Դերասաններ, քաղաքական գործիչներ, մարզիկներ, ովքեր վարակվել են կորոնավիրուսով

article-image

Ինչպես տեղեկացրել էինք մեր նախորդ հրապարակումներում, կորոնավիրուսի պանդեմիայի բռնկումը աշխարհում մի շարք մշակութային, սպորտային և քաղաքական միջոցառումների, այդ թվում նաև՝ մի քանի պետություններում սպասվելիք նախագահական, խորհրդարանական և ՏԻՄ ընտրությունների հետաձգման կամ չեղարկման պատճառ է հանդիսացել:

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ մարտի 24-ի ժամը 18։00-ին թարմացված տվյալների՝ աշխարհի 195 երկրներում և տարածքներում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 375.498 դեպք։ Վարակվածների շարքում են նաև հայտնի դերասաններ, քաղաքական գործիչներ և մարզիկներ:

Ովքեր՞ են նրանք՝ ներկայացնում ենք ստորև։

Կորոնավիրուսով վարակված  դերասաններ

Թոմ Հենքս, Ռիտա Ուիլսոն

«Daily Mail»-ի փոխանցմամբ՝ դերասան Թոմ Հենքսը կնոջ՝ դերասանուհի Ռիտա Ուիլսոնի հետ կորոնավիրուսի թեստ են հանձնել և դրական պատասխան ստացել։ Ինչպես պատմել է Հենքսը, նրանց թեստ հանձնելու պատճառը եղել է համապատասխան ախտանիշների առկայությունը։ Այժմ նրանք ինքնամեկուսացած են Ավստրալիայում վարձակալած բնակարանում։ Հենքսը այնտեղ էր մեկնել Էլվիս Փրեսիլիի  «Էլվիս» կենսագրական ֆիլմում նկարահանվելու համար։

Հենքսը նկարահանվել է «Inferno», «Forrest Gump», «The Green Mile», «The Da Vinci Code» և այլ ֆիլմերում, իսկ Ռիտա Ուիլսոնը՝ «My Big Fat Greek Wedding 2» և այլն։
 


 

Քրիստոֆեր Հիվյու

Դերասան, պրոդյուսեր և սցենարիստ Քրիստոֆեր Հիվյուն, ով առավել հայտնի է «Game of Thrones» հեռուստասերիալում Թորմունդի դերակատարմամբ, իր ինստագրամյան էջում հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով: Նա գրել է, որ թեստ է հանձնել և դրական պատասխան ստացել, նաև ունի թեթև մրսածություն, այդ պատճառով իր ընտանքի հետ ինքնամեկուսացել է տանը և իր հետևորդներին կոչ արել իրարից պահպանել 1,5 մետր հեռավորություն, լվանալ ձեռքերը և զգույշ լինել։ «Արեք ամեն ինչ վիրուսի տարածումը կանխարգելելու համար» - գրել է դերասանը։

Հիվյուն նաև խաղացել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Fast and Furious»-ը և «After Earth»-ը։
 


 

Ինդիրա Վարմա

Ինստագրամյան էջով իր մոտ ախտորոշված կորոնավիրուսի մասին հայտնել է նաև «Game of Thrones»-ում Էլարիա Սենդին մարմնավորած Ինդիրա Վարման, ով տեղեկացրել է, որ իրեն այդքան էլ լավ չի զգում և իր հետևորդներին կոչ արել հոգ տանել իրենց մասին։

Վարման խաղացել է այնպիսի ֆիլմերում և հեռուստասերիալներում, ինչպիսիք են «Exodus: Gods and Kings»-ը և «Luther»-ը և այլն։


 

Իդրիս Էլբա

Կորոնավիրուսով վարակված լինելու մասին թվիթերյան իր էջում գրառում է կատարել դերասան Իդրիս Էլբան, ով Ինդիրա Վարմայի հետ խաղացել է «Luther» դետեկտիվ հեռուստասերիալում։ Դերասանը նշել է, որ իրեն լավ է զգում, և նրա մոտ դեռևս հիվանդության ախտանշաններ չկան։ Կարանտինի մեջ գտնվող Էլբան կոչ է արել մնալ տանը և խուճապի չմատնվել։

Էլբան նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Fast & Furious Presents: Hobbs & Shaw»-ն, «Thor»-ը, «The Dark Tower»-ը «Avengers: Infinity War»-ը և «Ghost Rider: Spirit of Vengeance»-ը։


 

Օլգա Կուրիլենկո

Ինստագրամյան էջով իր մոտ ախտորոշված կորոնավիրուսի հայտնած հաջորդ հայտնին դերասանուհի, մոդել Օլգա Կուրիլենկոն է։ Տանը ինքնամեկուսացած դերասանուհին, ով պարբերաբար ներկայացնում է իր առողջական վիճակի մասին, իր հետևորդներին կոչ է արել զգուշանալ։ Իր վերջին հրապարակմամբ դերասանուհին հայտնել էր, որ կարծես թե լիովին ապաքինվել է։

Կուրիլենկոն նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Hitman»-ը և «Quantum of Solace»-ը։


 

Դենիել դե Կիմ

CNN-ը գրում է, որ դերասան Դենիել դե Կիմը հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով, որը, նրա համոզմամբ, տեղի է ունեցել Նյու Յորքում «New Amsterdam» սերիալի նկարահանումների ժամանակ։ Իր ինստագրամյան էջում դերասանը հետևորդներին հայտնել է, որ տուն՝ Հավայան կղզիներ վերադառնալու ճանապարհին ունեցել է կոկորդի ցավ, այնուհետև տենդ։ Դերասանը թեստ է հանձնել ու ընտանիքի անդամներին չվարակելու համար ինքնամեկուսացել, այնուհետև ստացել թեստի դրական պատասխանը։ Կիմը իր հետևորդներին խորհուրդ է տվել հեռավորություն պահպանել իրարից և հետևել մյուս կանոններին։

Կիմը նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Hellboy»-ը, «The Divergent Series: Insurgent»-ը, «The Divergent Series: Allegiant»-ը, «Hulk»-ը, «Spider-Man 2»-ը և այլն։
 


 

Ռեյչալ Մեթյուզ

Ինստագրամում կորոնավիրուսոով վարակված լինելու մասին հայտնած հաջորդ դերասանուհին Ռեյչալ Մեթյուզն է։ Դերասանուհին առավել հայտնի է «Happy Death Day» և «Happy Death Day 2U» ֆիլմերից։
 


 

Կորոնավիրուսով վարակված քաղաքական գործիչներ

Սոֆի Գրեգուար Թրյուդո

CNN-ի փոխանցմամբ` Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն 14 օրով ինքնամեկուսացել էր այն բանից հետո, երբ կնոջ՝ Սոֆի Թրյուդոյի մոտ Մեծ Բրիտանիայից վերադարձից հետո հարբուխ էր նկատվել և հանձնված կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական էր եղել։ Թեև վարչապետի մոտ ախտանշաններ չեն եղել, նա, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշել էր ինքնամեկուսանալ։
 


 

Փիթեր Դաթոն

Ավստրալիայի ներքին գործերի նախարար Փիթեր Դաթոնի փոխանցմամբ` իր մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Դաթոնի խոսքերով` առավոտյան կոկորդի ցավով արթնանալով` նկատել է, որ տաքություն ունի, և թեստավորումից հետո պարզ է դարձել վերջինիս` վարակակիր լինելու հանգամանքը: Դաթոնը, ում մեկուսացումը արդեն ավարտվել է, և նա տանն է, ասել է, որ բժիշկները հստակ չգիտեն, թե նա երբ է վարակվել, բայց իր կարծիքով` դա տեղի է ունեցել ԱՄՆ-ում։
 


 

Ֆրանկ Ռիստեր

«France Presse»-ը հղում է արել Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռայսթերի գրասենյակին և հայտնել, որ նախարարի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Ֆրանկը վարակվելուց առաջ գտնվել է խորհրդարանում, որի մի քանի պատգամավորներ ևս վարակակիրներ են։
 


 

Նադին Դորրիս

BBC-ն գրում է, որ Մեծ Բրիտանիայի Առողջապահության նախարար, պահպանողական պատգամավորը նույնպես վարակվել է կորոնավիրուսով։ Դորրիսը ինքնամեկուսացել է տանը։ Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Դորիիսի ախտահարման առաջին նշանները զգացվել են այն օրը, երբ նա մասնակցել է վարչապետի կողմից անցկացվող միջոցառմանը։
 


 

Արքայազն Չարլզ և իշխան Ալբերտ Երկրորդ

CNN-ի փոխանցմամբ` 71-ամյա արքայազնի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Նա հիվանդության թեթև նշաններ ունի և ինքնամեկուսացվել է մի քանի օր առաջ, երբ հայտի դարձավ, որ Մոնակոյի իշխան Ալբերտ երկրորդը վարակված է կորոնավիրուսով, ում հետ վերջերս Չարլզը հանդիպում էր ունեցել:
 


 

Nbcnews.com-ի փոխանցմամբ` Ալբերտ Երկրորդի թեստի պատասխանը դրական է, սակայն նրա առողջությանը վտանգ չի սպառնում։ Նա շարունակում է իր աշխատանքը պալատում գտնվող աշխատասենյակից և հեռավար կապ է պահում կառավարության անդամների հետ։ Արքայազն Չարլզը նույնպես շարունակում է աշխատել տնից:

Նիկոլա Զինգարետտի

Իտալիայի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Զինգարետտի մոտ նույնպես կորոնավիրուս է ախտորոշվել, հայտնում է «rainews.it»-ը։ Զանգարետիի խոսքերով՝ նա լավ է, սակայն առաջիկա օրերին ստիպված է մնալ տանը և այդտեղից հետևել կատարվող աշխատանքներին։
 


 

Իռենե Մոնտերո

Իսպանիայի կառավարությունը հայտնել է, որ Հավասար հնարավորությունների նախարար Իռենե Մոնտերոյի և ամուսնու՝ «Unidas Podemos» կուսակցության փոխնախագահ Պաբլո Իգլեսիասի մոտ հայնաբերվել է կորոնավիրուս, և նրանք գտնում են կարանտինում։
 


 

Հոսեյն Շեյխոլեսլամ և Մոհամմադ Միրմոհամադի

Իրանական մամուլը հայտնում է, որ կորոնավիրուսի հետևանքով նաև պաշտոնյաների մահեր են գրանցվել Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Խոսքը իրանցի դիվանագետ և խորհրդարանի նախկին անդամ Հոսեյն Շեյխոլեսլամի մասին է:
 


 

Մահացել է նաև Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Մոհամմադ Միրմոհամադին։

Կորոնավիրուսով վարակված մարզիկներ

Միկել Արտետա

Օրեր առաջ BBC-ն հայտնել էր, որ Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել, և ակումբի առաջիկա ֆուտբոլային հանդիպումը հետաձգվել է, իսկ Արտետայի հետ վերջին շրջանում շփում ունեցածները՝ այդ թվում ֆուլբոլիստները, մեկուսացվել են։

BBC-ն նաև հայտնել է, որ Արտետան արդեն կազդուրվել է։
 


 

Ֆերնանդո Մարտին Ալվարես

«Daily Mail»-ը հաղորդել է, որ «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Ֆերնանդո Մարտին Ալվարեսը նույնպես վարակվել է կորոնավիրուսով։ Վերջինիս վիճակը ծանր է և նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
 


 

Լորենցո Սանս

«Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Լորենցո Սանսը, որը ևս վարակված էր կորոնավիրուսով, օրեր առաջ մահացել է, հայտնում է «Daily Mail»-ը։
 


 

Կալում Հադսոն-Օդոյ

«Չելսի» ֆուտբոլային ակումբի կայքից տեղեկանում ենք, որ ակումբի հարձակվող Կալում Հադսոն-Օդոյի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Ֆուտբոլիստի մոտ գրիպի նախանշանների առկայությունից հետո վերջինս, անվտանգության նկատառումներից ելնելով, չի մասնակցել մարզումներին։ Ներկայումս ինքնամեկուսացած ֆուտբոլիստն իրեն լավ է զգում և մարզվում է տանը։
 


 

Դանիելե Ռուգանի

«Յուվենտուսի» պաշտպան Դանիելե Ռուգանին ասում է, որ չնայած թեստի արդյունքներին՝ նա չունի կորոնավիրուսի ախտանիշներ, հայտնում է «Bleacherreport»-ը։ Ռուգանիի թեստի դրական պատասխանից հետո ակումբի անձնակազմը և ֆուտբոլիստները ինքնամեկուսացել են, իսկ Ռուգանին ասել է, որ իրեն շատ լավ է զգում։
 


 

Ռուդի Գոբեր

«Washington Post»-ը հայտնում է, որ կորոնավիրուսով վարակված Ռուդի Գոբերը կորցրել է հոտի զգացողությունը։ «Utah Jazz»-ի ֆրանսիացի բասկետբոլիստի թեստի պատասխանը դրական է եղել, ինչի հետևանքով NBA առաջնությունը չեղարկվել է։ Մինչ այդ Գոբերը մամուլի ասուլիսի ընթացքում ծաղրական կերպով ձեռք էր տվել սեղանին դրված միկրոֆոններին՝ «սպառնալով» վարակել բոլորին և խուճապ ստեղծել հավաքված լրագրողների շրջանում։ Թեստի դրական պատասխանից հետո Գոբերը ներեղություն էր խնդրել իր պահվածքի և մարդկանց վտանգի ենթարկելու համար։ Գոբերը հույս էր հայտնել, որ իր պատմությունը դաս կլինի մյուսներին, որպեսզի ամեն ինչ լուրջ ընդունեն։
 

 

Պատրաստեց Մարի Ամիրջանյանը


Կարդացե՛ք նաև՝

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն