«Թրանսփարենսիի» արժեքները կիրառության մեջ. ով է թիկունքից հարվածող ու հերքող Արտակ Մանուկյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

article-image

Մայիսի 8-ին Ազգային ժողովում Կառավարության 2019թ. գործունեության հաշվետվության քննարկման ընթացքում վիճաբանություն ու ծեծկռտուք էր տեղի ունեցել: Այս «իրադարձությունը» շատ քննարկումների տեղիք տվեց:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «ԻՄ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև լեզվակռիվ հետո վերջինս հարվածեց Էդմոն Մարուքյանին, ինչից հետո միջադեպը զանգվածային բնույթ ստացավ:

Ինչպես հետագայում պարզ դարձավ միջադեպի վերաբերյալ տարածվող կադրերից, Մարուքյանին թիկունքից հարվածել էին նաև «Իմ քայլը» խմբակցության ևս երկու պատգամավորներ՝ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը և ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության, բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, Տավուշի մարզի նախկին մարզպետ Վահե Ղալումյանը:

Հետաքրքիր է, որ թե՛ Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյանը, և թե՛ վերջիններիս իշխանական գործընկերները հերքում էին նրանց կողմից Էդմոն Մարուքյանին հարվածելու փաստը՝ չնայած տեսանյութերում առկա բավական տեսանելի ապացույցներին:

Հաջորդ հանճարեղ հերքումը ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի, 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ, իմքայլական Անդրանիկ Քոչարյանից էր. նա քիչ էր մնում երդվեր, որ Արտակ Մանուկյանը չի խփել Էդմոն Մարուքյանին:

Սա հերքում էր նաև Ալեն Սիմոնյանը, ինչը կրկնել է նաև երեկ, սակայն, ինչպես և պարզվում է, նրանք բոլորն էլ ստում են:

Ազգային ժողովի միջադեպը քննարկողները իրենց զարմանքն էին հայտնում, որ տնտեսագետ, փորձագետ, բավական բարձր ակադեմիական կրթություն ստացած, իմքայլականների մեջ ինտելեկտուալ կարողություններով աչքի ընկնող Արտակ Մանուկյանը կարող էր ներքաշվել միջադեպի մեջ և թիկունքից հարվածել Էդմոն Մարուքյանին:

Ինչո՞վ է զբաղվել պատգամավոր Արտակ Մանուկյանը՝ նախքան օրենսդիր մարմնում ընդգրկվելը:

Համաձայն ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքում առկա տեղեկատվության՝ Արտակ Մանուկյանը ստացել է տնտեսագետի մասնագիտություն, տնտեսագիտության թեկնածու է՝ դոցենտ գիտական աստիճանով, ավարտել է Շվեյցարիայի միջազգային հետազոտությունների ինստիտուտի դիվանագիտական և Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցները: Մանուկյանը հետազոտական աշխատանքներ է իրականացրել Քլիվլենդի ֆեդերալ ռեզերվային բանկում, Պոտսդամի համալսարանում և Դելավերի համալսարանում, ղեկավարել է նաև մի շարք հետազոտական աշխատանքներ, կատարել փորձագիտական աշխատանք: Երկու մենագրության և ավելի քան 40 գիտական հրապարակումների հեղինակ է, շախմատի ազգային վարպետ, ProChessLeague շախմատի աշխարհի թիմային մրցաշարի հաղթող:

Վերջին տարիներին Արտակ Մանուկյանը հանդիսանում էր «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի պետական գնումների քաղաքականության փորձագետ, «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ նախագահ: Արտակ Մանուկյանին ներառում են «սոռոսական» պատգամավորների ցանկում, քանի որ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» «Բաց Հասարակություններ հիմնադրամ-Հայաստան»-ի գրասենյակից ամենաշատ դրամաշնորհներ ստացած կազմակերպություններից մեկն է, իսկ Մանուկյանը ԹԻՀԿ-ում աշխատել է մոտ 8 տարի:

Արտակ Մանուկյանի ուսումնասիրությունների շրջանակում եղել է ՀՀ պետական գնումների քաղաքականությունը, այդ համակարգի զարգացումը և բյուջեն:

Նախորդ տարիների ընթացքում Մանուկյանը բազմիցս քննադատել է իշխանություններին սխալ գնումների քաղաքականություն վարելու մեջ: Օրինակ, Արտակ Մանուկյանը 2016թ. բարձրաձայնում էր պետական գնումներում առկա մենաշնորհի մասին և ապացուցում այն:

Նա պնդում էր, որ Հայաստանի պետական գնումների համակարգում չկա իրական մրցակցություն:

Արտակ Մանուկյանը ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի հետ դեռևս 2016 թվականին վստահ էր, որ ՀՀ պետական բյուջեն մսխվում է:

Այսօր, երբ Մանուկյանը «Իմ քայլը» խմբակցության կազմում իշխանության մաս է կազմում, որևէ իրական ջանքեր չի գործադրում նախկինում իր կողմից բարձրաձայնված խնդիրների լուծման ուղղությամբ, թեև իր իսկ հիմնադրած ՀԿ անդամները շարունակում են խոսել պետական գնումներում ավելի մեծ թափ հավաքող մեկ անձից/ հրատապ մեկ անձից գնումների գործընթացի մասին:

AntiFake.amգրել էր Ազգային ժողովում առանց մրցույթի պետական գնումների մասին: 2019-ին ՄԱ/ՀՄԱ ընթացակարգով գնումները 4.6 անգամ գերազանցում են 2017-ին նույն ընթացակարգով կատարված գնումներին։

Հետաքրքիր է տեսնել, թե ինչպես է գիտնական, տնտեսագետ-փորձագետը, որը նախկինում նախկին իշխանություններին քննադատել պետական գնումներում չարաշահումների, մենաշնորհի կիրառման և սխալ քաղաքականություն վարելու համար, հիմա իրեն ընձեռնված հնարավորությունը չի օգտագործում ավելի մեծ թափ հավաքող խնդրի կարգավորման համար, և դարձել է ծեծկռտուքի մասնակցող, ատելության խոսքը պաշտպանող և իր գործընկերներին թիկունքից հարվածող իշխանական պատգամավոր:

Փաստորեն «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնում», որի մի քանի անդամներ այսօր հանդիսանում են ներկայիս իշխանության կարկառուն դեմքերը, աշխատողները տարիների ընթացքում սովորում են ոչ թե ինչպես հասնել ժողովրդավարության, ինչպես վերջ տալ կեղծիքին, ինչպես հարգել պետական ինստիտուտներն ու հարգանք դրսևորել պետական արժեքների նկատմամբ, այլ հակառակը. ինչպես ստել, կեղծել, թիկունքից հարվածել և իր գործընկերների հետ միասին թաղել պետական կառույցի հեղինակությունը:

Սա է այն ամենը, ինչ պետք է իմանալ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի», կառույցի վարած քաղաքականության և որդեգրած արժեքների և նրա կադրերի մասին:

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն