Քաղաքապետարանը մերժել է Հյուսիսային պողոտայում Սուրբծննդյան տոնավաճառի կազմակերպումը. Մանրամասներ

article-image

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Pascal & Diodato Café-ն, որը 7 տարի շարունակ Հյուսիային պողոտայում կազմակերպել է Ամանորի և Սուրբծննդյան տոնավաճառ, հայտարարություն տարածեց այն մասին, որ իրենց դիմումը նույն վայրում` Հյուսիսային պողոտայում, Ամանորի և Սուրբծննդյան տոնավաճառ կազմակերպելու համար քաղաքապետարանի կողմից մերժվել է:

Հայաստանում Ամանորի և Սուրբծննդյան տոնավաճառ ստեղծելու գաղափարի և ներկայումս առկա իրավիճակի մասին AntiFake.am-ը զրուցել է «Գուրմէ Դուրմէ» ընկերության և «Պասկալ և Դիոդատո» սրճարանի սեփականատեր Պիեռ Բաղդադյանի հետ:

AntiFake.am-ի հետ զրույցում, Պիեռ Բաղդադյանն ասաց, որ երբ նա Ֆրանսիայից, իսկ իր եղբայրը՝ Դիրան Բաղդադյանը Ավստրիայից հայրենադարձեցին Հայաստան, տեսնելով, որ այստեղ Սուրբ Ծնունդը տխուր էր նշվում, և Սուրբծննդյան ուրախ մթնոլորտ չկար, իրենք իրենց Աշտարակում գործող սրճարանի դիմաց 2011թ. դեկտեմբերին 3 տնակ տեղադրեցին և փորձեցին Հայաստանում առաջին Սուրբծննդյան տոնավաճառը կազմակերպել, որն այնքան հաջողված էր, որ աչքի էր ընկել իր բազմամարդությամբ: Այդ ամենն էլ նպաստեց Սուրբծննդյան տոնավաճառը Երևանում կազմակերպելուն:

Քաղաքապետարանից թույլտվություն ստանալով` 2012թ. Հյուսիային պողոտայում հնարավոր եղավ 12 տնակ դնել, որը քաղաքում ձևավորեց նոր մշակույթ, և ամեն տարի Հյուսիսային պողոտայում կազմակերպվեց  Սուրբծննդյան տոնավաճառը, իսկ ժամանակի ընթացքում տնակների թիվը հասավ 50-ի: Պայմանավորված պահանջարկով և քաղաքացիների մեծ հետաքրքությամբ` այս տարի ևս նախատեսվում էր ավելացնել տնակների քանակը, սակայն դեռևս օգոստոս ամսին քաղաքապետարնը մերժել է և թույլտվություն չի տվել Հյուսիսային պողոտայում Սուրբծննդյան տոնավաճառ կազմակերպել: Փոխարենը քաղաքապետարանի կողմից առաջարկվել էր Սուրբծննդյան տոնավաճառը կազմակերպել Վազգեն Սարգսյանի փողոցում՝ Պարոնյան թատրոնի այգու մեջ, որը, ըստ Պիեռ Բաղդադյանի, բիզնես տեսանկյունից «աշխատունակ չէ», քանի որ մարդաշատ չէ, և շրջակայքում խանութներ առկա չեն, և բացի այդ իրենք Սուրբծննդյան տոնավաճառը մշտապես կազմակերպել են Հյուսիսային պողոտայում և քաղաքացիները իրենց մշտապես փնտրել են այդ հասցեում, այդ պատճառով իրենք հրաժարվել են  քաղաքապետարանի՝ Սուրբծննդյան տոնավաճառը Վազգեն Սարգսյանի փողոցում կազմակերպելու առաջարկից: Այս ամենը նաև հանգեցրել է ֆինանսական մեծ վնասների:



Պիեռ Բաղդադյանի փոխացմամբ՝ ամեն ինչ «չոր» ձևով է եղել, քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ հանդիպում պետք է լիներ, որը չի կայացել: Իսկ իրենց Հյուսիսային պողոտայում տարածք չտրամադրելը քաղաքապետարանի կողմից բացատրվել է այդտեղ տոնածառների ցուցահանդեսի կազմակերպմամբ, որը, ըստ Պիեռ Բաղդադյանի, կարելի էր կազմակերպել Հյուսիսային պողոտայի առաջին և վերջին հատվածներում, որոնք ազատ են:

AntiFake.am-ի հետ զրույցում Պիեռ Բաղդադյանը հերքեց համացանցում շրջանառվող այն տեղեկությունը, թե իրենից գումար են պահանջել տեղ հատկացնելու համար՝ ասելով որ ո՛չ նախկին, ո՛չ ներկա իշխանությունները երբևէ գումար չեն պահանջել, և տարածքը մշտապես տրամադրվել է անվճար, իսկ տոնավաճառի արդյունքում գոյացած գումարներից իրենք պետական հարկեր են վճարել:

«Ես չեմ ուզում քաղաքականացնել հարցը, որովհետև, դժբախտաբար, երկիրը բաժանված է սևի ու սպիտակի, իսկ մենք, որ հայրենադարձել ենք, եկել ենք մեր հայրենիքի համար: Երկիրն է, որ մեզ համար կարևոր է: Երկիրը, պետականությունը և ժողովուրդը: Մնացածները այսօր կան, վաղը չկան, բոլորն էլ ինչպես կային, հիմա չկան:  Մենք աշխատում ենք մեր երկրի համար, դրա համար հարենադարձել ենք»- ասում է Պիեռ Բաղդադյանը:

AntiFake.am-ը կապ հաստատեց նաև Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, ով մեզ հետ զրուցում ասաց, որ Սուրբծննդյան տոնավաճառն այս տարի անցկացվելու է Երևանի 2750-ամյակի այգում, իսկ տոնավաճառի կազմակերպման համար լինելու է աճուրդ, և բոլոր տնտեսվարողները, որոնք շահագրգռված և հետաքրքված են դրանում, կարող են մասնակցել աճուրդին: Բացի այդ, քաղաքապետարանի կողմից տրամադրվելու է գույք՝ տնակների տեսքով:

Դեռևս օրեր առաջ Հակոբ Կարապետյանը գրառում էր կատարել և տեղեկացրել, որ մայրաքաղաքում 16 օր շարունակ նախատեսվում է միջոցառումների շարք, որն իր մեջ նաև ներառում էր Սուրբծննդյան տոնավաճառների առկայությունը, որը, Կարապետյանի փոխանցմամբ, այս տարի ի սկզբանե նախատեսված է եղել կազմակերպել Երևանի 2750-ամյակի այգում:

Համեմատության համար նշենք, որ նախկինում Pascal & Diodato Café-ի կողմից կազմակերպված Սուրբծննդյան տոնավաճառը տևել է շուրջ 1 ամիս՝ դեկտեմբերի 5-ից հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում, որը պլանավորվել է օգօստոս-սեպտեմբեր ամիսներից:

Ներկայիս իրավիճակում Ամանորյա միջոցառումները ևս պլանավորվել են մոտավորապես սեպտեմբերից, սակայն տևելու են ընդամենը 16 օր՝ սկսած դեկտեմբերի 21-ից՝ երկրի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունից մինչև հունվարի 6-ը: Սա պետբյուջե մուծվող հարկերի ծավալի տեսանկյունից մտագոհիչ է:

Կարապետյանն իր գրառմամբ նաև տեղեկացրել էր տոնական միջոցառումներին ծախսվելիք գումարի չափը՝ 271,797,000 դրամ, որին գումարվելու է Երեւանի բյուջեով հատկացված շուրջ 54 միլիոնը, որը զգալի չափով գերազանցում է նախորդ տարիների համար կատարված ծախսերը:

Մասնավորապես, ամանորյա միջոցառումների համար պետբյուջեից հատկացված գումարը վերջին 5 տարիներին կազմել է`

  • 2014թ.՝ 113.120.000 ՀՀ դրամ,
  • 2015թ.՝ 136.141.900 ՀՀ դրամ,
  • 2016թ.՝ 157.180.200 ՀՀ դրամ,
  • 2017թ. 192.478.000 ՀՀ դրամ,
  • 2018թ.՝ 222.351.800 ՀՀ դրամ:

Հետաքրքրական է այն հանգամանքը, որ քաղաքապետարանի կողմից Սուրբծննդյան տոնավաճառի աճուրդում հաղթողին քաղաքապետարանը տրամադրելու է տոնավաճառի տնակներ: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչ այս տոնավաճառի տնակները պատկանել են Սուրբծննդյան տոնավաճառների կազմակերպիչ Pascal & Diodato Café-ին` ապա ստացվու՞մ է արդյոք, որ քաղաքապետարանն իր  ամանորյա ծախսերում նաև ներառել է տնակների գնումը:

AntiFake.am-ը հարցումներ է ուղարկել Երևանի քաղաքապետարանին՝ պարզելու, թե ինչի համար է ծախսվելու 325.797.000 դրամը ,և արդյո՞ք այս գումարի մի մասը ծախսվել կամ ծախսվելու է տոնավաճառի տնակների գնման համար, իսկ եթե ոչ, ապա ո՞րտեղից և ի՞նչ միջոցներով է քաղաքապետարանը Սուրբծննդյան տոնավաճառի աճուրդում հաղթողին տրամադրելու այդ տնակները: Հարցման պատասխանները կներկայացնենք առաջիկայում:


Հյուսիսային պողոտայում Սուրբծննդյան տոնավաճառի նախորդ տարիների նկարները

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը