղաքացիները, որոնց ձմռան ցուրտ ամսին իրականացրած գազի և էլեկտրաէներգիայի սպառման ծախսը պակաս կլինի 10.000 և 5.000 դրամից։ Ուստի՝ կառավարության այս ծրագիրն ու Փաշինյանի մանիպուլյատիվ գրառումը կարելի է դասել կորոնավիրուսային համավարակի պայմաններում սոցիալական խնդիրների առաջ կանգնած քաղաքացիների համար «հաց ու տեսարան» ապահովելու ու մյուս պետություններից, օրինակ Վրաստանից, «հետ չմնալու» գործողությունների շարքին։ 

Հոդվածի ռուսերեն տարբերակը.


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն