«Այ Էմ Ջի գրուպ» ՓԲԸ հիմնադիրը հաստատեց, որ Մերձավանի գործարանը չի գործում

article-image

Երեկ՝ ապրիլի  19-ին, Armenpress.am կայքում տեղ գտավ ««Ադամյան» ապրանքանիշի 1000 հեռուստացույց շուտով կմտնի հայաստանյան շուկա. ընկերության հիմնադիրը հերքում է գործարանի գոյություն չունենալու լուրերը» վերնագրով հոդված, որով «Այ Էմ Ջի Գրուպ» ՓԲԸ հիմնադիր Սուրեն Վարդանյանն ի վերջո հաստատեց AntiFake.am կայքի այն տեղեկությունը, համաձայն որի՝ այն գործարանը, որի բացմանը ներկա է գտնվել Նիկոլ Փաշինյանը, չի գործում։ Armenpress.am-ի հետ զրույցում Վարդանյանը մասնավորապես նշել էր. «Մերձավանում գտնվող գործարանում հեռուստացույցներ դեռ չեն արտադրվում»։ 

AntiFake.am-ը այս մասին գրել էր դեռևս 2 օր առաջ «Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել մի գործարանի բացմանը, որը գոյություն չունի» վերնագրով հրապարակման մեջ։ Սրան ի պատասխան՝ «Ինթերնեշնլ մանուֆաքչերինգ գրուպ» ՓԲԸ-ն պարզաբանում էր տարածել՝ նշելով որ AntiFake.am-ը ապատեղեկատվություն է տարածում, և ներկայացրել էր ընկերության գրանցման վկայականը՝ ցույց տալու համար, որ ընկերությունը գոյություն ունի, սակայն չներկայացնելով որևէ հանգամանք, որը կհիմնավորեր, որ ընկերությունը և խնդրո առարկա Մերձավան համայնքում տեղակայված գործարանը գործում են։ «Հերքող» հրապարակում էր պատրաստել նաև «Տեղեկատվության ստուգման կենտրոն» պետական տեղեկատվական հարթակը։ Երկու «հերքումներում» էլ շեշտը դրվել էր այն հանգամանքի վրա, որ ընկերությունը գոյություն ունի։ Իսկ որևէ փաստ, որը կհիմնավորեր, որ ընկերությունը և Մերձավանում տեղակայված գործարանը, որի բացմանը ներկա էր գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գործում են, չի ներկայացվել։

Այս տեղեկություններին անդրադարձ կատարեց նաև fip.am կայքը, նշելով, թե AntiFake.am-ը ապատեղեկատվություն է տարածում, և որ ընկերությունը գոյություն ունի, իբրև թե «չըմբռնելով», որ հոդվածը վերաբերվել է ոչ այնքան ընկերության գոյությանը կամ չգոյությանը, որքան ընկերության և Մերձավան համայնքում տեղակայված գործարանի գործելուն։

Այս մասով անհրաժեշտ է նշել, որ «Այ Էմ Ջի Գրուպ» ընկերության փաստացի գործունեություն ծավալելու մասին այդպես էլ գրեթե հնարավոր չեղավ տեղեկություններ գտնել։ Դեռ ավելին, առկա սակավ տեղեկությունները փաստում են հակառակը։ Այն, որ ընկերությունը գոյություն ունի, ոչ ոք կասկածի տակ չի դնում, սակայն ընկերության փաստացի չգործելը շարունակում է հիմնավոր մնալ մի քանի փաստերի համադրությամբ.

1. Որևէ տեղեկատվական հարթակում առկա չէ որևէ տեղեկություն ընկերության վերաբերյալ, այդ թվում՝ կոնտակտային տվյալներ։

2. Զինվորների ապահովագրության հիմնադրամի պաշտոնական կայքում որոնում կատարելու դեպքում պարզ է դառնում, որ ընկերությունը չունի գրանցված աշխատողներ։ Սույն որոնողական համակարգով հնարավոր է լինում մուտքագրել կազմակերպության ՀՎՀՀ-ն և ամիս առ ամիս տեղեկություն ստանալ, թե որքան պարտադիր վճար է փոխանցվել հիմնադրամին՝ ըստ աշխատողների քանակի։ Չնայած նրան, որ վարչապետի պաշտոնական կայքում տեղադրված մամլո հաղորդագրության մեջ նշված էր, որ ընկերությունը սկզբնական շրջանում ունենալու է 70-80 աշխատող, փաստորեն ընկերությունը ոչ միայն չունի այդքան աշխատող, այլ ընդհանրապես գրանցված աշխատող չունի։

3. Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքի «Հարկ վճարողների փնտրման համակարգում» նշված չէ, թե ինչ գործունեության տեսակով զբաղվելու համար է գրանցվել «Այ էմ Ջի գրուպ» ՓԲԸ-ն՝ ի տարբերություն մնացած բոլոր շահույթ հետապնդող կազմակերպությունների, որոնց գործունեության տեսակի վերաբերյալ կա պարտադիր նշում։

Այսպիսով՝ հարցական է մնում, թե անհայտ գործունեության տեսակով և գրանցված աշխատող չունեցող ընկերությունը ինչպես կարող է փաստացի գործունեություն իրականացնել

Բացի այդ, ընկերության, «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» և ընկերության հիմնադիրի պարզաբանումներում տեղ էր գտել նաև մի տեղեկություն, համաձայն որի՝ «Այ Էմ Ջի գրուպ» ՓԲԸ-ի ապրանքներն արդեն ներկայացված են «Էլդորադո» էլեկտրոտեխնիկայի խանութների ցանցում։

AntiFake.am-ը «Էլդորադո» էլեկտրոտեխնիկայի խանութների ցանցի աշխատակցից պարզեց, որ դա ապատեղեկատվություն է, և որ այդ ընկերության որևէ ապրանք իրենց խանութներում ներկայացված չէ։

Բացի այդ, Armenpress.am-ի հետ զրույցում «Այ Էմ Ջի գրուպ» ՓԲԸ-ի հիմնադիրը հայտնել է, որ հեռուստացույցների արտադրանքը, ինչպես որ ծրագրվել էր, կմեկնարկի 2 տարի անց, իսկ մինչ այդ Հայաստանում կվաճառվեն ընկերության կողմից արտասահմանում արտադրված հեռուստացույցները: Նա հավելել էր, որ գործարանում տարիներ անց հնարավոր կլինի հեռուստացույցներից բացի նաև այլ հայկական կենցաղային տեխնիկա տեղում արտադրել:

Անհրաժեշտ է նշել, որ դեռևս դեկտեմբերի 5-ին ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում տեղ գտած մամլո հաղորդագրության մեջ նշված է.  «Սկզբնական փուլում գործարանը կունենա 70-80 աշխատատեղ և տարեկան կարտադրի 126 հազար միավոր կենցաղային տեխնիկա՝ հեռուստացույց, լվացքի մեքենա, օդափոխիչ, սառնարան և տեխնիկա»: Այսինքն ստացվում է, որ կամ ի սկզբանե սխալ է ներկայացվել Նիկոլ Փաշինյանին ընկերության առաջիկա ծրագիրը, համաձայն որի՝ արդեն իսկ գործարանը պետք է ներգրաված լիներ 70-80 աշխատող և արտադրեր տարբեր տեսակի տեխնիկա, կամ էլ ի սկզբանե նախատեսված է եղել այն, ինչ ներկայացվել է պարոն Փաշինյանին, սակայն դա իրագործել չի հաջողվել, և հիմա հիմնադիրը ներկայացնում է այնպես, կարծես հենց սկզբից էլ այդպես էր ծրագրված։

Բացի այդ, եթե հիմնադրի խոսքով հեռուստացույցների արտադրություն այս պահին գործարանում տեղի չի ունենում, իսկ մնացած տեսակի տեխնիկան ընկերությունն արտադրելու է միայն տարիներ անց, ինչու՞ են Նիկոլ Փաշինյանին գործարանի «բացման» ժամանակ ներկայացվում լվացքի մեքենաներ, այն էլ՝ տարբեր մասերը առանձին ներկայացված՝ տպավորություն ստեղծելով, թե գործարանում արտադրվում է (հավաքվում է) տարբեր տեսակի տեխնիկա։

Այսպիսով՝ արձանագրենք, որ.

  1. «Այ Էմ Ջի գրուպ» ՓԲԸ հիմնադիրը հաստատել է այն տեղեկությունը, որ Մերձավանում տեղակայված գործարանը այս պահին չի գործում։
  2. «Այ Էմ Ջի գրուպ» ՓԲԸ-ի գրանցված աշխատողների վերաբերյալ առկա չեն տեղեկություններ։
  3. «Այ Էմ Ջի գրուպ» ՓԲԸ գործունեության տեսակը, ըստ ՀՀ ՊԵԿ «Հարկ վճարողների փնտրման համակարգի», անհայտ է։
  4. «Էլդորադո» էլեկտրոտեխնիկայի խանութների ցանցի աշխատակցի պնդմամբ՝ խանութների ցանցում ներկայացված չեն ընկերության ապրանքները։
  5. «Այ Էմ Ջի գրուպ» ՓԲԸ հիմնադրի պնդմամբ՝ գործարանը տարիներ անց նոր սկսելու է բացի հեռուստացույցից արտադրել նաև այլ տեխնիկա, մինչդեռ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դեկտեմբերի 5-ին ներկայացվել են լվացքի մեքենաներ՝ իրենց առանձին մասերով։

Վերոգրյալից ակնհայտ է դառնում, թե ովքեր են ապատեղեկատվություն տարածողները։

Իսկ հետաքննության արդյունքում չպարզաբանված են մնում, թե ինչու՞ են Նիկոլ Փաշինյանի համար կազմակերպում այց մի գործարան, որը չի գործում, ինչու՞ են նրան ներկայացնում տեխնիկա, որն այս պահին չի արտադրվում, ինչու՞ են մամլո հաղորդագրության մեջ տեղադրում մի տեղեկատվություն, որին հաջորդում է դրան հակասող տեղեկատվությունը։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանին սխալ են զեկուցում, թե՞ նա, իմանալով սրա մասին, այնուամենայնիվ համաձայնում է մասնակից լինել այս ներկայացմանը։

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը