Մանդա՞տ, թե՞ ընկերություն․ ինչու՞ 77 անգամ բացակայած Արսեն Ջուլֆալակյանն այս անգամ կարևորեց իր մասնակցությունն ԱԺ նիստին

article-image

Երեկ` հունիսի 16-ին, վաղ առավոտից Ազգային ժողովում քննարկվում էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար և կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու հարցը, որն ընդունվեց 87 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ:

ԱԺ նիստի ընթացքում ոստիկանությունը մեծաքանակ ուժեր էր կենտրոնացրել խորհրդարանի հարակից տարածքներում: 13:30-ի դրությամբ ԱԺ հարակից տարածքներից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածի համաձայն բերման էին ենթարկվել 154 քաղաքացիներ:

Բերման ենթարկվածների շարքում էր նաև ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ,  Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի մեդալակիր, Պեկինի ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը: Վերջինս ԱԺ դիմաց  իր աջակցությունն էր հայտնում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին:

Ռոման Ամոյանի բերման ենթարկվելու հանգամանքը` այն էլ բիրտ ուժի կիրառմամբ, մի շարք մտահոգությունների և քննադատությունների տեղիք է տվել հասարակական-քաղաքական շրջանակներում: Տեղի ունեցածը դատապարտող մի շարք հայտարարություններ են հնչել, այդ թվում նաև՝ սպորտային բնագավառի ներկայացուցիչների կողմից:

Մասնավորապես, ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանը խորհուրդ էր տվել ընթերցել երկրում տիրող ներկայիս իրավիճակը բնութագրող «Անասնաֆերմա» գիրքը, իսկ Եվրոպայի չեմպիոն, ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանն ասել էր, որ Ամոյանը Հայաստանի պատիվը բարձր պահելուց Բաքվում կոտրված ձեռքով պայքարում էր հայերի համար, իսկ այսօր նրա նկատմամբ հարգանք չկա. «Ես նույնպես մարզիկ եմ և այս ամենը տեսնելուց հետո, կարծում եմ, մարզիկները մեծ հիասթափություն կապրեն»,- ընդգծել էր Արսեն Հարությունյանը։

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն էլ մտահոգվել էր Արսեն Ջուլֆալակյանի լռությամբ և գրել. «Ջուլֆալակյան Արսենը լուռա, անգամ, երբ Ամոյան Ռոմանին են ձերբակալում»:

«Ադեկվադ» միաբանության անդամ Լիկա Թումանյանը հիշեցրել էր Ամոյանի հաղթանակները և գրել. «Երբ Ռոման Ամոյանը Բաքվում կոտրված ձեռքով դուրս էր գալիս գորգ՝ Հայաստանի պատիվը պահելու, դեռ չգիտեր, որ տարիներ հետո այդ նույն Հայաստանում մի ոստիկան նրան ասելու է, որ խոսելու իրավունք չունես, ու ձերբակալի»:

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am-ի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը նույնպես հետաքրքրվել էր Արսեն Ջուլֆալակյանի լռությամբ և գրել. «Էս ձևով բերման են ենթարկում բազմաթիվ ադրբեջանցիների չոքցրած Ռոման Ամոյանին ու սա չեն անում թուրքերը, սա չեն անում ադրբեջանցիները.... սա անում են ալիևին կիրթ համարող նիկոլի հրահանգը կատարող ոստիկանները»:
 


 

Նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը հիշեցրել է, թե քանի անգամ է Ամոյանը մեզ հպարտություն պարգևել և գրել. «Նիկոլ Փաշինյանի հրամանով Ռոմանին` մեզ այդքան հպարտություն պարգևած մարդուն, պառկացնում են ասֆալտին, որովհետև Ռոմանը համարում է, որ ինքը ՀՀ քաղաքացի է, համարում է, որ կարծիք ու տեսակետ ունենալու իրավունք ունի: Սա խայտառակություն է, ուրիշ ոչինչ»:
 


 

Նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հրապարակել է 2015թ․ Բաքվում Ամոյանի արյունոտ վիրակապով ու ջարդված ձեռքով լուսանկարն ու գրել«Նիկոլը, ոստիկանների մեջքում թաքնված, էս փոքրամարմին առյուծին էսօր ասֆալտին է «փռում»... Ամո՜թ քեզ, Ռոմանի չափ հայ եղիր, տղա՛»:
 


 

Նարեկ Մանթաշյանն էլ Նիկոլ Փաշինյանի` չեմպիոնների մասին պատկերացումների և Ռոման Ամոյանին բիրտ կերպով բերման ենթարկելու կոնտենտների համակցմամբ տեսանյութ է հրապարակել: 


 

Ինչպես կարելի է նկատել հասարակական-քաղաքական շրջանակների քննադատություններից, բոլորին հետաքրքրում էր, թե ստեղծված իրավիճակում ինչու՞ էր լռում հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի և եվրոպայի չեմպիոն, Ռոման Ամոյանի ընկեր և իմքայլական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։

Ջուլֆալակյանը, որը հասարակական-քաղաքական շրջանակներից հնչող քննադատություններից ժամեր անց միայն խոսեց Ռոման Ամոյանի բերման ենթարկման մասին, իր հետագա գործողություններով ցույց տվեց իր կյանքում մանդատի «կարևորությունը» :

Ջուլֆալակյանը, մասնավորապես գրել է. «Համացանցում հայտնվել է անվանի մարզիկ Ռոման Ամոյանի ձերբակալման տեսագրությունը և լրագրողները փորձում են կապ հաստատել հետս՝ իմանալու կարծիքս։ Օբյեկտիվ պատճառով չեմ կարող զանգերին պատասխանել (ԱԺ նիստ է ընթանում...)»:

Նկատենք, սակայն, որ համաձայն parliamentmonitoring.am կայքում առկա տվյալների՝ Ջուլֆալակյանը 77 անգամ բաց է թողել ԱԺ նիստերը։ Բացի այդ, եթե ԱԺ կարևորագույն նիստի ընթացքում գրառում կատարելու ժամանակ է գտել, ապա վստահաբար ժամանակ կարելի էր գտնել իր ընկերոջ վերաբերյալ մեկ հարց մեկնաբանելու համար։

Նույն գրառմամբ Ջուլֆալակյանը նաև նշել է, որ տեղյակ է խնդրից այնքան, որքան երևում է կադրերից, և  լրացուցիչ տեղեկություն չունի և չգիտի մանրամասները։ Վերջինս առաջարկել էր  պարզաբանումներ ստանալ ԿԳՄՍ-ից, ՀԱՕԿ-ից և ոստիկանությունից։

Մինչդեռ լրագրողները քաջատեղյակ են, որ Ռոման Ամոյանի բերման ենթարկելու կապակցությամբ կարող են մեկնաբանություն ստանալ այս կամ այն գերատեսչությունից և ուղղորդման կարիք չունեն։ Լրագրողներին հետաքրքրում է, թե ի՞նչ է մտածում Ռոման Ամոյանի ընկեր Արսեն Ջուլֆալակյանը տեղի ունեցածի վերաբերյալ և ի՞նչ քայլեր է ձեռնարկելու, դրա համար էլ կապ են հաստատել ԱԺ նիստին իր մասնակցությունը կարևորող պատգամավորի հետ, որի տեսակետը ԿԳՄՍ-ն, ՀԱՕԿ-ը կամ ոստիկանությունը որևէ պարագայում չէր կարող մեկնաբանել։

Նույն գրառմամբ, որպես հետգրություն՝ Ջուլֆալակյանը գրել է«Անկախ ամեն ինչից՝ քննադատելի է ինչպես բռնությունը, այնպես էլ օրենքի օրինական պահանջին չենթարկվելը»։

Սպորտային ոլորտում հաջողությունների հասած Արսեն Ջուլֆալակյանը, որը հետգրությամբ և անկախ ամեն ինչից քննադատել է բռնությունը, կարծես թե գերագնահատել է օրենքի և օրինականության մասին իր պատկերացումները, քանի որ ընդհանրապես հասկանալի չէ «օրենքի օրինական պահանջին չենթարկվելը» արտահայտությունը։ Առհասարակ զարմանալի է, թե նման բառակապակցության հեղինակը ինչպես է մանդատ ստացել խորհրդարանում։

Ավելի ուշ, երբ ոչինչ անելու իմաստ չկար, պատգամավորը կապվել է Ռոման Ամոյանի ընտանիքի հետ և պարզել, որ Ամոյանն ազատության մեջ է. այդ պահին որևէ աջակցության և օգնության կարիք չունի:

Հետագայում լրագրողների հետ ճեպազրույցում Ջուլֆալակյանը նշել է, որ դետալները չգիտի և չգիտի, թե ինչը մեկնաբանի, այնուհետև նշել, որ հայտնի մարդ լինելը պատասխանատվություն կրելուց չի ազատում ապօրինության, օրենքի խախտման և նմանատիպ այլ դեպքերում. «Բոլորս պետք է հասկանանք, որ հայտնի, ոչ հայտնի, անվանի, թե ոչ անվանի՝ պետք է օրենքին ենթարկվես: Պետք է հասկանալ կիրառված ուժի անհրաժեշտությունը եղել է, թե ոչ»:

Հարց է առաջանում, թե Ռոման Ամոյանին բերման ենթարկելուց մի քանի ժամ անց դեռևս տեղյակ չլինելով դեպքի մանրամասներին՝ ի՞նչ օրենքի ու օրինականության, կամ կիրառված ուժի անհաժեշտության կամ բացակայության մասին է ընդհանրապես խոսել Ջուլֆալակյանը։

Տեղեկացնենք, որ անդրադառնալով տեղի ունեցածին՝ Ռոման Ամոյանը նշել է, որ ոչ մի օրինախախտում չի արել: Ընդհակառակը, փորձել է հասկանալ, թե ինչ օրենք է խախտել. «Իմ քայլերը ոչ մի քաղաքական ենթատեքստ չունեն: Ես ընդամենը եկել եմ կանգնելու ՀԱՕԿ նախագահի կողքին, որի շնորհիվ ՀՀ-ում երկար տարիներ զարգացել է սպորտը, իսկ ես հայկական սպորտի մի մասն եմ ինձ համարում։ Ի տարբերություն այսօրվա ոստիկաններին, կսահմանափակվեմ այդ բառով, որոնք կատարում են առաջադրանքներ, պատվերներ, ես բարձր եմ պահել հայի և ՀՀ դրոշը, այն երկրի դրոշը, որի աշխարհագրական դիրքը գլոբուսի վրա շատ դժվարությամբ է երևում»,- գրել է Ամոյանը՝ կոչ անելով չպառակտել և չթշնամացնել ազգը:

Հավելենք, որ նախկինում ԲՀԿ ավագանիների ցուցակում ընդգրկված Արսեն Ջուլֆալակյանի «լռությանը» կամ դրան համարժեք ոչինչ չասող խոսքերին և հատկապես Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը կողմ քվեարկելուց հետո համացանցում բուռն քննարկումներ սկսվեցին այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը ոսկե շղթա է նվիրել Արսեն  Ջուլֆալակյանի հորը` Լևոն Ջուլֆալակյանին՝ ծննդյան 55-րդ ամյակի կապակցությամբ: 
 


 

Անրադառնալով դրան՝ Արսեն  Ջուլֆալակյանը նշել է, որ ոսկե շղթան նվեր չէ, դրանք օլիմպիական օղակներ են, որով պարգևատրվել են սպորտում մեծ ավանդ ունեցող մարդիկ, այդ թվում նաև իր հայրը, ուստի այդ ամենը պետք չէ շահարկել․ «ՀԱՕԿ նախագահի լիազորությունների մեջ է մտնում պարգևատրել մեծ վաստակ ունեցող մարզիկներին և մարզիչներին»:

Ինչպես նշել էր ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Լևոն Ջուլֆալակյանը այդ շղթան ստացել է իր կատարած աշխատանքի և ազգին հպարտություն պարգևելու համար։ Սակայն ՀԱՕԿ նախագահի պարտականությունների մեջ, օրինակ, չի մտնում բնակարաններ կամ մեքենաներ նվիրելը։ Մասնավորապես  օլիմպիական խաղերի արծաթե մեդալ նվաճելուց հետո Գագիկ Ծառուկյանը Արսեն Ջուլֆալակյանին բնակարան է նվիրել։ Հարց է առաջանում, թե ինչու՞ է սպորտից միայն իր հասանելիք և վաստակած պագևները ակնկալող Ջուլֆալակյանը Գագիկ Ծառուկյանի նվիրած բնակարանն ընդունել։

Խոշորացույցի տակ պահելով Ջուլֆալակյան-Ամոյան, Ջուլֆալակյան-Ծառուկյան դրվագները, պետք է ևս մենք անգամ փաստենք, որ սպորտի, արվեստի, մշակույթի և դրանց հարող այլ ոլորտների ներկայացուցիչների ներկայությունը քաղաքականության մեջ պարզապես անընդունելի է, քանի որ քաղաքական «քամիները» փոշիացնում են իրենց ոլորտներում անվանի գործիչների անցյալը և փառքը։ Սակայն յուրաքանչյուրն ազատ է իր ընտրության մեջ՝ լինել իր ոլորտի առաջատարը, կամ հանուն պաշտոնի կատարել քաղաքական հրահանգներ և մոռանալ ընկերություն ասվածը։

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Русская версия статьи.

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն