«Կարանտինը» տարբեր երկրներում և Հայաստանում

article-image

Նոր կորոնավիրուս կոչված համաճարակը վերջին ամիսների ընթացքում ուղղակի ցնցել է աշխարհը: Չկա մի աշխարհամաս, որտեղ կորոնավիրուսով վարակման դեպքեր գրանցված չլինեն: Ըստ համաշխարհային վիճակագրական կայքի տվյալների՝ այսօր ամբողջ աշխարհում կա կորոնավիրուսի գրանցված մոտ 414 հազար դեպք, որոնցից 18 հազարը մահվան ելքով ավարտ են ունեցել։

Առավել կարևոր է, թե ինչ կանխարգելիչ միջոցներ են գործի դրել կոնկրետ երկրներ համաշխարհային համաճարակի դեմ պայքարելու համար: Խոսքը մասնավորապես տարբեր պետություններում սահմանված արտակարգ դրությունների և իրավիճակների ու դրանցում ներառված իրավական ռեժիմների մասին է: 

Հարկ ենք համարում նշել, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ սահմանափակումները մեծամասամբ ազատ տեղաշարժման սահմանափակման ձևով են դրսևորվում։ Այս առիթով իրականացվող միջոցառումները տարբեր պետություններում գրեթե նույնն են: Տանից առանց հիմնավոր պատճառի դուրս գալու համար սովորաբար տուգանք է նշանակվում, իսկ այլ մարդկանց դիտավորությամբ վարակելու համար արդեն կարող է պատիժ նշանակվել ազատազրկման միջոցով:

Դեռևս ոչ բոլոր երկրներն են անցել փակ ռեժիմի՝ պարտավորեցնելով իրենց բնակիչներին նստել տանը և տեղաշարժվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Նման քայլեր են ձեռնարկվել Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում, որտեղ բաց են միայն մթերային խանութները, դեղատները և ձեռնարկությունները: Վերոնշյալ երկրներում դուք կարող եք փողոց դուրս գալ միայն համապատասխան թուղթ ձեռքի տակ ունենալով, որտեղ նշվում են տեղաշարժման A և B կետերը, ինչպես նաև մի կետից մյուս կետը տեղաշարժվելու պատճառները:

Այդ իրավական պահանջների հավուր պատշաճի կատարումն ստուգելու համար Ֆրանսիայում, օրինակ, լրացուցիչ 100 հազար ոստիկան դուրս է եկել փողոց: Այդ նորմերի խախտման համար Ֆրանսիայի իշխանությունները սահմանել են 135 եվրո տուգանք, մոտ ապագայում դրանք հնարավոր է խստացվեն և հասցվեն մինչև 375 եվրոյի:

Իտալիայում, որտեղ կորոնավիրուսով վարակվածները ամենաշատն են` համեմատած մյուս եվրոպական երկրների, կարանտինի պայմանների խախտման համար սահմանված է տուգանք՝ 206 եվրոյի չափով կամ պատիժ՝ 3 ամիս ազատազրկման տեսքով: Իսպանիայում ավելի խիստ պատժամիջոցներ են կիրառվում կարանտինի խախտման համար. տուգանք՝ 600-ից մինչև 30 հազար եվրոյի չափով կամ ազատազրկում մինչև 4 տարի ժամկետով: Նույնիսկ միայնակ արևային լոգանք ընդունելու համար մարտի 16-ին Մայորկայի ափերից մեկում Իսպանիայի իրավապահ մարմինները մի կնոջ են ձերբակալել:

Նման միջոցառումներ, ինչպիսիք կիրառվում են Իտալիայում, Իսպանիայում և Ֆրանցիայում, իրականացվում են նաև եվրոպական և աշխարհի մի շարք այլ երկրներում՝ Ռումինիայում, Մոլդովայում, Լեհաստանում, Մալթայում, Սինգապուրում, Արգենտինայում, այսուհետ նաև՝ Հայաստանում։

Չինաստանում, որը վիրուսի ի հայտ գալուց անմիջապես  հետո աչքի ընկավ իր բավականին խիստ կարանտինային միջոցառումների ներդրմամբ, գործում է քրեական հոդված, որով նախատեսվում է մինչև 3 տարի ազատազրկում կարանտինային պայմանների խախտման համար կամ հինգ հազար յուան ​​տուգանք «սանիտարահիգիենիկ հսկողության ծառայություններին դիմադրություն ցույց տալու համար»:

ԱՄՆ-ում գործում են դաշնային օրենքներ, որոնց համաձայն` իրավախախտները կարող են տուգանվել մինչև 100 հազար ԱՄՆ դոլարի չափով կամ դատապարտվել  1 տարի ազատազրկման կարանտինային պայմանները խախտելու համար: Սակայն որոշ նահանգներում գործում են ավելի լիբերալ օրենքներ. մի նահանգում իրավավախախտին կարող են տուգանել 10 հազար ԱՄՆ դոլարի չափով, օրինակ՝ Վայմոնգում, իսկ մյուս նահանգում՝ ընդհանրապես չպատժել: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ում կարանտինը մեծամասամբ ոչ պարտադիր բնույթ է կրում, օրինաակ՝ Վիսկոնսի նահանգում նույնիսկ կորոնավիրուսով հիվանդները, ինչպես նաև նրանց շփման շրջանակում գտնվող անձինք կարիք չունեն տանը կողպվելու: Նահանգային ​​իշխանությունները շեշտում են, որ իրենց համար դա ընդամենը խնդրանք է:

Մարտի 17-ին Ուկրաինայի իշխանությունները ընդունել են, այսպես ասած, «Կորոնավիրուսային օրենքը», որը պատասխանատվություն է սահմանում կարանտինի խախտման համար: Միևնույն ժամանակ, Ուկրաինայում «կարանտին» հասկացությունը բավականին անորոշ է. այն մարդկանց համար, ովքեր ժամանել են Իտալիայից, Իրանից, Չինաստանից և այլ «վիրուսային» երկրներից, ինքանամեկուսացումը դեռևս հայեցողական բնույթ է կրում: Համազգային կարանտին գոյություն չունի, այսինքն՝ քաղաքացիները կարող են ազատորեն լքել իրենց տները և տեղաշարժվել ամբողջ երկրով մեկ: Միևնույն ժամանակ, մետրոն, սրճարանները, կինոթատրոնները և այլ հանրային վայրեր փակ են: Այս ամենով հանդերձ՝ կարանտինի խախտման համար գործում են տուգանքներ՝ 17-ից մինչև 51 հազար գրիվենի չափով և ազատազրկում ՝ վեց ամսից մինչև երեք տարի ժամկետով: Արդյունքում, ամբողջությամբ պարզ չէ, թե ինչ հիմքերով են տուգանվելու քաղաքացիները:

Ինչ վերաբերում է Հայաստանին՝ մարտի 16-ից ժամը 18։30-ից մինչև ապրիլի 14-ը ժամը 17։00-ն մեկ ամիս ժամկետով, կառավարության որոշմամբ Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն: Պարետի որոշմամբ՝ սահմանված տարածքներում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը: Հանրային միջոցառումներ են դիտարկվում քսան և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող համերգները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական, ժամանցային միջոցառումները, տոնական և հիշատակի արարողություններ ներառյալ, բայց չսահմանափակվելով` ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), թաղման միջոցառումները և պարետի ցուցումով այլ միջոցառումներ: Ըստ կառավարության վերոնշյալ որոշման՝ գործում է նաև «Զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումների, հաղորդումների արգելքներ»:

Մարտի 24-ից արտակարգ դրության շրջանակներում պարետի որոշմամբ մտցվեցին մի շարք նոր սահմանափակումներ։ Մասնավորապես, մինչև մարտի 31-ը ՀՀ-ում բնակվող բոլոր անձինք համարվում են ինքնամեկուսացված և տանից դուրս գալիս ցանկացած տեղաշարժի դեպքում պետք է ունենան համապատասխան ձևաթուղթ, որտեղ նշված կլինի, թե ուր է գնում անձը, երբ է դուրս գալիս, երբ է վերադառնում, ինչ նպատակով է գնում, ինչպես նաև ցանկացած անձ որևէ տեղ դուրս գալիս պետք է իր հետ ունենա նույնականացման քարտ կամ անձը հաստատող փաստաթուղթ։ Փակ են նաև ռեստորանները, սրճարանները, բոլոր տեսակի ժամանցային վայրերը, բաց են միայն դեղատները, հիվանդանոցները, բժշկական հաստատությունները, սննդի կետերը, հոգեհանգստի և հուղարկավորության վայրերը և այլ առաջնային նշանակության վայրեր։ Պարետի որոշումից տեղեկանում ենք նաև, որ օրվա ընթացքում միայն մեկ ագամ է թույլատրվում բնակության վայրի մոտակայքում ֆիզիկական վարժություն և հեծանվավարություն իրականացնել, այն էլ համապատախան անձը հաստատող փաստաթղթով և լրացրած ձևաթղթով, ինչպես նաև անձնական տրանսպորտային միջոցներով թույլատրվում է միայն երկու անձանց տեղափոխումը (ներառյալ վարորդ):

 

Հեղինակ՝ Վլադիմիր Մկրտչյան


Կարդացե՛ք նաև՝
 Եվրոպական որոշ երկրներում և Հայաստանում նախատեսված է տուգանք` առանց համապատասխան թերթիկի փողոց դուրս գալու համար
 Դերասաններ, քաղաքական գործիչներ, մարզիկներ, ովքեր վարակվել են կորոնավիրուսով
► Աշխարհն առանց ընտրությունների. որ երկրներում են հետաձգվել ընտրությունները կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով
 Մշակութային, սպորտային և քաղաքական խոշոր միջոցառումներ, որոնք չեղարկվել կամ հետաձգվել են կորոնավիրուսի պատճառով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն