Հավաքների մասնակիցների քանակի և ինտելեկտի մասին թեմաները Փաշինյանի կրեդոն չեն

article-image

Հունիսի 25-ին վարչապետ Փաշինյանը, Ազգային ժողովում խոսելով արտակարգ դրության պայմաններում հանրահավաքների սահմանափակման մասին, ասել է, որ ներկայումս շատ են խոսում, թե ընդդիմությանը ճնշում են և արգելում հանրահավաքները, սակայն մի նրբություն չեն նկատել՝ նույն տրամաբանությամբ իրենց հանրահավաքներն էլ են արգելված:

Անդրադառնալով ընդդիմության հանրահավաքների մասնակիցների քանակին` վարչապետն ընդգծել է, որ «կես միլիոն դոլար ծախսելով  ընդդիմությունը 200 հոգի մարդ է կարողանում հավաքել»: «Կես միլիոն դոլար ծախսում եք, 200 հոգի մարդ եք կարողանում հավաքել` կեսին էլ սպառնալով, և գալիս եք, առանց դիմակների կանգնում եք, ասում եք՝ չկա կորոնավիրուս»,- նշել է Փաշինյանն ու «սպառնացել» հանրահավաք կազմակերպել:

«Բա որ մենք անենք հանրահավաք: Դուք եկել եք, մեզ հանրահավաքով եք վախեցնո՞ւմ: Դուք եկեք մեզ փողով վախեցրեք, եկեք վախեցրեք թալանելու ձեր կարողությամբ, եկեք վախեցրեք ձեր կրթական ցենզով, որն իրոք վախենալու բան է, դուք եկել եք, մեզ հանրահավաքով վախեցնո՞ւմ եք: Էստեղ են ասել` պահեք ինքնաթիռը, իջնող կա»-, եզրափակել է Փաշինյանը:

Նախ նկատենք, որ Փաշինյանը գեթ մեկ ապացույց չի ներկայացրել այն մասին, որ ընդդիմադիր ուժերից որևէ մեկը կես միլիոն դոլար ծախսելով կամ սպառնալով է «մարդ հավաքում», ուստի Փաշինյանի պնդումներն այս մասով արժանահավատ չեն:

Բացի այդ, հետաքրքիր է այն, որ թալանի մասին խոսելիս այս իշխանության ներկայացուցիչները չեն հիշատակում իրենց ստացած միլիոնավոր դոլարների հասնող պարգևավճարները, որոնք շատերը որպես «օրինական թալան» են որակում: Կրթական ցենզի մասին խոսելիս վերջիններս մոռանում են հիշատակել իրենց մեծամասնություն կազմող թիմակիցների կողմից արտահայտվող, մեկը մյուսին չզիջող հանճարեղ մտքերն ու ոչ նորմատիվային բառապաշառը: Ընդդիմությանն էլ կորոնավիրուսի գոյությունը հերքելու մեջ մեղադրելիս՝ այն ընդդիմությանը, ում սթափության կոչերի և կորոնավիրուսային իրավիճակը ճիշտ գնահատելու մեջ իմքայլականները միայն դավադրություններ են փնտրել՝ դեռևս փետրվար ամսից, այս իշխանության ներկայացուցիչները մոռանում են ընդգծել այն, որ իրենք կարող են «կորոնավիրուսը պինցետով հանել ու տնական արաղով ախտահանել», 20 և ավելի անձանց մասնակցությամբ հանրային միջոցառումներ անցկացնել կամ ՀՀ առողջապահության նախարարի հորդորներն անտեսելով` բացօթյա սրճարաններ գնալ և այսպես շարունակ:

Ընդգծենք նաև, որ այս իշխանության ներկայացուցիչները առաջին անգամ չէ, որ «հաշվում» են ընդդիմադիր ցուցարարների քանակը և տարբեր՝ իրականության հետ առնչություն չունեցող և իրարամերժ թվեր ներկայացնում: Այս ամենի հիմնական նպատակը ընդդիմության աջակիցների սակավամարդության «ապացուցումն» է, և իրենց բարձր վարկանիշի հաշվին հարյուր հազարներով հանրահավաքներ կազմակերպելու «հնարավորության» ցուցադրությունը:

Եթե, ըստ Փաշինյանի, ընդդիմադիր ցուցարարների քանակը 200 է, ապա ըստ Փաշինյանի նախկին մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանի՝ 20, իսկ ըստ Փաշինյանների ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակի»՝ 30-50:

Որքան էլ իշխանության ներկայացուցիչները և նրանց շահերը սպասարկողները ցանկանան ցույց տալ, որ ընդդիմության ներկայացուցիչները քիչ են, փաստերը դրանից չեն փոխվի: Ասվածը հիմնավորելու համար կարող ենք հիշել վերջին երկու տարիների ամենաբազմամարդ հավաքներից մի քանիսը, օրինակ Հայ Յեղափոխական դաշնակցություն կուսակցության` Ազատության հրապարակում հրավիրած հազարավոր մասնակիցներով հավաքը կամ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի աջակիցների հավաքը դատարանի դիմաց:

Հատուկ հիշեցնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիրի կարգավիճակում իր քայլարշավը սկսել  է ընդամենը մի քանի անձանց հետ, ուստի «սակավամարդ» հավաքները ձախողման նախապայման չեն, ինչպես փորձում է ներկայացնել Փաշինյանը։

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր` AntiFake.am 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն