Սոցիալական ցանցերը՝ «Նոր Հայաստանում» ԶԼՄ-ների դերը նվազեցնելու գործիք

article-image

Շուտով կլրանա Նիկոլ Փաշինյանի իշխանության մեկ տարին: Վերջինիս  իշխանության գալու գործում մեծ դեր են ունեցել սոցիալական ցանցերը, մասնավորապես՝ ֆեյսբուքը: Այդ մասին խոսել է նաև վարչապետը իր՝ Դավոս կատարած այցի ժամանակ: Ներկայումս, բացի վարչապետից, գործադիրի և օրենսդիրի մի շարք ներկայացուցիչներ ակտիվորեն օգտվում են ֆեյսբուքյան հարթակից, և կարծես թե, վերջինս դարձել է տեղեկատվություն հաղորդելու, ինչպես նաև՝ կարևոր որոշումների քննարկման և ընդունման միջոց: ԶԼՄ-ները տեղեկատվության ստացման առաջնային աղբյուրից դարձել են երկրորդային: Տպավորություն է, որ սոցիալական ցանցերը եկել են փոխարինելու ԶԼՄ-ներին: Պաշտոնյաները նախընտրում են սոցիալական հարթակը և ստորադասում ԶԼՄ-ների դերը: Ցանկացած տեղեկատվություն նրանք արագորեն կարողանում են հայտնել իրենց լսարանին ֆեյսբուքյան ընդամենը մեկ գրառման միջոցով: Եվ շատ հաճախ ԶԼՄ-ները որևէ տեղեկատվության տարածման համար հղում են տալիս պաշտոնյաների ֆեյսբուքյան էջերին: Երբեմն էլ տարածվող տեղեկատվությունը նույնիսկ հնարավոր չի լինում գտնել որևէ պաշտոնական էջում:  Նշենք մի քանի օրինակներ:

Երբ ԿԳՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջը կիսվում է Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջում կատարված գրառումներով և ուղիղ եթերներով, որտեղ պարունակվում է կարևոր տեղեկատվություն, այդ մասին անդրադարձ չի արվում պաշտոնական էջում: (օրինակներ՝ 1, 2, 3, 4, 5)

Հաջորդ օրինակը Հարություն Մաշադյանին դատախազ նշանակելու մասին պարզաբանումներն են, որին անդրադարձել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը և ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Երկու դեպքում էլ պարզաբանումները արվել են ֆեյսբուքյան էջերի միջոցով, իսկ դատախազության պաշտոնական կայքում պարզաբանող հրապարակումներ չկան: ԶԼՄ-ները այս դեպքում ևս հղում են տալիս ոչ թե պաշտոնական էջի հրապարակմանը, որը, ի դեպ, չկա, այլ՝ ֆեյսբուքյան գրառումներին (oրինակ` 1, 2, 3, 4, 5):

Վարչապետի ֆեյսբուքյան ակտիվությունը, թերևս, հանդիսանում է վերը նշվածի ամենավառ օրինակը: Նիկոլ Փաշինյանը շատ հաճախ է գրառումներ կատարում իր ֆեյսբուքյան էջում, փորձում է ուղիղ եթերների միջոցով հասարակության հետ կապ պահպանելու տպավորություն ստեղծել՝ մեկնաբանելով մամուլում շրջանառվող մի շարք նյութեր: Սակայն ֆեյսբուքյան ուղիղ եթերներով մի շարք խնդիրների մասին խոսելով՝ վարչապետը մեկնաբանում է ծագած հարցերի միայն մի մասը: Եթե վարչապետը այդ հարցերին պատասխաներ լրագրողների ներկայությամբ, վերջիններս միգուցե հարցեր հնչեցնեին, որոնց վերաբերյալ կցանկանային մեկնաբանություն ստանալ:

Բացի այդ, վարչապետը շատ հաճախ հարցազրույցներ է տալիս արտասահմանյան լրատվամիջոցներին (Ռոսիա 24, «Դոյչե Վելե», ֆրանսիական միջազգային ռադիոկայան, «Libération» օրաթերթ, «Russia Today», «ՄԻՐ», «Ալ Ջազիրա», Le Monde օրաթերթ, РБК հեռուստաընկերություն, RTS շվեյցարական ռադիոկայան, գերմանական «Die Zeit» շաբաթաթերթ, «Իռնա» իրանական լրատվական գործակալություն, EURACTIV), այնինչ հայկական լրատվամիջոցները նման հնարավորություն շատ քիչ են ունենում (օրինակ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը «Զինուժ մեդիային», մամուլի ասուլիսները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը ՀՀ կառավարության նիստերի դահլիճում, Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը Ստեփանակերտում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը Մատենադարանում): Արդյո՞ք չենք կարող ենթադրել, որ վարչապետը խուսափում է հայկական մամուլից: Սրա փոխարեն Փաշինյանը նախընտրում է ֆեյսբուքյան ուղիղ եթերները, որոնք ավելի մեծ լսարան են ընդգրկում:

Տեղեկատվություն փոխանցելու, խնդրահարույց հարցերը քննարկելու և այդ հարցերին պատասխանելու սոցցանցային տարբերակը ստորադասում է այն  դերը, որը պատկանում է մամուլին:

Ֆեյսբուքում ձևավորվել է հանրային լայն լսարան, որն ուղղակի տեղեկատվություն է ստանում ֆեյսբուքից: Այս ամենին գումարվում է լրատվամիջոցներին ուղղված իշխանության ներկայացուցիչների քննադատությունը, որով նրանք բացասական լույսի ներքո են ներկայացնում այն լրատվականների գործունեությունը, որոնք քննադատում են իրենց, և անուղղակի կոչ անում մերժել այդ մամուլը: Ստացվում է, որ իշխանության ներկայացուցիչներին անվերապահորեն վստահող հասարակության մի ստվար զանգվածի մոտ հասու է միայն այն, ինչ նրանց մատուցվում է ֆեյսբուքյան հարթակով այդ պաշտոնյաների կողմից, իսկ մեդալի մյուս կողմն այդ լսարանը այդպես էլ չի տեսնում:

Հեղինակ՝ Մարի Ավագյան

Հոդվածի ռուսերեն և անգլերեն տարբերակները։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն