Արայիկ Հարությունյանը կողմ է, որպեսզի մանուկների համար նախատեսված հաստատությունում տեղի ունենա սատանիստական բնույթի համերգ

article-image

Հոկտեմբերի 31-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ իր նախարարության օրոք մշակույթի ոլորտում ցենզուրա չի լինելու։

«Սատանիզմի հիմքով համերգներ չեղարկելը այլևս չի լինելու Հայաստանում։ Ինչ որ մտացածին հիմքերով ինչ-որ բաներ չեղարկելը չի լինելու»,-նշել է Հարությունյանը։

Ի՞նչ համերգի մասին է խոսում Արայիկ Հարությունյանը, որը չեղարկվել է «սատանիզմի հիմքով»։

Հոկտեմբերի սկզբին համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ Երևանի պետական Տիկնիկային թատրոնում հոկտեմբերի 4-ին, ժամը 20:00-ին տեղի է ունենալու «Vader»  ռոք խմբի համերգը։ Ֆեյսբուքյան օգտատերերը դժգոհության ալիք էին բարձրացրել այդ կապակցությամբ՝ նշելով, որ անթույլատրելի է մանուկների համար նախատեսված մշակութային հաստատությունում ռոք համերգի կազմակերպումը, այն էլ մի խմբի կողմից, որն ունի բազմաթիվ սատանիստական բնույթի երգեր, որի համերգների ժամանակ բեմահարթակի հետևի ֆոնին լինում է «Սատանայի» նկար, թարս կախած խաչեր և այլն։

Եվ իսկապես, «Vader» ռոք խմբի ֆեյսբուքյան էջի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ խումբը հոկտեմբերի 2-ից շրջագայություն է իրականացնում տարբեր երկրներում, և ի թիվս այլ երկրների համերգ է նախատեսված նաև Երևանում։ «04.10.2019 – Երևան // Տիկնիկային թատրոն»,- նշված էր խմբի հայտարարության մեջ։

AntiFake.am-ը Տիկնիկային թատրոնում նախատեսվելիք համերգի հետ կապված մեկնաբանություն ստանալու համար կապ էր հաստատել Երևանի պետական Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ։



Մեզ հետ զրույցում Բաբայանը նշել էր, որ եղել է համաձայնություն, որ Տիկնիկային թատրոնում ռոք խումբ է հանդես գալու, ինչպես հաճախակի հանդես են գալիս տարբեր տեսակի ռոք խմբեր՝ և՛ հայկական, և՛ արտերկրի։ Բայց հոկտեմբերի 2-ին այդ միջոցառումը Տիկնիկային թատրոնում չեղարկվել է։

Մեր այն հարցին, թե ինչ պատճառով է չեղարկվել համերգի անցկացումը Տիկնիկայինում, պարոն Բաբայանը նշել էր, որ պատճառները շատ-շատ են։

«Պատճառներից մեկն այն է, որ ժամանակին ճիշտ իրազեկում չի արվել՝ բացատրելու խմբի բնույթը, ատրիբուտիկան, իմաստը, ոճը և այլն։ Եվ հանրության որոշակի մասի մոտ կարծիք է ձևավորվել, որ սա սատանիստական քարոզչություն է։ Քանի որ թատրոնը 21 տարիների ընթացքում կտրականապես դեմ է եղել ցանկացած տեսակի քարոզչությանը՝ լինի դա քաղաքական, կուսակցական կամ կրոնական, և քանի որ այդպիսի տպավորություն է ստեղծվել հանրության մի մասի մոտ, և ժամանակ չկա, որպեսզի մասնագետները իրազեկեին, բացատրեին, որովհետև ես ինքս «ծանր մետալի» մասնագետ չեմ, որպեսզի դա անեմ, մենք որոշեցինք, որ նման ձևով չի կարելի այս համերգը, և որոշեցինք այդ համերգն այստեղ չանցկացնել»։ «Մենք հոկտեմբերի 2-ին պաշտոնապես հայտարարել ենք, որ համերգն այստեղ տեղի չի ունենա»,- հավելեց Բաբայանը։

Ավելի ուշ համերգի անցկացման վայրը փոփոխվել էր և տեղի ունեցել «Պոլիգրաֆ» բազմաֆունկցիոնալ տարածքում։ Փոփոխվել էր նաև համերգի ժամը՝ 20:00-ից հետաձգվելով 21:00:

Արայիկ Հարությունյանը նկատի է ունեցել հենց այս համերգը։

Փաստորեն ՀՀ ԿԳՄՍ նախարարը կողմ է, որպեսզի մանուկների համար նախատեսված հաստատությունում տեղի ունենա դրա նպատակային նշանակությունից տրամագծորեն տարբերվող միջոցառում, այդ թվում՝ սատանիստական բնույթի համերգ։

Հիշեցնենք, որ վերջերս նմանատիպ «սատանիստական բնույթի» միջոցառում էր կազմակերպվել Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, որը չեղարկվել էր ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի միջամտությամբ։

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն