ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից առաջ Նիկոլ Փաշինյանն իր տանն ընդունել էր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, որից հետո ճաշ է մատուցվել բարձրաստիճան հյուրերին: Այս կապակցությամբ ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել Antifake.am-ին: Վարչապետին մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այդ օրը կառավարական ամառանոցում բացառիկ աժիոտաժ է եղել և շատ յուրահատուկ ճաշ է մատուցվել բարձրաստիճան հյուրերին:
Փաշինյանն իր հյուրերին մատուցել է եղբոր կողմից պատրաստված հետաքրքիր ճաշացանկ. մասնավորապես ճաշացանկում եղել են Իջևանից բերված տապակած ծառի սունկ, տապակած լոր, կարմրախայտ, ուլի խաշլամա և այլ հայտնի հայկական ավանդական ճաշատեսակներ: Նույն ավանդական ցանկն է ունեցել նաև ճաշից հետո մատուցվող աղանդերը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, այսքանով չի սահմանափակվել և բարձրաստիճան հյուրերին զարմացրել է իր հայրենի Իջևանից բերված հոնի օղիով, որը պետական պաշտոնյաները թորել են միասին հենց առանձնատան բակում պատրաստի դրված օղի թորելու սարքով:
Ճաշն ուղեկցվել է հայկական ժողովրդական երաժշտությամբ և անցել է անմիջական մթնոլորտում: Մեր ունեցած տեղեկություններով՝ մատուցված ճաշին բացի Դմիտրի Մեդվեդևից ներկա են եղել նաև ԵԱՏՄ մյուս երկրների վարչապետները: Բարձրաստիճան հյուրերը բավականին տպավորված են եղել հատկապես օղի թորելու սարքի առկայությունից և հաճույքով խմել են տեղում թորված Իջևանի հոնի օղին:
Մեր ընթերցողներին հիշեցնենք նաև, որ հենց Դմիտրի Մեդվեդևին ընդունելու համար վարչապետը Բոգարտ կահույքի խանութ-սրահից թանկարժեք կահույք էր պատվիրել, որի վերաբերյալ մեր հրապարակումից հետո հաջորդ օրը կահույքը ետ էր ուղարկվել, իսկ մեր հարցմանն ի պատասխան՝ կառավարությունից հայտնել էին, որ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ Երևանում կայանալիք նիստի հետ կապված միջոցառումների շրջանակներում Բոգարտ կահույքի սրահի հետ գույքի անհատույց օգտագործման եռօրյա ժամկետով պայմանագրի հիման վրա Ձորափի 74 հասցեում տեղակայված «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տարածք է բերվել գույք՝ կահույք և տարբեր աքսեսուարներ, որոնք ապրիլի 30-ին վերադարձվել է վերոնշյալ խանութ սրահ։
Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան