
Նախորդ հրապարակմամբ AntiFake.am-ը ներկայացրել էր, որ Երևանի քաղաքապետարանը 7 միլիոնի հասնող պայմանագրեր է կնքել ամանորյա կորպորատիվ միջոցառումների կազմակերպման համար՝ մեկը 180, իսկ մյուսը 250 անձի հյուրասիրության համար։
250 անձի հյուրասիրության կազմակերպման համար Երևանի քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել 2019թ.-ին ստեղծված Արմեն Գևորգյան Սամվելի Ա/Ձ-ի հետ՝ հատկացնելով 5,199,000 դրամ։
Քաղաքապետարանը 5,199,000 դրամը հատկացրել է այդ ընկերությանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և ենթակա կազմակերպությունների տնօրենների համար Ամանորին ընդառաջ՝ դեկտեմբերի 24-27-ը, Երևանի ռեստորանային համալիրներից մեկում, ինչպես նշված է պայմանագրում՝ «օրինակ Բելաջիո կամ համարժեք», ճոխ հյուրասիրություն կազմակերպելու համար: Ռեստորանի վերջնական ընտրությունը թողնվել է Կենտրոն վարչական շրջանի հայեցողությանը։
► Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պաշտոնավարմանը զուգահեռ օրենքի խախտմամբ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ
► Խոզի չալաղաջ, խորոված թառափ, շոու ծրագրեր… Ամանորյա ծախսեր, որոնց մասին լռում է Երևանի քաղաքապետարանը
► Մարությանի մանկության ընկերը՝ Կենտրոնի թաղապետի պաշտոնում. ուշագրավ մանրամասներ
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և ենթակա կազմակերպությունների տնօրենների համար հյուրասիրությունը ներառում է՝ 4 տեսակի աղցան (կեսար, հավով, մայրաքաղաքային, լցոնած սմբուկ կամ համարժեք), խորոված (խոզի չալաղաջ, մատեր և փափուկ միս, կարտոֆիլ), խորոված թառափ, տաք ուտեստ (հավի ճուտ, կարտոֆիլ-ֆրի, տապակած սունկ), սառը խորտիկներ (3 տեսակի ձկնեղենի տեսականի, 5 տեսակի մսի տեսականի, 5 տեսակի պանրի տեսականի) և այլն: Նշենք, որ հյուրասիրության համար յուրաքանչյուր անձի հաշվարկով հատկացված գումարը ենթադրում է բավականին ճոխ հյուրասիրություն` յուրաքանչյուրի համար 20,796 դրամի չափով։
Պայմանագիրը կնքվել է Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի աշխատանքից ազատվելուց հետո։
Հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ Կենտրոնի թաղապետ նշանակված Ավետ Պողոսյանը, ով հպարտանում է իր քաղաքական կենսագրությամբ՝ մասնավորապես ՀԱԿ վարչության նախկին անդամ լինելով, նաև հանդիսանում է քաղաքապետ Հայկ Մարությանի մանկության ընկերը:
Ստացվում է, որ Հայկ Մարությանն իր մանկության ընկերոջը Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակելուց հետո նաև ընկերոջ և վերջինիս աշխատակազմի համար կազմակերպել է ճոխ «հյուրասիրություն»՝ հարկատուների գրպաններից հատկացնելով ավելի քան 5,000,000 դրամ:
Հոդվածի ռուսերեն տարբերակը:
Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան