«Վարչապետի հայտարարություններին ոչինչ չունենք ավելացնելու». վարչապետի աշխատակազմի ռոմանտիկ պատասխանը մեր պաշտոնական հարցմանը

article-image

Նոյեմբերի 13-ին ՀՀ Ազգային ժողովում ՀՀ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Եթե մարդիկ, այդ թվում` քաղաքական գործիչներ, այդ թվում` պատգամավորներ, որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու, և որոնք մտածում են` այս օրենքի հետ կապված կարող են միջնորդավորված ձևով պատգամավորի սպառնալ, օրինակ` հարցի հարակից զեկուցողներին, ուղիղ ասում եմ` կպառկեցնենք ասֆալտին: Հանկարծ մտքներով չանցնի, կպառկեցնենք ասֆալտին և կտանք պատերով` բառիս բուն իմաստով: Որևէ մեկը չփորձի, նախկին կլինի, ներկա կլինի, որ, ասենք հանրապետության երկրորդ քաղաքի կեսը թալանել է, հիմա մտածի, թե կարող է թպրտալ, կտանք պատերով, կպառկեցնենք ասֆալտին: Թող ականջներին օղ անեն, եթե օղ չեն անի, այդ տեսարանները դուք կտեսնեք իրականում»։

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության կապակցությամբ հարցում էինք ուղարկել վարչապետի աշխատակազմին՝ տեղեկություններ հայցելով այն մասին, թե.

  1. Միջնորդավորված ձևով ո՞ր պատգամավորին, ո՞ր հարակից զեկուցողին և ո՞վ է սպառնացել,
  2.  Ո՞վ է թալանել հանրապետության երկրորդ քաղաքի կեսը,
  3. Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը դիմել է իրավապահ մարմիններին նշված առերևույթ հանցագործությունների կապակցությամբ քրեական գործեր հարուցելու համար,
  4. Եթե այո՝ հարուցվե՞լ են քրեական գործեր,
  5. Եթե ոչ՝ ինչու՞ չի դիմում իրավապահ մարմիններին այդ հանգամանքների կապակցությամբ քրեական գործեր հարուցելու համար։

Վարչապետի աշխատակազմից ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է հետևյալը. «Վարչապետի հայտարարություններին ոչինչ չունենք ավելացնելու, իսկ իրավապահ մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում զբաղվում են իրենց գործառույթներով»։

Փաստացի վարչապետի աշխատակազմը չի պատասխանել մեր առաջադրած որևէ հարցի՝ ի պատասխան նշելով, որ վարչապետի հայտարարություններին ոչինչ չունեն ավելացնելու։ Վարչապետի աշխատակազմը նման պատասխան կարող էր տալ այն դեպքում, եթե մենք հարցնեինք, թե ի՞նչ ունեք ավելացնելու վարչապետի հայտարարություններին։

Փաստորեն, վարչապետի աշխատակազմում հարցումների բովանդակությունն ընկալելու լուրջ խնդիր ունեն։ Կամ էլ բոլոր այն դեպքերում, երբ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս հերթական անպատասխանատու հայտարարությամբ, աշխատակազմին այլ բան չի մնում, քան նման խայտառակ բովանդակությամբ «պատասխան» տալը։

Կարող ենք ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Հանրապետության երկրորդ քաղաքը թալանելու, պատգամավորներին սպառնալու վերաբերյալ հերթական օդում ասված բառերն էին։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Նիկոլ Փաշինյանի այսրոպեական պոպուլիստական հայտարարությունների և դրանց անհետևանք շարունակության մասին՝ «ոչինչ չունենք ավելացնելու»։

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը