
Սա Սասուն Միքայելյանի երկրորդ անբարո հայտարարությունն էր։ Սասուն Միքայելյանը 2018-ին արել էր իր առաջին հայտարարութունը, որը կարելի է բնութագրել որպես թավշյա հեղաշրջման, թավշյա բանդիտիզմի գաղափարախոսություն, հիմն, մանիֆեստ։ Խոսքն այն հայտարարության մասին է, որի համաձայն՝ «հեղափոխությունը» ավելի մեծ արժեք ունի, քան Արցախյան ազատամարտը։ Այս մասին «AntiFake զրույց» հաղորդման ժամանակ Դավիթ Ֆիդանյանի հետ զրույցում ասաց «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով բանակի վերաբերյալ Սասուն Միքայելյանի սկանդալային հայտարարություններին։
Զոհրաբյանը, խոսելով Միքայելյանի հայտարարության մասին, ուղիղ եթերում բանավեճի հրավիրեց նրանց։ «Ժամանակին ես բանավեճի էի հրավիրել Հայկ Մարությանին և ասել էի՝ արի՛ առանց Նիկոլի։ Ասել էի՝ եթերը ընտրում ես դու, թեման ընտրում ես դու, օրակարգը ընտրում ես դու։ Հիմա ես ձեր տաղավարից Սասուն Միքայելյանին իր արած հայտարարությունների համար հրավիրում եմ բանավեճի։ Սասու՛ն, կարող ես Նիկոլի հետ գալ։ Եթերը ընտրում ես դու, տեղը ընտրում ես դու։ Դա պետք է լինի ուղիղ եթեր։ Հարց է առաջանում՝ եթե բանակ չի եղել, ապա դեկտեմբերի 9-ի Բաքվի զորահանդեսում այդ ինչ հայկական ավար էր ներկայացվում»,- ասաց Զոհրաբյանը։
ԱԺ նախկին պատգամավորի դիտարկմամբ՝ Ռուբեն Վարդանյանին թիրախավորում են թե՛ ադրբեջանցիները, թե՛ Փաշինյանի իշխանությունը և անգամ ՀՀ ընդդիմության որոշակի շերտեր։ «Մենք տեսնում ենք, թե ովքեր են Վարդանյանին դարձրել թիրախ՝ Նիկոլ-Ալիև տանդեմը։ Բայրամովը խոսում է Վարդանյանից, Ադրբեջանի ներկայացուցիչը ՄԱԿ-ում խոսում է Վարդանյանից, Հայաստանում որոշ մարգինալացված մերժված ուժեր՝ իրենց ֆեյսբուքյան ակտիվիստներով, սրբազան պատերազմ են հայտարարում Ռ․ Վարդանյանին։ Ես ասում եմ, որ Ռուբեն Վարդանյանը այսօր այն փխրուն օղակն է, որը փորձում է Արցախի ինքնիշխանությունը պահել։ Եվ բոլոր նրանք, ովքեր թիրախ են դարձրել նրան՝ Ալիևի եվնուխներն են։ Անկախ այն բանից՝ նրանք ադրբեջանցիներն են, ՀՀ իշխանության ներկայացուցիչներ, թե ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներ, ում ծրագրերը տապալվել են»,- ասաց Զոհրաբյանը։
Զոհրաբյանը, խոսելով ընդդիմության մարտավարության մասին, նշեց, որ խորհրդարանական ընդդիմությունն իրեն սպառել է։ Անհրաժեշտ է այնպիսի ընդդիմություն, որը չի վախենում վճռական գործողություններից և բանտերում հայտնվելուց։ «Այսօր մեզ պետք է մահապարտ ընդդիմություն»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աղբյուր՝ AntiFake.am