Ու՞մ է պատկանում Զարեհ Սարգսյանի անվան հետ կապվող օրենքի խախտմամբ երթևեկող ավտոմեքենան. Ճանապարհային ոստիկանությունը մերժում է տեղեկության տրամադրումը

article-image

Հունիսի 2-ին AntiFake.amհոդված հրապարակեց մեր ունեցած այն տեղեկությունների մասին, համաձայն որոնց դեռ նախորդ տարվա դեկտեմբերին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրը՝ Զարեհ Սարգսյանը, Հայաստան է բերել Chevrolet Corvette Stingray մակնիշի սպորտային ավտոմեքենա, որը մինչ օրս երթևեկում է չթույլատրված համարանիշով։ 

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ մեքենան շատ հաճախ երթևեկում է Կոմիտասի պողոտայում, ուստի այն չէր կարող աննկատ մնալ Ճանապարհային ոստիկանության տեսադաշտից։

AntiFake.am-ի հրապարակմանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձ կատարեց պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ հերքելով ավտոմեքենայի կապը իր հոր և իր ընտանիքի հետ։

Մեր ունեցած տեղեկությունները ճշտելու համար AntiFake.am-ը հարցում ուղարկեց Ճանապարհային ոստիկանությանը, որը տեղեկությունը հաստատելու կամ հերքելու փոխարեն մերժեց տեղեկության տրամադրումը՝ պատճառաբանելով, որ հայցվող տեղեկությունները համարվում են մասնավոր կյանքի վերաբերյալ անձնական տվյալներ, որոնց տրամադրումը առանց այդ անձի համաձայնության (ներկայացուցչին տրված համապատասխան լիազորագրի) հնարավոր չէ, մերժման հիմքում դնելով նաև տեղեկություն ստանալու համար 3000 ՀՀ դրամ չվճարելու հանգամանքը։

Անհրաժեշտ է նշել, որ ոչ վաղ անցյալում մամուլում շրջանառվում էր մեկ այլ թանկարժեք մեքենայի վերաբերյալ տեղեկություններ, որը կապվում էր Հայկ Սարգսյանի անվան հետ։ Նրան նկարել էին 150.000 ԱՄՆ դոլար արժողությամբ Mercedes-AMG GT C Roadster մոդելի ավտոմեքենան վարելիս։ Այս տեղեկությունը ևս պատգամավորը հերքել էր՝ նշելով, որ մեքենան պատկանում է ընկերոջը։ Սակայն «կարմիր մեքենայի» պատմությունը՝ կապվելով Հայկ Սարգսյանի անվան հետ, շարունակում է համառորեն կախված մնալ օդում։

Քանի որ թե՛ Հայկ Սարգսյանի և թե՛ Զարեհ Սարգսյանի մեքենաների պատմությունը հիմնավոր կերպով չի հերքվել, իսկ Զարեհ Սարգսյանի անվան հետ կապվող մեքենայի վերաբերյալ Ճանապարհային ոստիկանությունը մերժել է տեղեկության տրամադրումը, հետևաբար մեր ունեցած տեղեկությունը շարունակում է մնալ օդում կախված։

AntiFake.am-ը կրկին հարցում է ուղարկել Ճանապարհային ոստիկանությանը։ Կոչ ենք անում Ճանապարհային ոստիկանությանը բացահայտել Զարեհ Սարգսյանի անվան հետ կապվող Chevrolet Corvette Stingray մակնիշի սպորտային ավտոմեքենան վարող իրավախախտ անձի ինքնությունը՝ հաշվի առնելով, որ այս պարագայում առկա է հասարակական հետաքրքրություն և հանրային շահ, ինչը գերակա է մասնավոր կյանքի և անձնական տվյալների նկատմամբ։

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն