Հակասական հանգամանքներ ԿԳՄՍ նախարարության և «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման հետ կապված

article-image

Մի քանի օր է, ինչ հասարակությունը քննարկում է «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումը: Թեմայի վերաբերյալ ամենատարբեր մեկնաբանությունների հետ մեկտեղ բազմաթիվ հարցեր են առաջ գալիս:

Արդեն իսկ Արայիկ Հարությունյանի կողմից որպես հանձնաժողովի անդամ հիշատակված, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, տենոր Լիպարիտ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հավանություն չի տվել ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային հանձնաժողովին ներկայացված «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման նախագծին. «քվեարկել եմ կողմ տաս այլ, իմ կարծիքով արժանավոր նախագծերի», - գրել է Ավետիսյանը:



Լիպարիտ Ավետիսյանը մասնավորապես գրել է. «Սիրելի հայրենակիցներ, կարծում եմ թյուրիմացություն է տեղի ունեցել և նախարարին սխալ ինֆորմացիա են փոխանցել։ Ինչպես նշել էր Գոռ Սուջյանը,մեզ հրավիրել էին մասնակցելու նախարարության նիստին,որպես երիտասարդ երաժիշտներ։ Անձամբ ես հավանություն չեմ տվել այդ նախագծին,այլ քվեարկել եմ կողմ տաս այլ, իմ կարծիքով արժանավոր նախագծերի, ինձ մոտ պահպանված է թե որոնք են այդ նախագծերը։ Ասեմ ավելին, նախարարության նիստի օրը օգոստոսի 14, 15 - ին ես հյուրախաղերով գտնվում էի արտասահմանում, և իմ նախընտրությունները զանգով, ուղիղ միացմամբ եմ հայտնել նիստի անդամներին։ Իհարկե մինչ այդ որոշումս նախապես ուղարկել էի նախարարություն։»:

Նշենք, որ Արայիկ Հարությունյանի` «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցից հետո երգիչ-երգահան Գոռ Սուջյանը հայտարարեց, որ վերջինս նման ներկայացմանը հավանություն չի տվել: Նա պարզաբանել էր, որ մանրամասն ծանոթ չի եղել նախագծի բովանդակությանը:

Կարևոր ենք համարում տեղեկացնել, որ արդեն երկու օր է, AntiFake.am-ը փորձում էր մրցույթի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ ԿԳՄՍ նախարարությունից: Անպատասխան զանգերից հետո վերջապես մեզ վստահեցրին, որ բոլոր փաստաթղթերը մրցույթի անցկացման և մյուս ընթացակարգերի վերաբերյալ առկա են, և քննարկվում է իրավաբանական բնույթ ունեցող փաստաթղթերը լրատվական միջոցին փոխանցելու թույլտվությունը: Հարկ ենք համարում նշել, որ մինչև այսօր մենք այդպես էլ չստացանք որևէ նամակ կամ տեղեկատվություն, ինչպես նաև` տեղեկատվության տրամադրման անկարելիության մասին որևէ տեղեկատվություն:

Չի նշվում նաև նախարարության դրամաշնորհային հանձնաժողովի անդամների ամբողջական ցանկը, ո՞վ է այն հինգերորդ անձը, ում այդպես էլ չկարողացավ հիշել Արայիկ Հարությունյանը: Նախարարությունը լռում է` չնայած տված խոստումներին:

Այնուամենայնիվ, որոնման համակարգի միջոցով, մասնավորապես` mincult.am կայքի դրամաշնորհային մրցույթներ բաժնից կարող ենք տեղեկանալ «2019թ. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային մշակութային ծրագրերի 3-րդ մրցութաշրջանի բացման մասին»: Նշվում է նաև մրցույթի ժամանակացույցը.

Ի տարբերություն նախորդ ժամանակացույցի` մրցույթի ամառային շրջանի արդյունքները դեռևս հրապարակված չեն:

AntiFake.am-ին տեղեկություններ են փոխանցվել, որ ՀՀ ԿԳՄՍՆ-ի կողմից դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «ՀուԶանք ու Զանգ» նախագծին հատկացված դրամաշնորհի չափը գերազանցում է իրավական ակտերով նախատեսված սահմանաչափը։ Նույնը վերաբերվում է պայմանագրով ծրագրի ղեկավարին և համակարգողին հատկացված գումարի չափին։

Այնուամենայնիվ, մեր ձեռքի տակ հայտնվեց ԿԳՄՍ նախարարության և «ԱԺԶ» ՀԿ միջև կնքված պայմանագիրը և դրան կից «նախահաշիվը», որը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս:

«Նախահաշվից» տեղեկանում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից դրամաշնորհը հատկացվել է նախագծի մասնակի ծախսերի համար։ Ընդհանուր առմամբ` հատկացվել է 2.756.200 ՀՀ դրամ:

Մեր աղբյուրի փոխանցմամբ` թե՛ դրամաշնորհով հատկացված գումարի չափը, և թե՛ ծրագրի ղեկավարի ու համակարգողի համար նախատեսված գումարի չափը գերազանցում են դրամաշնորհային ծրագրի` իրավական ակտերով սահմանված դրամային սահմանաչափերը։

«ԱԺԶ» մշակութային ՀԿ-ն, որի հետ կնքվել է պայմանագիրը, ղեկավարում է Հարություն Ալպետյանը, ստեղծվել է դեռևս 2012 թվականին: Նախորդ տարի ՀԿ, մասնավորապես` Հարություն Ալպետյանի և Հասմիկ Թանգյանի կողմից հիմնադրվել է “Contemporary Choreography Lab Armenia” («CoChoLab Armenia») կենտրոնը, որի ֆեյսբուքյան էջում կարդում ենք. «Ստեղծված լինելով հեղափոխական 2018 թվականին` Ժամանակակից խորեոգրաֆիայի կենտրոնը կոչված է ժամանակակից խորեոգրաֆիայի ներկայացման համար նոր հնարավորություններ ստեղծելու հետազոտման, վերապատրաստման, արտադրման և ցուցադրման միջոցով: Նրա առաքելությունն է հեղափոխել ժամանակակից խորեոգրաֆիայի ընկալման ձևը Հայաստանում և’ հանդիսատեսի, ե’ մասնագիտական ու ստեղծագործական համայնքների կողմից»:

Դեռևս 2012 թվականին ՀԿ-ն միացել է «Երևանի պաշտպանության միավորմանը»` Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի և այլ հասարակական միավորումների հետ մեկտեղ, մասնավորապես` «միավորման նպատակը Երևանի կենտրոնն ամբողջությամբ հատուկ պահպանման ենթակա գոտի հայտարարելը և ժամանակավորապես նոր շինարարական աշխատանքների թույլատրումը կասեցնելն է»:

Հետաքրքիր է, որ CoChoLab Armenia-յի համահիմնադիր Հասմիկ Թանգյանի էջում կարդում ենք, որ խորեոգրաֆը իրենց ներկայացման նախօրյակին «դիստանցիոն միկրոֆոն» է փնտրում, այն դեպքում, երբ պայմանագրի «Նախահաշվից» տեղեկանում ենք, որ միայն 280.000 դրամ է հատկացվում «6 դինամիկ, 2 միկրոֆոն, 1 վահանակ» մեկ օրով վարձակալելու համար:

Ինչպես տեսնում ենք, կան բազմաթիվ հարցեր, որոնք այդպես էլ պատասխաններ և պարզաբանումներ չեն ստանում համապատասխան մարմնի կողմից: Ոլորտում կան խնդիրներ, որոնք ավելի են խորացել վերջին մեկուկես տարիների ընթացքում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման ընթացքում, սակայն երբ են դրանք լուծում ստանալու, հայտնի չէ:

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը